Սերժ Սարգսյանի խոսքերին հետևեց հակառակորդի խոշոր դիվերսիան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հանրությունը երեկ սահմանից հերթական գույժը ստացավ՝ ադրբեջանական հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի զինյալները հարձակում էին գործել ԼՂՀ պաշտպանական դիրքերի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ: Բռնկված մարտի ընթացքում զոհվել են Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ. ծնված), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ. ծնված) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ. ծնված): Եւս չորս զինծառայողներ վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Իհարկե, պաշտոնական հաղորդագրությունում նշված է նաեւ, որ շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատն ամբողջությամբ ոչնչացվել է, այդ թվում նրանց մի մասին` իրենց իսկ դիրքերի մատույցներում` փախչելիս, բայց միեւնույն է, հակառակորդի` մի քանի անգամ ավել կորուստների մասին լուրը մեր զինվորների կյանքը ետ չի բերի: Հայաստանի զինված ուժերի հրամանատարությունն, ի վերջո, պետք է կարողանա ադրբեջանցիների դիվերսիոն գործողություններն ի սկզբանե կանխել եւ ոչ թե հետեւանքները վերացնել:

Հ.Գ. Ընդամենը մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը արտասահմանցի լրագրողների հարցերին պատասխանելիս ասել էր. «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ սպառազինության որակը չէ: Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»,- ասել էր Սերժ Սարգսյանը: Այս խոսքերին հետեւեց խոշոր դիվերսիան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս