«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն` անցած 2014 թվականին էլեկտրական էներգիա արտադրողներին չվճարումները կազմել են 10 միլիարդ 830 միլիոն դրամ, որն ընդհանուր մատակարարված էլէներգիայի արժեքի 8 տոկոսն է կազմում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի կողմից սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի ընդհանուր արժեքը կազմել է 188 միլիարդ 178 միլիոն դրամ, որից 185 միլիարդ 386 միլիոն դրամը, կամ նույն է թե` 99 տոկոսը գանձվել է: Փաստորեն 2014-ին ՀԷՑ-ը ստացել է 135 միլիարդ 381 միլիոն դրամի էլէներգիա, որն իրացնելով փաստացի հավաքագրել է 50 միլիարդով ավել գումար, սակայն, միեւնույն է, էլէներգիա արտադրողների գումարներն ամբողջությամբ չի վճարել:
Իսկ այն փաստը, թե էլէներգիա արտադրող հատկապես որ ընկերությունների գումարներն ՀԷՑ-ն ամբողջությամբ չի վճարել, վկայում է, որ այս ընկերության գործողությունները ուղղված են եղել Հայաստանի տնտեսության դեմ, կամ ավելի կոնկրետ` հիմնական էժան էլէներգիա արտադրողների դեմ: Բանն այն է, որ ՀԷՑ-ը, ասենք, Մեծամորի ՀԱԷԿ-ից ստացել է 29 միլիարդ 528 միլիոն դրամի էլէներգիա, բայց դիմացը վճարել է 27 միլիարդ 575 միլիոն դրամ, այսինքն` շուրջ երկու միլիարդ դրամը կամ մատակարարված ապրանքի 7 տոկոսի արժեքը չի վճարել: «Երեւան ՋԷԿ»-ի պարագայում իրավիճակն ավելի վատ է՝ ՀԷՑ-ին մատակարարվել է 22 միլիարդ 649 միլիոն դրամի էլէներգիա, որի դիմաց նշված ընկերությունը վճարել է 15 միլիարդ 203 միլիոն դրամ, չվճարումը կազմել է ավելի քան 7 միլիարդ դրամ, կամ նույնն է թե՝ 33 տոկոս: «Որոտանի ՀԷԿՀ»-ից ՀԷՑ-ը ստացել է 8 միլիարդ 264 միլիոն դրամի էլէներգիա, իսկ դիմացը վճարել է 6 միլիարդ 879 միլիոն դրամ, չվճարումը կազմել է մոտ մեկուկես միլիարդ դրամ, կամ նույն է թե` 17 տոկոս: Փոխարենը ՀԷՑ-ը 100 տոկոս վճարել է «Հրազդան ՋԷԿ»-ից եւ «Հրազդան 5» ՋԷԿ-ից ստացված էլէներգիայի դիմաց: Նշված երկու ՋԷԿ-երն ամենաթանկ էլէներգիա մատակարարողներն են: Նրանք երկուսն իրար հետ Մեծամորի ՀԱԷԿ-ի չափ էլէներգիա չեն արտադրել. «Հրազդան ՋԷԿ»-ը մատակարարել է 957 մլն/ԿՎտ, իսկ «Հրազդան 5»-ը 857,5 մլն/ԿՎտ էլէներգիա, ընդհանուր` 1814,5 մլն/ԿՎտ, այն դեպքում, երբ միայն ՀԱԷԿ-ն արտադրել է 2464,8 մլն/ԿՎտ էլէներգիա: Ինչպես արդեն նշել ենք՝ ՀԱԷԿ-ին ՀԷՑ-ը պետք է վճարեր 29 միլիարդ 528 միլիոն դրամ, ինչը մասնակի է արել: Փոխարենը «Հրազդան ՋԷԿ»-ին վճարել է 38 միլիարդ 286 միլիոն դրամ, իսկ «Հրազդան 5»-ին՝ 16 միլիարդ 253 միլիոն դրամ: Թվերն ինքնին խոսուն են: Փաստորեն այն էլէներգիա արտադրողները, որոնք ինչպես ՀԷՑ-ը պատկանում է Ռուսաստանին եւ բացի այդ՝ էլէներգիա արտադրելիս օգտագործում են ռուսական գազը, իրենց գումարները ստացել են ամբողջությամբ, իսկ, այսպես ասած, ոչ ռուսական ընկերությունների գումարները, որոնք ոչ միայն ավելի քիչ են եղել, այլ նաեւ ավելի արդյունավետ, մասնակի են վճարվել:
Ինչ է սա, եթե ոչ՝ միտումնավոր վնասարարություն: Իսկ վերջերս ՀՀ ԱԺ-ում փորձում էին հասկանալ, թե ինչպես է ՀԷՑ-ը 300 միլիոն դոլարի պարտք կուտակել. հենց այսպես՝ էժան էլէներգիայի դիմաց չվճարելով ու ռուսական թանկ գազով թանկ էլէներգիայի դիմաց կրկնակի վճարելով: Այնպիսի տպավորություն է, որ ՀԷՑ-ը գործում է լիարժեք անտեր երկրում, որտեղ անգամ իրեն նախագահի տեղ դրածը չի համարձակվում նրանց հակաճառել եւ ասել. «Էս ի՞նչ եք անում, ո՜վ մեր դաշնակից, մենձ ախպեր ջան»:
