Վալերի Օսիպյանի եղբորորդին այսօր կներկայանա Ոստիկանություն. խափանման միջոցը փոխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակում հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուˋ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Վերջինս նշեց` այս պահին խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ այսօր 90 % հավանականությամբ Սեդրակ Օսիպյանը կներկայանա Ոստիկանություն:

Իսկ Սեդրակ Օսիպյանի գործով նշանակված հեռախոսային ձայնագրությունների վերաբերյալ փորձաքննությունների եզրակացությունը գործով քննիչն արդեն ստացել է: Սակայն, թե ինչ է պարզել փորձաքննությունը, փաստաբան Գրիգորյանը մանրամասներ այս պահին չցանկացավ նշել, քանի որ այդ ամենի վերաբերյալ Սեդրակ Օսիպյանը հարցաքննվելու է:

Նշենք, որ ավելի քան 10 ամիս է` Սեդրակ Օսիպյանը հետախուզման մեջ էր գտնվում: Նրա նկատմամբ խափանման միջոց վարույթն իրականացնող մարմինը կալանքն էր նշանակել: Իսկ նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանը Armlur.am-ին բազմիցս ասում էր` երբ ժամանակը գա, իր պաշտպանյալը կներկայանա: Փաստորեն, ժամանակը եկավ այն ժամանակ, երբ փոխոստիկանապետի եղբորորդու խափանման միջոցը փոխվեց: Ի դեպ, անգամ լուրեր էին շրջանառվում, թե Սեդրակ Օսիպյանը հանրապետությունում չէ, ինչը նրա պաշտպանը կտրականապես հերքում էր:

Հիշեցնենք`անցած տարվա հունիսի 2-ին Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը: Ըստ ոստիկանությանˋ դանակահարողը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է: Ավելի ուշ վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասովˋ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության տևական քայքայում: Հանցագործությունը պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Սեդրակ Օսիպյանը հետախուզման մեջ էր գտնվում:




Լրահոս