Հանցագործության մասին հաղորդում․ ինչ է կատարվում Արագածավանի ՋՈ ծառայության ՔՊ-ական պետի միջադեպի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք արդեն գրել էինք, որ հունիսի 7–ին, ժամը 21:30–ի սահմաններում Արագածավան համայնքի հայտնի ՔՊ–ական, նույն համայնքի կոմունալ ծառայության ղեկավար Սուրեն Թորոսյանը, ով հաճախ է աչքի ընկնում ընդդիմության հասցեին կոշտ, երբեմն՝ բռնության կոչեր պարունակող լայվերով, դաժան ծեծի էր ենթարկել նույն համայնքի բնակիչ Արմեն Սահակյանին։ Իշխանության ներկայացուցիչ Սուրեն Թորոսյանը, ով այժմ քրեական գործով մեղադրյալ է, տուժողին փայտով այնքան էր հարվածել, մինչև փայտը կոտրվել էր գլխին հերթական հարվածից։ Հիշեցնենք, որ տուժող Արմեն Սահակյանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։ Այս ամենից հետո, պարզվում է, մեղադրյալին վերագրել են ընդամենը թեթև մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք, մինչդեռ, ինչպես նշում է փաստաբան Արսեն Բաբայանը, ով այդ քրեական գործով հանդիսանում է տուժողի փաստաբանը, մեղադրանքը չափից չի համապատասխանում կատարված արարքին։ Այս առնչությամբ զրուցել ենք «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արսեն Բաբայանի հետ․

– Դուք բազմիցս հրապարակումներ եք արել այն մասին, որ ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Թորոսյանին վերագրված հանցավոր արարքը չի համապատասխանում իրական արարքին։ Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը։

– Նախ շնորհակալություն եմ հայտնում, որ հենց այս գործով ձեր ներկայացրած լրատվամիջոցը ցուցաբերում է հետևողականություն։ Շնորհակալությունս պայմանավորված է այն հանգամանքով, որ տուժող Արմեն Սահակյանը, որին ես ներկայացնում եմ այդ քրեական գործով, հասարակ ընտանիքից է, աշխատասեր մի երիտասարդ, ով անգամ փաստաբանական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի։ Մինչդեռ այս գործով մեղադրյալը, որն ունի մշտական աշխատանք, վարձատրվում է բնակչության հարկերից, օգտվում է հանրային պաշտպանի գրասենյակի անվճար փաստաբանական ծառայություններից։
Ինչ վերաբերվում է քրեական վարույթին, ապա այստեղ իսկապես աննախադեպ ապօրինություններ են կատարվել։ Այդ ապօրինություններն այնքան շատ են, որ մեկ հարցազրույցում գուցե հնարավոր էլ չլինի անդրադառնալ։ Այնուամենայնիվ կանդրադառնամ դրանցից մի քանիսին։ Նախ եկեք ներկայացնեմ քրեական վարույթի նյութերում առկա փաստական տվյալներին․ ուրեմն Սուրեն Թորոսյանը մեքենայով անցնելիս տեսնում է տուժողին, կանգնում է և վերջինիցս պահանջում, որ նստի մեքենան։ Մերժում ստանալուց հետո իջնում է մեքենայից, իր մոտ եղած գազաբալոնից գազ է փչում տուժողի աչքերին, որի հետևանքով տուժողը կռանում է և սկսում է տրորել աչքերը։ Իսկ այդ ընթացքում Սուրեն Թորոսյանը երկու ձեռքով բռնած փայտով այնքան է հարվածում տուժողին, մինչև հերթական հարվածը գլխին հասնելուց հետո այդ փայտը կտոր–կտոր է լինում։ Դրանից հետո գետնից վերցնում է քար, բղավում, որ «հեսա կտամ․․․», սակայն չի կարողանում քարով հարվածել, քանի որ ականատեսներից մեկը հասցնում է քարը Թորոսյանի ձեռքից խլել։ Դրանից հետո մեղադրյալը նստում է մեքենան և հեռանում։

– Իսկ այդ արարքից ի՞նչ հետևանքներ են առաջանում։

– Փաստացի առաջացած հետևանքը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, թեթև մարմնական վնասվածքն է, սակայն, ինչպես նկատեցիք, ներկայացրածս փաստական տվյալները վկայում են, որ Թորոսյանն ունեցել է լրիվ այլ դիտավորություն։ Առնվազն՝ ոչ թեթև մարմնական վնասվածք պատճառելու։ Իսկ այն դեպքում, եթե նախաքննությունը կատարվեր օրինական՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի, ապա հնարավոր չէր լինի այդքան մեղմ հոդվածով որակել կատարված ենթադրյալ հանցագործությունը։ Նախաքննության, իմ համոզմամբ՝ դիտավորյալ ապականումը ունեցել է նպատակ, որպեսզի մեղադրանքը լինի ամենամեղմը, իսկ անգամ դա՝ հնարավորինս չհիմնավորված։ Այսինքն՝ նախաքննությունը կատարվել է միակողմանի և հօգուտ մեղադրյալի։

– Մենք տեղեկացանք, որ այս գործով նախաքննությունն արդեն ավարտվել է և շուտով պետք է սկսվի դատաքննությունը։ Ի՞նչ պետք է արվեր նախաքննության ընթացքում, որ չի արվել և ինչպես է հնարավոր շտկել այդ սխալները։

– Դուք ճիշտ եք, նախաքննությունն արդեն ավարտվել է։ Իսկ ամբողջ նախաքննությունը տևել է ընդամենը մեկ ամիս և որևէ դեպքում այդպիսի ժամկետում այսպիսի արարքի համար պարզապես անհնարին կլիներ կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն։ Կարծում եմ, որ նախաքննության մարմնին և դատախազությանը ստիպել են արագ–արագ ավարտել գործն ու մեղադրյալի համար լավագույն պայմաններում գործն ուղարկել դատարան։ Ասածումս համոզվելու համար կպատասխանեմ Ձեր հարցի երկրորդ մասին, թե՝ ինչ պետք է արվեր որ չի արվել։ Ուրեմն, նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն գործածվել է հատուկ քիմիական գազ, որի գործածման հետևանքով տուժողը զրկվել է ինքնապաշտպանվելու հնարավորությունից։ Քննիչը որևէ կերպ, բացի մեղադրյալին այդ մասին հարցնելուց և հերքում ստանալուց, չի պարզել, թե արդյո՞ք կիրառվել է այդպիսի գազ։ Իսկ վերջում՝ գազի գործադրման հանգամանքը համարել է ոչ արժանահավատ և չի ընդգրկել մեղադրանքում։ Մինչդեռ, նախաքննության մարմինը պարտավոր էր ձեռնարկեր այնպիսի միջոցներ, որոնք կհաստատեին կամ կհերքեին գազաբալոնի օգտագործումը։ Օրինակ՝ համապատասխան փորձաքննություն նշանակվելու դեպքում ամենայն հավանականությամբ փորձագետը կտար անհրաժեշտ եզրակացությունը։
Բացի դրանից, նախաքննության մարմինը ստանալով տվյալ այն մասին, որ մեղադրյալի և տուժողի միջև ամիսներ առաջ տեղի ունեցել վիճաբանություն, ինչն էլ կարող էր լինել հենց այս դեպքի պատճառը, ուստի՝ դրանով էլ հնարավոր կլիներ գնահատել հանցավորի դիտավորությունը, որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկել պարզելու այդ տվյալի իսկությունը կամ հերքելու այն։ Նախաքննության մարմինը դեպքի հենց հաջորդ օրը ոստիկանությանը տվել է օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն, որում ճշտման համար շատ կարևոր հարցեր է առաջադրել և նշել, որ այդ հարցերի պատասխաններն անհրաժեշտ են նախաքննությունն իրականցնելու համար։ Սակայն չի սպասել ոստիկանության կողմից այդ հանձնարարության կատարմանը և առանց այդ տվյալների ավարտել է նախաքննությունը և գործն ուղարկել դատարան։ Իսկ այդ հանձնարարականով ճշտման համար ներկայացվել են հետևյալ հարցերը․

1) որն է եղել Արմեն Սահակյանի և Սուրեն Թորոսյանի վիճաբանության բուն պատճառը, ինչ գործողություններ են նրանք կատարել դեպքի ընթացքում,
2) ովքեր են մասնակից եղել վիճաբանությանը և ինչ գործողություններ են կատարել,
3) դեպքին հնարավոր ականատես անձանց ինքնությունը, անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով ապահովել նրանց ներկայությունը Թալինի քննչական բաժին,
4) դեպքի վայր հանդիսացող տարածքում տեսանկարահանող սարքեր առկա են, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա՝ որ հասցեներում, ձեռնարկել աշխատանքներ տեսագրությունները վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով,
5) ինչ գործիք կամ միջոց է գործադրվել վիճաբանության ժամանակ,
6) տուժողը ցուցմունքով հայտնել է, որ գյուղացիները դժգոհ են կատարողի գործողություններից՝ պարզել, թե որն է դժգոհության պատճառը, արդյոք կատարողը չարաշահել է իր պաշտոնական դիրքը,
7) կողմերի միջև նախկինում վիճաբանություններ եղել են, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա ինչպես է ավարտվել նախկին վիճաբանությունները, ի՞նչ գործողություններ են կատարվել կողմերի կողմից, ովքեր են մասնակցել և ինչ գործողություններ են կատարել։
Կրկին կարդալով այս հարցերը ակնհայտ է դառնում, որ դրանց պատասխանները էական նշանակություն ունեն նախաքննության համար և անմիջականորեն հենց այդ հարցերի պատասխաններից է կախված, թե ինչ է կատարվել, ինչու է կատարվել, անգամ՝ ինչ կկատարվեր կամ մեղադրյալը ցանկանում էր կատարել, եթե այլ անձինք անկախ մեղադրյալի կամքից չկանխեին դեպքը։
Միայն այսքանն էլ ամբողջապես բավարար է, որպեսզի հիմնավորապես պնդենք, որ նախաքննությունն իրականացվել է առնվազն հանցավոր անփութությամբ։ Իսկ այդ առնչությամբ պատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Քնար Մանուկյան




Լրահոս