Մականունավորների խորհրդարանը չի կարող կցորդ չլինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով քննարկել սահմանադրական փոփոխությունների «Հայեցակարգում» արձանագրված առանցքային սկզբունքները՝ հարկ է նկատել, որ հենց դրանք են լինելու նոր Սահմանադրության հիմնաքարը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այդօրինակ սկզբունքները գերազանցապես գտնվում են հռչակագրային մակարդակում եւ գործնական դերակատարություն, որպես այդպիսին, չեն կարող ունենալ:

Հիմնական սկզբունքների շարքում «Հայեցակարգի» հեղինակները դնում են մարդու սահմանադրական իրավունքի երաշխավորության հարցը, ինչպես նաեւ՝ սահմանադրական լիազորությունների հարցով ծագած վեճերի հաղթահարման խնդիրը: Բավական է, սակայն, նայել մեր անկախ պետության պատմությանը եւ մտաբերել ներկայիս իրողությունները, որպեսզի ակնբախ լինի վերոնշյալ սկզբունքների իրական բնույթը՝ ձեւականությունը:

Այսպես՝ «Հայեցակարգը» հռչակում է, որ «Սահմանադրական նորմերը ոչ միայն պետք է հռչակեն մարդու սահմանադրական իրավունքը, այլեւ առավելագույնս հստակ սահմանեն դրանց իրացման երաշխիքները, պետության պարտավորությունները, առանձին իրավունքների սահմանափակման թույլատրելի շրջանակները: Մարդու իրավունքները պետք է դիտարկվեն որպես իրագործելի իրավունքներ, իսկ դրանց սահմանափակումները պետք է բխեն միջազգային իրավունքի նորմերից, լինեն համաչափ, չաղավաղեն իրավունքի բովանդակությունն ու իմաստը, հստակ սահմանվեն օրենքով, զուգակցվեն հանրային իշխանության համարժեք պարտականություններով»:

Առաջին հայացքից բառակույտ թվացող սույն սկզբունքը բավականին տարողունակ ու կարեւոր է՝ իր մեջ պարունակող առանցքային դրույթներով հանդերձ: Սակայն երբ այն փորձում ես համատեղել այսօր Հայաստանում տիրող իրավիճակի հետ, մի աններդաշնակ պատկեր է ստեղծվում: «Հայեցակարգը» պնդում է, որ նոր Սահմանադրությանը հաջողվելու է երաշխավորել մարդու իրավունքների իրացումը, որոնց սահմանափակումներն էլ իրենց հերթին պիտի լինեն հիմնավորված ու իրավաչափ:

Ուշագրավ է, որ աշխարհում անհնար է գտնել մի երկիր, որտեղ մարդու իրավունքները երաշխավորվեն լոկ սահմանադրական դրույթներով: Խնդիրն առաջին հերթին այդ դրույթները հարգելուն ու իրացնելուն է վերաբերում: Ահավասիկ, եթե Հայաստանի գործող իշխանությունը ոտնահարում է մարդկանց ամենատարրական իրավունքները, որոնք, ի դեպ, ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ պաշտպանված են, ապա որքանով է իրատեսական, որ նոր Սահմանադրության պարագայում նույնը չի կրկնվի:
Սկզբունքներից հերթականը, որի վրա պետք է խարսխվի ապագայի Սահմանադրությունը, հռչակում է. «Սահմանադրական լիազորությունների հարցում առաջացած վեճերն իրավական լուծման հստակ կառուցակարգեր պետք է ունենան»: Հիրավի, սույն պնդումը միանշանակորեն հիմնավոր է եւ ուղենշում է ժամանակակից պետական համակարգի իրավականացման ճանապարհը:

Պետության մեջ սահմանադրական լիազորությունների հարցում վեճեր են առաջանում այն ժամանակ, երբ իշխանության երեք ճյուղերից՝ գործադիր, օրենսդիր ու դատական, որեւիցե մեկը փորձում է իր իրավասություններն ընդարձակել մյուսի հաշվին: Այս պարագայում գերազանցապես գործ ունենք կառավարման կամ սահմանադրական ճգնաժամի հետ, որի հիմնական մեղավորները լինում են գործադիրն ու օրենսդիրը, մինչդեռ դատական իշխանությունը նորմալ ժողովրդավարական հասարակարգերում արբիտրի՝ իրավարարի դերակատարություն է ստանձնում: Այսօրինակ ճգնաժամեր գերազանցապես տեղի են ունենում նախագահական կառավարման եղանակն ընտրած երկրներում, որտեղ փաստացիորեն պրեզիդենտը իրացնում է գործադիր իշխանությունը, եւ նրա վարչակազմը կարող է դուրս գալ իր լիազորությունների շրջանակներից: Կառավարման այսօրինակ ճգանաժամերի բնօրրանը կարելի է համարել Միացյալ Նահանգները, որտեղ ուժեղ նախագահի պարագայում Կոնգրեսի հետ հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ հարթ չեն: Այս պրակտիկան դրսեւորվել է Է. Ջեքսոնի, Ֆ. Ռուզվելտի, Ռ. Ռեյգանի եւ բազում այլ նախագահների օրոք:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանի պարագայում սահմանադրական լիազորությունների գերազանցություն իշխանության մի ճյուղի կողմից մյուսի հաշվին, դասական իմաստով, տեղի չի ունեցել: Մեզ մոտ թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը խորհրդարանին չեն վերաբերել որպես հավասար ինստիտուտի, այլ այն ընկալել են որպես մի կցորդ մարմին, որը Սահմանադրություն կոչվող մի «անպիտան» փաստաթղթով ինչ-ինչ գործառույթներ է իրականացնում: Հենց այս համատեքստում է պետք հասկանալ Ազգային ժողովը վարկաբեկված մականունավորներով ու թաղային «հեղինակություններով» լցնելու նրանց գործելակերպը: Այս իշխանությունների օրոք սահմանադրական ճգնաժամ չի հարուցվում, եւ այն հաղթահարելու անհրաժեշտություն չի առաջանում միայն ու միայն այն պատճառով, որ իշխանության բաժանման ու զսպումների սկզբունքը արձանագրված է լոկ Սահմանադրության մակարդակում, մինչդեռ քաղաքական հարաբերություններում տիրապետողը հանցաշխարհի մտածողությունն է: Վերջիվերջո, իշխանության ուզուրպացիայի պայմաններում սահմանադրական իրավասությունների վեճերի հաղթահարման կառուցակարգերի բացակայության մասին խոսելն առավելագույնը ծիծաղ կարող է առաջացնել:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս