Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը Nouvelles d’Armenie-ին (մաս I I)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեդա Մավյանը (ՍՄ) “Նուվել դ’Արմենի Մագազին” -ի թղթակիցն է Հայաստանում (“Նուվել դ’Արմենի Մագազինը” հայկական ամենամսյա ամսագիր է, որը լույս է տեսնում Փարիզում, ֆրանսերեն: Նա Ռուբեն Հայրապետյանին (ՌՀ) հանդիպել է Ավանում , 2012-ի օգոսոսի 11-ին, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ գտնվող հանրային լողավազանի մոտ՝ “Հարսնաքար” հյուրանոց-ռեստորանի հետևում, որտեղ տեղի է ունեցել հունիսի 17-ի ողբերգությունը: Հարցազրույցը տևել է մոտ չորս ժամ, որի մեծ մասը ձայնագրվել է: Այս բացառիկ հարցազրույցի մի մասը ֆրանսիական թարգմանությամբ տպագրվել է “Նուվել դ’Արմենի Մագազին”-ի վերջին համարում (n՛188, սեպտեմբեր 2012):
Հաշվի առնելով այս հարցազրույցի բացառիկ բնույթը, “Նուվել դ’Արմենի”-ն որոշել է այն սղագրել հայերեն և ամբողջությամբ հրապարակել իր կայքում՝ հայախոս և, մասնավորապես, հայաստանցի ընթերցողի համար՝ հայկական լրատվամիջոցներին կատարյալ ազատություն ընձեռելով վերատպելու հարցազրույցի այս կամ այն հատվածը, որպեսզի այն հնարավորինս լայն արձագանք ստանա:
Բացի այդ, ՍՄ-ն հույս ունի, որ ընթերցողների արձագանքներն այս հրապարակմանը հնարավորություն կտան ամբողջացնելու կամ շտկումներ մտցնելու ՌՀ-ի՝ մեզ հայտնի կենսագրության մեջ: Նա նաև հույս ունի իր համեստ ներդրումն ունենալ Ավետյանի սպանության որոշ հանգամանքների լուսաբանման գործում:
ՍՄ- Եկեք խոսենք ձեր անվան շուրջ բարձրացած աղմուկների մասին՝ “Բջնիի” պատմությունից սկսած : Ձեզ շատ մեղադրեցին նրա համար, որ գնել էիք 2008-2009 թթ-ին աճուրդի հանված այդ ձեռնարկությունը, որը խլել էին Սուքիասյաններից : Ձեզ վրա ճնշում գործադրե՞լ են, որպեսզի դուք մասնակցեիք աճուրդին:
ՌՀ- Ծիծաղելի է ասել, թե իբր ճնշում է եղել : Ինչպե՞ս կարող եք ճնշման մասին խոսել, երբ ես շատ բարձր գնով եմ գնել այդ ձեռնարկությունը : Դա առևտրական գործարք էր, որն ինձ հնարավորություն պիտի տար նոր եկամուտ ունենալու :
ՍՄ- Չնեղվեցի՞ք այդ պայմաններում ձեռնարկություն գնելուց :
ՌՀ- Ի՞նչ պայմաններում :
ՍՄ- Դուք շատ լավ գիտեք, թե ինչ պայմաններում :
ՌՀ- Ոչ, անկեղծ ասած, չգիտեմ : Ի՞նչ պայմանների մասին եք խոսում :
ՍՄ- Այդ ձեռնարկությունը խլել էին Սուքիասյաններից :
ՌՀ- Ինչպե՞ս թե : Նման բան չի եղել :
ՍՄ- Ուզում եք ասել, որ ԼՏՊ-ի օրոք մարդկանց ունեզրկում էին, հետապնդում, հալածում, բայց Քոչարյանից ի վեր բոլորը սո՞ւրբ են :
ՌՀ- Խաչատուր Սուքիասյանի հանդեպ հարկային տույժ էր կիրառվել :
ՍՄ- Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է մարդու նկատմամբ հարկային տույժ կիրառվում :
ՌՀ- Եվ ինչպե՞ս :
ՍՄ- Կարծոմ եք, այդ հարկային տույժը հիմնավորվա՞ծ էր :
ՌՀ- Քանի որ այդ ընկերությունն ինձ բաժին հասավ, ես ուսումնասիրեցի այդ հարցը և կարող եմ ձեզ ասել, որ ընկերությունը երբեք օրենքին համապատասխան չէր գործել : Եթե համեմատեք Սուքիասյանի և իմ օրոք վճարված հարկերի ծավալը, ինքներդ կհամոզվեք դրանում, այնինչ, ես առայժմ հասել եմ Սուքիասյանի օրոք գոյություն ունեցած վաճառքի ծավալի ընդամենը 60%-ին : Ես ձեզ նույնիսկ հրավիրում եմ “Բջնի” գործարան տեսանյութ դիտելու, որում երևում է, թե գործարանն ինչ վիճակում էր Սուքիասյանի օրոք, թե այսօր ինչ վիճակում է, և համեմատել : Կարող եք նաև աշխատողների հետ զրուցել :
ՍՄ- Դուք պահե՞լ եք նախկին աշխատողներին :
ՌՀ- Բոլորին : Ծայրից ծայր : Եվ արդիականացրել եմ գործարանը՝ եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան :
ՍՄ- Արդիականացման հետևանքով անձնակազմի կրճատում չի՞ եղել :
ՌՀ- Ոչ : Չնայած արտադրական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ եմ ներդրել “Բջնին” օրինակելի գործարան դարձնելու համար, այնուամենայնիվ, ոչ միայն չեմ կրճատել աշխատողների քանակը, այլև ավելացրել եմ՝ հասցնելով 380-ի՝ 100 000 դրամ (200 եվրո) միջին աշխատավարձով : Իսկ Աշխատողների 99%-ը տեղացիներ են, այսինքն՝ չարենցավանցիներ:
ՍՄ- Խոսենք երկրորդ աղմկոտ պատմության մասին, որը կապված էր 2009-ին Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից Արարատի պատկերը հանելու հետ :
ՌՀ- Դա սխալ էր, թյուրիմացություն էր, որի պատճառը հապճեպ, առանց նախնական քննարկման կայացված որոշումն էր : Ես որոշել էի, որ լոգոյի վրա գնդակ պիտի լինի : Բայց չէի հետաքրքրվել, թե գնդակը որտեղ են դնելու, վերևո՞ւմ, ներքևո՞ւմ, թե՞ հենց լոգոյի մեջտեղում :
ՍՄ- Իսկ ինչո՞ւ որոշեցիք լոգոն փոխել :
ՌՀ- Ես լոգոն չեմ փոխել : Այն ժամանակ մարզաշապիկի վրա նկարված էր Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի լոգոն, այնինչ, ըստ օրենքի, հավաքականը պիտի իր սեփական լոգոն ունենա : Այսինքն խնդիրը լոգոն փոխելը չէր, այլ՝ նոր լոգո ստեղծելը : Այդ հանգամանքներում է, որ մենք թույլ տվեցինք այդ սխալը, որի համար բոլորից ներողություն եմ խնդրում : Կարծում եմ, որ ֆուտբոլի ոլորտում դա իմ թույլ տված միակ սխալն է :
ՍՄ- Ուրեմն չգտնվե՞ց գեթ մեկը, որը ձեզ խորհուրդ տար, զգուշացներ, որ սխալ բան եք անում : Դուք այդքան միանձնյա՞ եք ղեկավարում ամեն ինչ :
ՌՀ- Ուրեմն լսեք, մինչև հիմա լռում էի, բայց հիմա արդեն կխոսեմ : Իրոք, այն, ինչ ինձ է պատկանում, ես մենակ եմ կառավարում՝ դրա ենթադրած բոլոր ռիսկերով հանդերձ : Բայց ես ընդունում եմ այդ պատասխանատվությունը : Իսկ ինձ չպատկանող բաների վերաբերյալ միշտ կարծիք եմ հարցնում : Լոգոյի հարցում հենց այդպես եղավ : Ես դիմեցի Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանին, որ նրա կարծիքն իմանայի : Ես ուզում էի գնդակը դնել գոյություն ունեցող լոգոյի տակ, բայց նա ինձ խորհուրդ տվեց լոգոյի մեջտեղում դնել : Ու երբ դրա շուրջ բանավեճ սկսվեց, նա տղամարդկություն չունեցավ ասելու, թե իրականում ինչպես էր եղել դա : Այո, մինչև հիմա ոչինչ չեմ ասել, բայց իրականում այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահն է ինձ խորհուրդ տվել գնդակը լոգոյի մեջտեղում դնել : Ես սխալվել եմ և ընդունում եմ իմ սխալը : Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան իմ սեփականությունը չէ : Դա երկրին, ազգին է պատկանում : Նման ընդհանրական հարցերի վերաբերյալ ազգի, ժողովրդի, հասարակության կարծիքն ինձ համար շատ կարևոր է : Կրկնում եմ, լոգոյի հարցում ես դիմել էի Տիգրան Թորոսյանին՝ Ազգային ժողովի նախագահին :
ՍՄ- Բայց ինչո՞ւ նրան : Նա ի՞նչ կապ ուներ ֆուտբոլի հետ :
ՌՀ- Ազգային ժողովն է օրենքներ ընդունում :
 