ՀԷՑ-ի հրապարակած հաշվետվություններից պարզ է դառնում նաեւ, որ Հայաստանում էլէներգիայի ամենամեծ սպառողը բնակչությունն է, որին բաժին է հասնում ընդհանուր սպառվածի 36,1 տոկոսը, իսկ արդյունաբերությանը բաժին է հասնում սպառված էլէներգիայի ընդամենը 23,2 տոկոսը: Այս ցուցանիշը մեր տնտեսությունում առկա ողբերգական վիճակի ամենավառ արտացոլումն է, քանի որ վկայությունն է այն բանի, որ Հայաստանում արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԿԳԱ՞ ՄԱՐՏԻ 31-ԻՆ
Այս օրերին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ու կուսակցության անդամներն անհամբեր սպասում են կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին: Բանն այն է, որ նշված կուսակցության անդամները հույս ունեն, որ Հովհաննիսյանի վերադարձից հետո Սերժ Սարգսյանի հետ Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հանդիպման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը կպարզվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կուսակցությունում զգուշավոր լավատեսություն կա առ այն, որ գոնե մարտի 31-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Հայստանում կլինի, քանի որ այդ օրը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) 20-ամյակին նվիրված միջոցառում է նախատեսված: Կենտրոնը հիմնել է հենց Հովհաննիսյանը, եւ ենթադրվում է, որ նա պետք է մասնակցի այդ միջոցառմանը: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առչնությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից եւ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանից: Սակայն նրանք երկուսն էլ կտրականապես հրաժարվեցին այս խնդրի վերաբերյալ հարցերին պատասխանել՝ ասելով, թե սպասում են Հովհաննիսյանի վերադարձին:
ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ ԵՆ ՊԱՀՈՒՄ
Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գտնվում է հոսպիտալում: Ըստ նույն տեղեկությունների՝ ռազմաբազայի հոսպիտալում հատուկ Պերմյակովի համար նյարդաբանության սենյակ են բացել: Ռազմաբազայի աշխատակիցների խոսքով, որոնց անունները հարգելի պատճառով չենք հրապարակում, նախկինում ռազմաբազայի զինվորների համար նման հատուկ պայմաններ չեն ստեղծվել, եւ բոլոր զինվորականները բժշկական օգնություն են ստացել հավասար պայմաններում: Սակայն Պերմյակովին հոսպիտալում պահում են առանձին եւ հատուկ նրա համար ստեղծված պայմաններում:
ՀՅԴ-Ի ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՅԴ-ն հրապարակել է 2014 թվականի հաշվետվությունը, ըստ որի՝ անցած տարի կուսակցության դրամական միջոցները գոյացել են երկու աղբյուրից` 35 մլն 900 հազարը եղել են անդամավճարները, որոնք գոյացել են 3820 կուսակցականների կատարած մուծումներից, իսկ 4 մլն 370 հազար 400 դրամ էլ կուսակցությունը ստացել է պետբյուջեից: Իսկ կուսակցության ծախսերի պատկերն այսպիսինն է եղել՝ աշխատավարձերի վճարում` 12 մլն 880 հազար 400 դրամ, վարձավճար՝ 3 մլն 965 հազար 500 դրամ, կոմունալ վճարներ` 8 մլն 738 հազար դրամ, կապի համար` 5 մլն 646 հազար 200 դրամ եւ այսպես շարունակ: Նշենք, որ դաշնակցությունը հայտարարագրել է թվով 35 տարածք, որոնց ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմում է 792 մլն 134 հազար 500 դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ գրասենյակները, որոնք փաստորեն պատկանում են ՀՅԴ-ին, այս կուսակցության իշխանական կոալիցիայի անդամ եղած տարիների «ձեռքբերումներից» են:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿՈՆՍՈԼԻԴԱՑՎՈՒՄ ԵՆ
Երեկ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ԿՎ անդամ Գեւորգ Պերկուպերկյանը եւ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն այցելել են ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակ եւ հանդիպել ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: ՍԴՀԿ ներկայացուցիչներն ու Հանրային խորհրդի նախագահը քննարկել են երկրի ներքին եւ արտաքին այժմեական խնդիրները: Նկատենք, որ թե՛ Վազգեն Մանուկյանը, թե՛ ՍԴՀԿ-ն համարվում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքական թիմի մասը, եւ այս հանդիպումը կարելի է գնահատել որպես Տիգրան Սարգսյանի քաղաքական թիմի կոնսոլիդացիային ուղղված զարգացում:
ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորների թիվը կարող է կրճատվել՝ 131-ից դառնալով 75, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դեռ վաղ է համարում մեկնաբանել, քանի որ, ըստ նրա, դա կարող են անել միմիայն սահմանադրության նախագծի պատրաստ լինելուց եւ հրապարակելուց հետո: «Մասնագիտական խումբն իր աշխատանքը պետք է վերջնական ներկայացնի եւ առնվազն լինի այդ նախագիծը, որպեսզի քաղաքական գործիչները, քաղաքական թիմերը տան իրենց գնահատականները»,- tert.am-ին ասել է Սահակյանը:
ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԻ
Հայաստանը՝ որպես պառլամենտական երկիր, կարող է որոշակի հաջողություններ գրանցել ժողովրդավարացման հարցում, այս մասին երեկ ասել է «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումերին: «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն իր համար վերջնական որոշում չունի, թե կառավարման որ ձեւն է ընտրելու, քանի որ երկու նախագիծ է ներկայացվելու Ազգային ժողով, որից մեկը կիսանախագահական մոդելի բարեփոխումներին է վերաբերում»,-ասել է նա` տեղեկացնելով, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում իրենք ներկայացնելու են իրենց առաջնահերթությունները:
ԱՌՑԱՆՑ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայաստանում գործարկվել է արտասահմանյան եւ հայկական տպագիր պարբերականների` տարածաշրջանում առաջին առցանց գրադարանը` Pressinfo.am-ը: Այստեղ ընթերցողը կգտնի ավելի քան 1000 հայկական եւ արտասահմանյան թերթեր ու ամսագրեր եւ կարող է կարդալ ցանկացած պարբերական: Նորաբաց կայքում ներկայացված է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը: Առավոտյան ժամը 7-ին արդեն այստեղ կարելի է գտնել մեր թերթի էլեկտրոնային տարբերակն ու ընթերցել այն:
ԳԱՍՏԻԿԻ ԸՆԿԵՐԸ
Armtimes.com-ի տեղեկություններով՝ այսօր ոստիկանները ապօրինի զենք կրելու, պահելու կասկածանքով ձերբակալել են Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով հետախուզվող Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) մտերիմ ընկերոջը՝ Հարություն Խաչիկյանին (մականունը` Գաբո): ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատել են կայքի տեղեկությունը:
ՈԳԵՎՈՐԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյուրը եւ պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը, դեսպանության ներկայացուցիչներ: Պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ դեսպան Քյուրը նշել է, որ կանադացի գործարարները հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ անելու գործում եւ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ: