ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանությունը պատգամավորի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան եւ վճիռ հրապարակել: Բայց պարզվում է՝ պատգամավորն այդ մասին չի իմացել եւ չի պատրաստվում լռել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել է վարչական դատարան` պահանջելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գանձել 25 հազար դրամ: Այս գործով դատավոր Ռոբերտ Սարգսյանը, որը օրերս Սերժ Սարգսյանի հրամանով ազատվել է դատավորի պաշտոնից, 2013թ. դեկտեմբերի 19-ին որոշել է պատգամավորին պարտավորեցնել կատարելու 25 հազար դրամի վճարը եւ հրապարակած որոշումը հենց նույն օրը ուղարկել է պատգամավորին:
Ի դեպ, սա միակ դեպքը չէ, որ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ: Պարզեցինք, որ 2013թ. օգոստոսին ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ դիմել էր դատարան՝ այս անգամ պատգամավորից պահանջելով 50 հազար դրամ:
Այս պատմության մեջ ամենազարմանալի այն է, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տեղյակ չի եղել իր նկատմամբ հարուցված վարույթից ու դատական գործընթացից: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ պատգամավորը չի պատրաստվում լռել եւ համապատասխան քայլերի կդիմի: Ըստ էության, նրան զայրացրել է այն փաստը, թե ինչպես կարող են իր դեմ դատական հայց ներկայացնել եւ այդ մասին տեղյակ չպահել, ավելին՝ ինչպես կարող էր դատարանը վճիռ հրապարակել՝ հաշվի չառնելով պատգամավորի անձեռնմխելիությունը: Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի՝ «Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության: Պատգամավորին չի կարելի ձերբակալել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին»:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը միակ պատգամավորը չէ, որ փորձում է պայքարել դատարանի հրապարակած վճռի դեմ: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 հոկտեմբերի 29-ին գրել էր, 2014թ. փետրվարի 14-ին ճանապարհային ոստիկանությունը Թեւան Պողոսյանի դեմ հայց էր ներկայացրել դատարան, որպեսզի նրանից, հօգուտ ՃՈ-ի, բռնագանձվի 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել եւ պահանջում է վերացնել ոստիկանության` իրեն տուգանելու մասին ակտը: Թեւան Պողոսյանն իր դիրքորոշումը հիմնավորում է այն պնդմամբ, որ ոստիկանությունն իրավունք չուներ իրեն տուգանելու եւ դրա համար պետք է ստանար խորհրդարանի համաձայնությունը: Իսկ ոստիկանությունը պնդում է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար:
Թեւան Պողոսյանի եւ ճանապարհային ոստիկանության վեճը դեռեւս շարունակվում է: Ինչ կորոշի դատարանը, դժվար է ասել: Թերեւս դա կախված կլինի այն հանգամանքից, թե անձեռնմխելի պատգամավորներն ինչքանով կկարողանան աղմկել եւ քաղաքականացնել խնդիրը՝ որպես ՀՀ թիվ մեկ ամբիոնի «ժամանակավոր սեփականատերեր»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԳՈՒՅՔՆ ՈՒ ՊԱՀԱԿԸ

Արմավիր մարզի Նոր Արմավիր համայնքի միակ դպրոցում աղմկալի դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ոստիկանություն են հրավիրվել դպրոցի նախկին եւ ներկա տնօրենները:

Եվ այսպես՝ որտեղից է սկսվել դպրոցի իրարանցումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Նոր Արմավիր համայնքի պահակ, ինչպես նաեւ տնտեսվար Խաչատուր Սարգսյանին հրավիրել են ոստիկանություն: Բանն այն, որ դպրոցի ուսուցիչներից մեկը նկատել է, թե ինչպես պահակ-տնտեսվար Խաչատուրը երեկոյան ուշ ժամի դպրոցի գույքը դպրոցից դուրս է հանել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պահակի այդ գործողությունները նկատել է նաեւ դպրոցի տնօրեն Հերիքնազ Հարությունյանի ամուսինը: Վերջիններս պահակի ապօրինի գործողությունների մասին տեղյակ են պահել ոստիկանությանը: «Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց դպրոցի նախկին տնօրեն Վաչիկ Կարապետյանի հետ: Վերջինս պատմեց, որ մեկ ամիս առաջ իրեն ազատել են դպրոցի տնօրենի պաշտոնից. «Խաչատուր Սարգսյանը մեր դպրոցի տնտեսվարն էր, իսկ մի փոքր ուշ նրան նաեւ պահակի աշխատանք տվեցին: Խաչատուրը սկսեց պահակի սենյակը վերանորոգել եւ իր բնակարանից շկաֆ, տմբուշկա էր բերել: Ավելի ուշ, երբ պահակի սենյակի վերանորոգումը վերջացրեց, իր տան տմբուշկան ու շկաֆը ցանկացել է հետ տանել իր տուն: Ինձ հասած տեղեկություններով՝ մեր դպրոցի նորանշանակ տնօրենի՝ Հերիքնազ Հարությունյանի ամուսինը եւ ուսուցիչներից մեկը երեկոյան գնացել են դպրոցի տարածք եւ տեսել են, թե ինչպես է Խաչատուրը գույքը հանում դպրոցից: Բայց պարզվում է՝ դա դպրոցի գույքը չէ: Հիմա չգիտեմ՝ Խաչատուրն այլ բան տարե՞լ է դպրոցից, թե՞ ոչ, բայց պետք է ասեմ, որ ես 25 տարի աշխատել եմ նրա հետ եւ չեմ պատկերացնում, որ նա կարող էր գնալ այդ քայլին»:
Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենի արդյունքում իրեն եւս, որպես դպրոցի նախկին տնօրեն, հրավիրել են ոստիկանություն. «Չգիտեմ՝ ինչի համար են կանչել, երեւի ուզում են հասկանալ, թե իմ ղեկավարման տարիներին տարօրինակ բան նկատել եմ, կամ արդյո՞ք գողացված ապրանքը դպրոցինն է, թե ոչ, գնամ, կտեսնեմ»:
Նշենք, որ Վաչիկ Կարապետյանին եւս պատահական չեն հեռացրել դպրոցի տնօրենի պաշտոնից: Ինչպես պատմեց մեր զրուցակիցը՝ դպրոցից Արմավիրի մարզպետարան բողոք է ներկայացվել, որ տնօրենը կոծկում է աշխատակիցներից մեկի բացակայությունը.«Ասել էին՝ ուսուցիչը բացակա է եղել, Կարապետյանը ներկա է գրել: Դե, ես պետք է թոշակի գնայի, տեսա, որ անախորժ վիճակ է ստեղծվում, շտապ դիմում տվեցի ու ազատվեցի պաշտոնից, որ անախորժություն չլինի»:
Ինչեւէ, զրուցեցինք նաեւ դպրոցի ներկայիս տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ: Վերջինս ասաց, որ դպրոցի նախկին տնօրենի հետ իրեն եւս հրավիրել են ոստիկանություն. «Մենք պարզել ենք, որ պահակը դպրոցից տարել է իր սեփական գույքը, այլ ոչ թե դպրոցի գույքը, բայց չգիտեմ, թե ով գնացել եւ ոստիկանությունում այլ բան է ներկայացրել, սա թյուրիմացություն է: Ավելին՝ ես էի պահակ Խաչատուր Սարգսյանին հանձնարարել, որ իր գույքը հանի դպրոցից, որպեսզի մենք մեր գույքը հաշվենք»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՀԻՄՔԵՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ
Armlur.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքերով է հայտարարում, որ մինչեւ ապրիլի 24-ը կամ հենց այդ օրը իրենց կարող են ձերբակալել, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներից Գարեգին Չուգասզյանը պատասխանել է. «Այն, ինչ կատարվում է վարչախմբի կողմից, պետական ահաբեկչություն է: Դա նոր չէ. անցած տարվանից սկսեցին մեր մեքենաները հրկիզել, շարժման մասնակիցների վրա հարձակվել, այնուհետեւ 160 հոգանոց ավտոերթի վրա հարձակվել: Դրա համար մենք ոչ մի առիթ չէինք տվել: Մենք բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ այդ ամբողջ հրեշացման գործընթացը, որը կատարվում է մեր նկատմամբ մամուլով, խոսում է այն մասին, որ այդ սցենարի մեջ ուրիշ հնարավոր քայլեր էլ կան»: Armlur.am-ի` իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալության դեպքեր կլինեն: Նրանք սպասում են վերջիններիս կողմից որեւէ սայթաքման: Դրա վառ ապացույցն է Գյումրիի ավտոերթը, որի ժամանակ ավտոերթի մասնակիցներին դիմավորեցին քրեական հեղինակությունները:

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Վրաստանի Տաբածղուրի գյուղի բնակիչները դատի են տվել ՀՀ ԱԺ պատգամավոր ու բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Այվազյանի կազմակերպությանը Վրաստանի բնապահպանության նախարարության տված լիցենզիան, որով Տաբածղուրի լճից ձուկ բռնելու նրանց իրավունքը սահմանափակվում է: «Ժողովուրդ»ը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր այս խնդրին: Արդեն տեղեկացրել ենք, որ 2010թ սեպտեմբերի 2-ից Տաբածղուրի լիճը երկրի էկոնոմիկայի նախարարության կողմից աճուրդով վաճառվել է «Օզերո» ԲԲԸ-ին, որի 90% -ը պատկանում է Վ. Այվազյանին: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը լիճը 20 տարով հանձնել է ընկերության շահագործմանն այն պայմանով, որ լճում պետք է մշտապես ձուկ լինի: Սակայն տեղաբնակները պնդում են, որ ընկերությունը չի կատարում այս պայմանը: Նրանք նշում են, որ Սեւանա լճից 80 տոննա խեցգետին է բերվել եւ բաց թողնվել Տաբածղուրի լիճ, ինչի արդյունքում էլ լճում 13 տեսակ ձուկ է ոչնչացել: Մինչդեռ Այվազյանը հայտարարել է, որ ընդհակառակը՝ 10.000 ձուկ է բաց թողել լիճ:

 

ԲԱՆԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հանդես է եկել Սահմանադրական դատարանին ուղղված կոչով. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունները, լինելով Սահմանադրության կետերին հակասող, վերստին վիճարկվում են սահմանադրական դատարանում: Համաձայն ՍԴ աշխատակարգային որոշման՝ օրենքը վիճարկվելու է ս.թ. մարտի 31-ին: Կարեւորելով գործի հանրային հնչեղությունը` կոչ ենք անում սահմանադրական դատարանին քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով` ապահովելու գործընթացի մատչելիությունը եւ թափանցիկությունը»:

 

ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԻՆՔՆԱՁԻԳԻՑ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը: «Փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «ԸԽհ-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ. Պերմյակովին եւ հայտնաբերվել դեպքի վայրում», – ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

 

ԵՌՅԱԿԸ ԿՀԱՆԴԻՊԻ
Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Վ. Պուտինի, Ն. Նազարբաեւի եւ Ալ. Լուկաշենկոյի հետաձգված հանդիպումը տեղի կունենա առաջիկա ուրբաթ՝ մարտի 20-ին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Դաուրեն Աբաեւը. «Այսօրվա դրությամբ ռուսական եւ բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»: Հիշեցնենք՝ մարտի 12-ին եւ 13-ին Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի հրավերով Աստանայում պետք է կայանար 3 երկրների ղեկավարների հանդիպումը, սակայն հանդիպումից ընդամենը 1 օր առաջ հայտարարվեց դրա հետաձգման մասին: Աբաեւը հետաձգումը բացատրել է «3 պետությունների ղեկավարների խիտ աշխատանքային օրակարգով»:




Լրահոս