ՍՄ- Ուզում եք ասել, որ ազգային հավաքականի մարզաշապիկի լոգոյի հարցն օրենքո ո՞վ է կարգավորվում :
 
ՌՀ- Ազգային ժողովն է ընդունել զինանշանի մասին օրենքը : Դրա համար էլ զանգահարեցի Ազգային ժողովի նախագահին ու նրանից խորհուրդ հարցրեցի, թե արդյոք, ինչպես ռուսական լոգոյում է, իրավունք ունեմ գոյություն ունեցող լոգոյի տակ գնդակ դնելու : Նա ասաց, որ ինձ հետ կզանգի : Իրոք զանգեց և ասաց, որ կարող եմ մեջտեղում դնել:
ՍՄ- Գնդակը մեջտեղում դնելը նշանակում էր, որ Արարատի պատկերը պիտի հանվի : Նա գիտե՞ր դա :
ՌՀ- Կարող եմ հավաստել, որ չգիտեր : Այո, ասում եմ, ես համարում եմ, որ սխալ եմ թույլ տվել : Բայց դա ճակատագրական սխալ չէ, թե չէ պիտի գնանք բոլորով կախվենք Արարատից :
 
ՍՄ- Ինձ լավ հասկացեք, իմ մտահոգությունն այն է, որ մենեջմենտի խնդիր կա : Որոշում կայացնող ամեն ոք, ինչպիսին էլ լինի նրա ոլորտը, տնտեսական, քաղաքական կամ՝ ուրիշ, պիտի մեկ կամ մի քանի խորհրդատու ունենա, որոնք ի վիճակի լինեն նրան ասելու, որ սխալվում է :
ՌՀ- Տեսեք, ես ազգային հավաքականի համար նոր ավտոբուս եմ գնել, իր մարզաշապիկի գույներով և այս ու այս հատկանիշներով : Ինձ բերեցին ավտոբուսը, ես ուսումնասիրեցի : Բայց մի բան կար, որը ցանկացա հանել, որովհետև ինձ դուր չէր գալիս :
 
Ա.Մ.-ն ինձ ասաց, որ իրավացի եմ, ֆեդերացիայի տնօրենը՝ ևս : Ուզում եմ ասել, որ մենք քննարկում ենք հարցերը : Ճիշտ է, իմ մականունը “Նեմեց” է, բայց ես ինձ Հիտլերի պես չեմ պահում : Ցանկացած հարց, որն իմ իրազեկության շրջանակից և մասնագիտական ոլորտից դուրս է, քննարկման է դրվում :
 
ՍՄ- Անդրադառնանք “Երեք օլիգարխները ընդդեմ Հայկական ժամանակի” գործին : Արժե՞ր այդպես պատասխանել 2010-ի հոտեմբերի 14-ին լույս տեսած հոդվածին, նույնիսկ եթե կարելի է ընդունել, որ լրագրողները սխալներ են թույլ տվել : Չե՞ք կարծում, որ զրպարտության համար թերթից 7,5 միլիոն դրամի, այն է՝ մոտ 14 000 եվրոյի հատուցում պահանջելը անհամաչափ միջոց էր :
ՌՀ- Ես ձեզ հետ համաձայն չեմ : Դուք կոնկրետ իմ մասի՞ն եք խոսում :
ՍՄ- Ձեր երեքի մասին :
ՌՀ- Իմ մասին խոսենք, եթե դեմ չեք :
ՍՄ- Բայց դուք միասին էիք :
ՌՀ- Իհարկե միասին էինք :
ՍՄ- Ի՞նչ է նշանակում աստղաբաշխական գումարներ պահանջել թերթից, երբ բոլորս գիտենք, թե տպագիր մամուլն ինչ վիճակում է : Ինձ բացատրեք ձեր տրամաբանությունը :
ՌՀ- Դուք մասնագիտությամբ լրագրող և պատմաբան եք, ճի՞շտ է : Ուրեմն թույլ տվեք ձեր հարցին հարցով պատասխանել : Իմ մասին շատ վատ բաներ են գրում : Դուք հավատո՞ւմ եք, որ ես թմրադեղի առևտրով եմ զբաղվում :
ՍՄ- Ես չգիտեմ, բայց իմ հարցը դրան չէր վերաբերում :
ՌՀ- Մի րոպե. ես կանանց ու զենքի առևտր ո՞վ եմ զբաղվում : Ես այդ մարդուն (ծ.լ., Նիկոլ Փաշինյանին) գրեցի, որ հերքում տպագրի, որովհետև այդ ամենը սուտ է : Նա հրաժարվեց՝ ասելով, թե այդ տեղեկությունն ընդամենը վերցրել է ուրիշ աղբյուրից :
ՍՄ- Այո, Ռուսաստանի հայերի ազգային միաբանության ակումբի նախագահ ոմն Սմբատ Կարախանյանից :
ՌՀ- Ուրեմն թող այդ մարդուց հերքում պահանջեր : Ես չգիտեմ, թե այդ աղբյուրն ինչ էր գրել : Իրականում նման մարդ չկա, դա իրենց գործակալն է : Նման բան գոյություն չունի : Այդ հոդվածից մոտ երկու ամիս առաջ, այդ նույն թերթը տեղեկություն էր տպագրել, թե իբր ծեծել եմ ոստիկանապետին : Ես թերթին գրեցի, որ դա սուտ է, որ իրենք ինձ ուղղակի վարկաբեկում են, և պահանջեցի հերքում տպագրել : Նա հրաժարվեց : Ես էլ դատարան դիմեցի : Ես ձեզ ազնվորեն պատմում եմ այդ ամենը : Դուք ինքներդ դատեք : Ես թերթին դատի տվեցի՝ շատ մեծ՝ առավելագույն գումարը պահանջելով : Բայց դատարանում թերթի ներկայացուցիչն ինձ հաշտություն առաջարկեց : Ես ասացի, որ իմ հայցադիմումը հետ կվերցնեմ, եթե թերթն առաջին էջում երկու տող հերքում տպի : Նա համաձայնեց, և ես վերջ դրեցի դատական ընթացքին : Բայց ՀԺ-ն չկատարեց իր խոստումը և հերքում չտպագրեց : Ոչ միայն հերքում չտպագրեց, այլև շարունակեց նույն ոգով : Հիմա դուք տեղյակ եք երկու պատմություններին : Այդ մարդը (ծ.լ., Նիկոլ Փաշինյան) ինձ վրա հնարավոր ու անհնարին ինչ կեղտ ասես, լցնում է առավոտից մինչև երեկո : Ասացեք խնդրեմ, ես ի՞նչ պիտի անեմ :
ՍՄ- Ձեր ասած այդ առաջին դեպքի վերաբերյալ ապացույցներ ունե՞ք :
 
ՌՀ- Ես դատական բոլոր փաստաթղթերն ունեմ, կարող եմ ձեզ ցույց տալ :
 
ՍՄ- Ուզում եք ասել, որ այս նախադեպից ելնելով՝ որոշեցիք օրաթերթի դեմ խիստ միջոցներ ձեռք առնել, որպեսզի նրան դա՞ս լիներ :
ՌՀ- Ես ձեզ հարց տամ. եթե մտածում եք, որ ես այդպես չպիտի վարվեի, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պիտի անեի :
ՍՄ- Դատարան դիմել, ինչպես որ արել եք, բայց ընդամենը մեկ դրամի խորհրդանշական հատուցում պահանջել :
ՌՀ- Նրանք կվճարեին այդ խորհրդանշական մեկ դրամն ու հաջորդ օրվանից կվերսկսեին նույն բանը :
ՍՄ- “Երեք օլիգարխները ընդդեմ ՀԺ-ի” գործից հետո դուք փոփոխություն նկատե՞լ եք :
 
ՌՀ- Իհարկե, այդ դատավարությունից հետո նրանք իմ մասին էլ ոչ մի սուտ չեն գրել, չհաշված վերջերս նորից սկսել են (ծ.լ. նկատի ունի “Հարսնաքարի”-ից հետո) :
 
ՍՄ- Ձեր ստացած փողն ի՞նչ արեցիք :
ՌՀ- Երևանի մոտերքում գտնվող Խարբերդի մանկատանն եմ հանձնել : Ես գումարը կրկնապատկեցի, և դրանով կարողացան կաթսայատուն կառուցել : Թող Նիկոլ Փաշինյանից մի օգուտ լինի այս երկրին, ժողովրդին : Թույլ տվեք մի բան ավելացնել. ձեզ մոտ ուրիշ է, լրագրողները հարգում են մասնագիտական էթիկայի կանոնները :
 
ՍՄ- Ոչ միշտ…
 
ՌՀ- Ձեզ մոտ չեն հարձակվում մարդու անձնական կյանքի վրա և մարդուն անպատիժ չեն վիրավորում : Դուք չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում էստեղ : Միայն նրա համար, որ ես Լևոնի կողմից չեմ, իմ մասին ամեն տեսակ բամբասանքներ են տարածում : Ձեզ մի բան ասեմ. ես միշտ զզվել եմ ԼՏՊ-ից ու մյուսներից, որոնք գրում են իմ մասին : Անդրանիկ Քոչարյանի (ծ.լ., Պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտի մեկի փաստահավաք խմբի անդամ և մինչև վերջերս Կոնգրեսի վարչության անդամ) հանդեպ ընկերությունից դրդված՝ շատ հարցերում օգնել եմ նրանց : Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանի թերթը փակել էին, ես մի տարի իրեն փող եմ տվել, որ թերթ պահի, չնայած երբեք չեմ ասել դա : Ինչ վերաբերում է Շողեր Մաթևոսյանին, ինչպե՞ս կբացատրեք այն, որ նա “Շոպար” (Chopard) ֆիրմայի ականջօղեր է վերցնում մի մարդուց ու հարձակվում է մեկ ուրիշի վրա՝ պատվերով, դա ազնի՞վ է : Այդ մարդիկ իմ թշնամին դարձան, երբ 2007-2008 թթ հրաժարվեցի աջակցել ԼՏՊ-ին ու ֆինանսավորել նրա ընտրարշավը՝ մի բան, որ ոչ մի դեպքում չէի անի : Նրանք փորձեցին վախեցնել ինձ, բայց ես վախեցողներից չեմ : Անկասկած դրա համար եմ ես “մեղավոր” ու “հանցագործ” : Եվ անկասկած դա է պատճառը, որ նրանք իրենց իրավունք են վերապահում իրենց էջերում ինձ վրա ամեն տեսակ կեղտ լցնելու : Իսկ հիմա անմեղ դիակ են գցում ինձ վրա, առանց իրենք իրենց հարցնելու՝ արդյոք դա արդարացի՞ է : Ես ոչ այդտեղ էի, ոչ էլ տեղյակ էի դրանից, ոչ մի բան : Ինչո՞ւ են անմեղ դիակը գցում ինձ վրա :
ՍՄ- Շատ լավ, եկեք , Հարսնաքարից ե խոսենք : Շատ հարցեր են առաջ գալիս : Նախ և առաջ, դուք եղե՞լ եք այնտեղ, թե՞ ոչ:
ՌՀ- Իհարկե ոչ : Այժմ ես վերանորոգում եմ տունս ու ընտանիքիս հետ այստեղ եմ ապրում :
 
ՍՄ- Որտե՞ղ՝ “այստեղ” :
ՌՀ- Ֆուտբոլի ակադեմիայում, հյուրանոցում … որովհետև տունս վերանորոգման մեջ է (ծ.լ. Ֆուտբոլի ակադեմիան հյուրանոց-ռեստորանից մի քանի տասնյակ մետրի վրա է) :
ՍՄ- Այսինքն դեպքի վայրից մի քանի մետր այն կո՞ղմ :
 
ՌՀ- Մի քանի մետր, տասը մետր, հարյուր հիսուն մետր : Ես էնտեղ չեմ եղել, ես տեղյակ չեմ եղել :
ՍՄ- Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը հարցաքննե՞լ է ձեզ :
ՌՀ- Իհարկե, ինձ երկու անգամ հարցաքննել են :
ՍՄ- Որպես ի՞նչ: Որպես վկա՞: Ո՞րն էր ձեր կարգավիճակը :
 
ՌՀ- Ես վկա չեմ: Ինչպե՞ս կարող էի վկա լինել, եթե տեղում չեմ եղել :
ՍՄ- Այսինքն դուք ոչ վկա եք, ոչ կասկածյա՞լ : Ոչ մի բա՞ն : Ուրեմն դատի ընթացքում դուք ստիպված չե՞ք լինի դատարան ներկայանալ :
ՌՀ- Չգիտեմ : Ես դատավոր չեմ : Դատավորը կարող է որոշել ինձ հրավիրել դատարան : Ես ի՞նչ իմանամ :
ՍՄ- Ասում եք՝ երկու անգամ հարցաքննվել եք : Դա պաշտոնակա՞ն էր, թե՞ ոչ :
ՌՀ- Իհարկե պաշտոնական էր :
ՍՄ- Այսինքն ձեր հարցաքննությունների արձանագրությունները կցվե՞լ են դատական գործին :
ՌՀ- Այո, իհարկե :
ՍՄ- Ձեր թիկնապահները…
ՌՀ- Ես թիկնապահ չունեմ : Նրանք իմ թիկնապահները չեն :
ՍՄ- Դուք թիկնապահ չունե՞ք :
ՌՀ- Իհարկե ոչ :
ՍՄ- Ինչպե՞ս թե : Դա անհնար է :
ՌՀ- Ինչո՞ւ է անհնար :
ՍՄ- Որովհետև բոլորը թիկնապահ ունեն :
ՌՀ- Դուք ո՞ւմ եք ճանաչում :
ՍՄ- Գուցե նրանք ոչ թե “թիկնապահ” պետք է կոչվեն, այլ ուրիշ անունո՞վ :
ՌՀ- Ես ընկերներ ունեմ, որոնք ուղեկցում են ինձ : Իմ աշխատողները միշտ ինձ հետ են :
ՍՄ- Ճշմարտությունն ասեք :
ՌՀ- Ես ճիշտ եմ ասում :
ՍՄ- Այսինքն նրանք ձեր ընկերներն են :
ՌՀ- Այո, իմ մտերիմները, հարազատները, աշխատողները : Նրանք միշտ ինձ հետ են :
ՍՄ- Եթե ճիշտ հասկացա, ձեզ ուղեկցող այդ մարդիկ աշխատանք չունեն, եթե անընդհատ ձեզ հետ են : Սիրով ու թարմ օդո՞վ են ապրում:
ՌՀ- Օրինակ, նա… (ծ.լ., ՌՀ-ն ցույց է տալիս մեր սեղանից քիչ հեռու նստած չորս տղամարդկանցից մեկին) ամսական 20 000-ից 30 000 դոլար է աշխատում : Ես նրան ինչքա՞ն փող պիտի տամ, որ նա որպես թիկնապահ աշխատի ինձ համար : Ինչքա՞ն :
ՍՄ- Կարճ ասած, պնդում եք, թե թիկնապահ չունեք :
ՌՀ- Իհարկե չունեմ : Ես աշխատողներ ունեմ կամ բարեկամներ, որոնք միշտ ինձ հետ են :
ՍՄ- Եվ նրանք այնպիսի եկամուտ ունեն, որ կարող են ամբողջ օրը ձեր կողքին լինել :
ՌՀ- Իհարկե : Ինձ չե՞ք հավատում : Սովորաբար ես չեմ խաբում, ճիշտն եմ ասում : Եվ ասում եմ՝ ոչ մի թիկնապահ չունեմ:
ՍՄ- Անցնենք առաջ :
ՌՀ- Եթե օգնականս արտասահմանում ուղեկցում է ինձ, նա իմ թիկնապա՞հն է :
ՍՄ- Իհարկե ոչ :
ՌՀ- Ցավդ տանեմ, սովորաբար ինձ երկու օգնական է ուղեկցում, մեկը՝ աղջիկ, մյուսը՝ տղա : Ընդամենը երկու հոգի :
ՍՄ- Թույլ տվեք ասել, որ ինձ տարօրինակ է թվում այն, որ ձեզ հինգ մեքենա է ուղեկցում, որոնցում ոչ թե ձեր թիկնապահներն են, ինչը հասկանալի կլիներ, այլ ընդամենը՝ ձեր ընկերները :
ՌՀ- Ֆրանսիայում եղբայրը եղբորը չի այցելում առանց նախապես պայմանավորվելու, ճի՞շտ է, թե չէ : Այո, Ֆրանսիայում առանց զգուշացնելու չեն այցելում իրար : Բայց էստեղ ես կարող եմ ձեզ ինձ հետ տանել հորս ընկերների տուն, կնոջս էլ վերցնել ու գնալ նրանց տանը ճաշելու : Ճիշտ եք ասում, ձեզ մոտ նման բաներ չկան : Ես չեմ կարող ձեզ ապացուցել ասածս: Դուք եկել եք այնպիսի երկրից, որտեղ մարդիկ ուրիշ ապրելակերպ ունեն : Մեզ մոտ էլ ուրիշ է : Ես չեմ կարող մենակ նստել ու ճաշել, անկեղծ եմ ասում : Ես չեմ կարող ընդամենը կնոջս ու աղջկաս հետ սեղան նստել : Պիտի մեր կողքին ամենաքիչը հինգ-վեց հոգի լինի:
ՍՄ- Լավ, վերադառնանք “Հարսնաքարի” դեպքին : Որքան հայտնի է, ռեստորանի աշխատակիցներն են ծեծի ենթարկել հինգ ռազմական բժիշկներին, ինչը ստիպում է կասկածի առնել ռեստորանի աշխատակազմի քաղաքականությունը : Դուք ինչպե՞ս եք նման մարդկանց աշխատանքի ընդունում :
ՌՀ- Ես չեմ աշխատանքի ընդունում :
ՍՄ- Իսկ ո՞վ :
ՌՀ- Այս պահին, երբ ձեզ հետ խոսում եմ, իմ տարբեր հիմնարկներում մոտ հիսուն աշխատողի կարիք ունենք : Մենք հայտարարություն ենք տալիս, մարդիկ արձագանքում են, նրանց հրավիրում ենք հարցազրույցի և ընտրում ենք :
ՍՄ- Ո՞վ է հարցազրույց անցկացնում :
ՌՀ- Տնօրենը :
 
ՍՄ- Իսկ կոնկրետ “Հարսնաքարի” դեպքում ո՞վ է մարդկանց աշխատանքի վերցրել :
ՌՀ- Տնօրենը :
ՍՄ- Ո՞վ է տնօրենը :
ՌՀ- Հրաչ Զոհրաբյանը :
ՍՄ- Դո՞ւք եք նրան աշխատանքի ընդունել որպես տնօրեն, թե՞ ձեր հայրը :
ՌՀ- Հայրս :
ՍՄ- Ինչի՞ հիման վրա է ձեր հայրը նրան տնօրեն նշանակել : Ինչ-որ չափանիշների վրա հիմնվելո՞վ, թե՞ ծանոթ-բարեկամ սկզբունքով :
ՌՀ- Նրան վաղուց էինք ճանաչում, նա վաղուց աշխատում էր այդ համակարգում… Կիևում … նորմալ անձնավորություն է:
ՍՄ- Դուք գիտե՞ք, թե ինչ չափանիշների հիման վրա է Հրաչ Զոհրաբյանը “Հարսնաքարում” աշխատողներին ընտրել :
ՌՀ- Չգիտեմ :
ՍՄ- Ծանոթ-բարեկամ սկզբունքո՞վ :
ՌՀ- Հնարավոր է :
ՍՄ- Արդյո՞ք այդ դժբախտ դեպքը ձեզ ստիպեց մտորել աշխատողների որակի շուրջ և այն մասին, որ նրանք պիտի իրենց ոլորտին համապատասխանող կրթություն ստացած լինեն՝ մատուցողներից սկսած:
ՌՀ- Պատկերացրեք՝ այո : Ես շատ կուզեի, որ մատուցողները կրթված լինեին : Սևանի “Հարսնաքար” հյուրանոցի համար ես վեց մատուցողի ուղարկեցի Իտալիա վերապատրաստման՝ իմ հաշվին, բայց նրանք փախան, հետ չեկան :
ՍՄ- Ուզում եք ասել, որ ձեր աշխատողներին կրթելու ուղղությամբ ձեր ջանքերը մինչ օրս հաջողությամբ չե՞ն պսակվել : Գոնե մի հաջողված դեպք չկա՞ :
ՌՀ- Ոչ : Հայաստանում մատուցողների հարցը շատ լուրջ խնդիր է : Նրանք սովորաբար շատ հեռու են այդ ոլորտից : Դուք լավ չեք ճանաչում մեր իրականությունը : Այստեղ մատուցողները …
ՍՄ- Ուզում եք ասել, որ եթե ձեր մատուցողներին ուղարկեք արտասահման՝ վերապատրաստվելու, կհրաժարվե՞ն :
ՌՀ- Այո, ես պատրաստ եմ ամեն ինչի համար վճարել, բայց նրանք հրաժարվում են սովորել : Կարող եմ ասել, թե ինչու : Մատուցողն օրական հարյուր դոլար թեյավճար է ստանում և եթե մեկնի վերապատրաստման, կզրկվի այդ հարյուր դոլարից: Բայց ամեն դեպքում նրանք չեն ուզում սովորել, հասկացեք դա : Մատուցողներն իսկական փորձանք են :
ՍՄ- Իսկ ձեր մենեջերնե՞րը :
ՌՀ- Մենեջերներս փայլուն են ու կրթված :
ՍՄ- Քանի՞ հոգի են :
ՌՀ- Երեք : Երեքն էլ բարձրագույն կրթություն ունեն :
ՍՄ- Ասացին, թե հունիսի տասնյոթի գործում մի մենեջեր է ներքաշված :
ՌՀ- Մենեջերներից ոչ մեկը կապ չունի այս գործի հետ :
ՍՄ- Այսինքն միայն մատուցողնե՞րն են ներքաշված : Այդ տասնհինգ ծեծողները, որոնց մասին խոսեցին, բոլորը մատուցողնե՞ր են :
ՌՀ- Տասնհինգ հոգի չի եղել :
ՍՄ- Ուզում եք ասել, որ ծեծին մասնակցել է ընդամենը այն վեց հոգին, որոնք այժմ ձերբակալվա՞ծ են, կամ էլ՝ յոթ հոգի, որովհետև մեկն այս ընթացքում ազատ է արձակվել :
ՌՀ- Սկզբում յոթ չի եղել, եղել է երեք հոգի, հետո դարձել է վեց :
ՍՄ- Տուժողների փաստաբանի խոսքերի համաձայն, յոթ հոգու են ձերբակալել : Հետո ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել :
ՌՀ- Սուտ է ասում :
ՍՄ- Ինչո՞ւ պիտի սուտ ասեր :
ՌՀ- Սկզբում երեք հոգու են ձերբակալել, հետո մեկին բաց են թողել, հետո չորս հոգու ձերբակալել են:
ՍՄ- Լավ, ամեն դեպքում, մեծ թիվ է : Ինչպե՞ս եք բացատրում այն, որ ձեր աշխատողներից առնվազն վեց հոգի իրեն այդպես է պահել :
ՌՀ- Դա սարսափելի, զզվելի, հրեշավոր բան է, որ արվել է հրեշների ձեռքով : Ինձ համար դա անհասկանալի է :
ՍՄ- Ամեն դեպքում ակնհայտ է, որ աշխատողների կառավարման շատ լուրջ խնդիր ունեք :
ՌՀ- Իհարկե, իհարկե : Ո՞վ է ասում, թե նման խնդիր չկա :
ՍՄ- Բայց սկզբում դուք հրաժարվում էիք ցանկացած պատասխանատվությունից :
ՌՀ- Բայց ես մենեջերը չեմ, ես սեփականատերն եմ : Դուք ամեն ինչ շփոթում եք : Ինձ լսեք. հինգ օր առաջ Սևանի “Հարսնաքար” հյուրանոցի աշխատակիցներից մեկն իր աշխատանքը թողել էր, գնացել, նստել էր մոտորանավակ՝ այն մոտորանավակներից, որ փուչիկները քաշում են, ու ընկել էր, կողերը ջարդուփշուր էին եղել: Ե՞ս եմ մեղավոր դրա համար : Նա իր գործը թողել է, ինքն այդ ժամանակ ուրիշ գործով պիտի զբաղված լիներ : Ես էլ, Երևանում նստած, ի՞նչ անեի: Պատկերացրեք, այդ տղան մահանար, էլի կասեին, թե իմ մեղքո՞վ է :
 
Շարունակությունը կարդացեք մաս III-ում։




Լրահոս