«Լյով, դու իմ ընկերն ես, պարզապես այսօր բացակա». ավագանու անդամ Արմեն Սահակյանը` Երրորդմասցի Լյովիկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 շաբաթ առաջ սպանված քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկի մտերիմ ընկեր,  ավագանի, Արմեն Սահակյանը նամակ է ուղարկել Armlur.am-ին: Վերջինս իր մահացած ընկերոջ մասին իր ապրումներն ու խոհերն է ներկայացրել նամակում: Ա. Սահակյանը ցանկանում է նամակով ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ բոլորը միայն խոսում են Երրոդմասցի Լյովիկի` Լևոն Ղազարյանի (լուսանկարում) քրեական հեղինակություն լինելու մասին, ոչ ոք չի խոսում նրա` ընկեր, հայր, ամուսին տեսակի մասին:

Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Բոլորդ գրում եք քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկի մասին: Ես ուզում եմ խոսել ուղղակի Լևոն ընկերոջ, Լևոն ամուսնու և հոր մասին: Ախր այս դերերում նա այնքան նվիրված էր, այնքան ջերմ ու այնքան անզգույշ, աններելի անզգույշ: Ուզում եմ խռովել քեզանից, ինչու՞ մեր մասին չմտածեցիր: Բայց ախր ինչպես քեզանից նեղանամ, ինքդ քեզ չխնայեցիր: Մտքով կռիվ եմ տալիս հետդ, զայրանում, խորանում մտքերիս մեջ, իրականն ու անիրականը խառնվում են իրար: Աչքերդ ինչպես միշտ փայլում են , արագ-արագ ինչ-որ բան ես խոսում` դեմքիդ արտահայտությունը փոխելով, կարծես արդարանում ես, որ դու մեղավոր չես, որ դու այդպես չէիր ուզում….

Սթափվում եմ` դու չկաս, ինչքան անսպասելի եղավ ամեն ինչ: Ինչու՞: Նորից զգում եմ այս կարոտը, մարմնովս դող անցավ, կարծես հենց նոր հասկացա կատարվածը, նոր հասկացա` որտեղ ես հիմա, ինչ սարսափելի է, մի չար կատակ: Աչքերիս առաջ ժպիտդ է, լի անսահման կյանքով: Ամեն ինչ անվերջ է թվում, նույնիսկ այս անձրևը, թվում է, չի դադարի: «Աշխարհը լաց է լինում»,- մտածեցի ես: «Չէ, անձրևը փորձում է լվանալ մեղավոր հոգիները»,- ժխտեցի ինքս իմ մեջ: Բայց իզուր, մեղքը ձյութի հատկություն ունի, այն կպնում է մարդու հոգուն և սևացնում այն, ոչ մի անձրև չի կարող լվանալ այն: Ամեն ինչ անվերջ է` անձրևը, կարոտը, տառապանքը: Ամեն ինչ, բացի կյանքից, որը վերջանում է անսպասելի:

Արմեն Սահակյան (Ծիտ)

Չէ որ կյանքի հետ զուգահեռ քայլել է միշտ մահը, ինչո՞ւ մարդկությունը չի կարողանում հաշտվել, ընդունել այն: Ինչո՞ւ են մարդիկ այդպես հեռանում, հեռանում են այնպես ասես չեն էլ եղել: Որքան սարսափելի է, ինչու են մարդիկ հեռանում:
Ես ինձ համար հորինել եմ պատասխանը, հորինել եմ ու հավատում եմ, որ կարողանամ ապրել: Նա կյանք էր, սեր էր ու լույս էր: Նա չափից դուրս լավն էր մի քանի հոգունը լինելու համար: Նա գնաց երկինք, որպեսզի այնտեղից ջերմացնի ու լինի բոլորինը:
Հայացքս հառեցի երկնքին: Ես նորից տեսնում եմ նրա ժպիտը, նա անվերջ ժպտում է:

Ընկերս ես քեզ չեմ մեղադրում, գիտեմ, որ դու էլ ես կարոտում, գիտեմ, որ դժվար է առանց ընկերներիդ, առանց կնոջդ: Գիտեմ, որ քեզ չես կարողանում ներել բալիկներիդ աչքերը հավերժ կարոտով թողնելու համար: Իմ սիրելի ընկեր, քո անունն ու կերպարը վառ է, ես քո մասին երբեք անցյալով չեմ խոսելու, դու միշտ ինձ հետ ես: Ակամայից դեմքիս ժպիտ եմ զգում և հասկանում, որ մեկն եմ այն երջանիկներից, ով քեզ ճանաչեց, քո ընկերը եղավ, քեզ հետ սեղան նստեց, դժվարություններ կիսեց, քեզ հետ ապագայի անելիքներ քննարկեց: Լյով, դու իմ ընկերն ես, պարզապես այսօր բացակա…»:

errordmasci lyovik
Լևոն Ղազարյան (Երրորդմասցի Լյովիկ)

 




Լրահոս