Նկարում բերված քարտեզը փակցված է «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում բացված «Քարֆուր» հիպերմարկետի մուտքի մոտ: Քարտեզում մուգ գույնով առանձնացված են Մերձավոր Արեւելքի, Կովկասի եւ Հյուսիսային Աֆրիկայի այն երկրները, որտեղ «Քարֆուր» առեւտրային ցանցի մաս կազմող «Մաջիտ էլ ֆուտեմ» խումբն ունի հիպերմարկետներ եւ սուպերմարկետներ: Ինչպես նկատում եք՝ Հայաստանի քարտեզը պատկերված է առանց Արցախի: Հաշվի առնելով այն փաստը, որ «Քարֆուրն» Ադրբեջանում եւս մասնաճյուղ ունի, ուստի դժվար թե այդ «բացթողումը» միամտության արդյունք լինի: Առավել հավանական է, որ քարտեզը միտումնավոր է այդպես կազմվել, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին չնեղացնեն: Բայց եթե «Քարֆուր»-ում ի վիճակի չեն առկա իրողությունները ներկայացնել այնպես, ինչպես կա, թերեւս ավելի լավ կլինի, եթե նրանք ընդհանրապես հրաժարվեն Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ներկայացնելուց եւ այդ պաստառն իրենց մոտից հանեն: Այդպես ավելի ազնիվ կլինի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ղեկավարությունը իրավապահների առջեւ խնդիր է դրել առաջիկայում մեկուսացնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներին` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ: Ըստ նույն տեղեկությունների՝ իշխանությունները մտադիր են ինչ-որ պատրվակով կալանավորել Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա համախոհներից մի քանիսին ու նրանց անազատության մեջ պահել առնվազն մինչեւ ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումների ավարտը: Իշխանություններն այս կերպ փորձում են խուսափել «100-ամյակն առանց ռեժիմ»-ի նախաձեռնության խոստացած անհնազանդության հնարավոր հետեւանքներից: Նշված նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց իրադարձությունների նման զարգացումները: «Տրամաբանությունը դա է ցույց տալիս, Գյումրիում մեզ համար թակարդ էին լարել, բայց մենք կուլ չգնացինք իրենց թակարդին, թե չէ հենց այդ օրը իրենք մեզ կձերբակալեին»,-ասաց Եղնուկյանը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հրապարակել է իր 2014 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամն օգտագործել է 371 մլն 761 հազ. դրամ, որից 247 մլն 796 հազարը՝ բարեգործական, իսկ մնացածը` հիմնադրամի աշխատակազմի վարձատրության նպատակներով: Տեղեկացնենք, որ գումարները գոյացել է Գագիկ Ծառուկյանի եւ նրան պատկանող ընկերությունների հատկացումներից: Ինչպես հայտնի է՝ ՀՀ օրենսդրությունն արգելում է կուսակցություններին զբաղվել բարեգործությամբ, ավելին՝ բարեգործական հիմնադրամներն էլ քաղաքականության հետ չպետք է կապ ունենան: Բայց Հայաստանում հատկապես իշխանական քաղաքական գործիչները հիմնադրամներ են բացում եւ բարեգործության անվան տակ մարդկանց գումար կամ այլ կարգի օգնություն են բաժանում, որպեսզի ընտրությունների ժամանակ իրենց «ներդրածը» քվեների տեսքով ետ ստանան: Ուստի անչափ հետաքրքիր կլինեն վերը նշված հիմնադրամի հաջորդ տարի հրապարակվելիք տվյալները: Ինչպես հայտնի է՝ Ծառուկյանն այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում:
Մարտի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, իրավապահները Ավան-Առինջից բերման են ենթարկել, իսկ ավելի ուշ ձերբակալել Կարեն Երեմյանին` մականունը Թիզ: Նրան են պատկանում Ավանում գտնվող «Միլենա» տաքսի ծառայությունը, ինչպես նաեւ՝ «Նոր զովք» սուպերմարկետները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Երեմյանի ձերբակալությունը կապված է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում տեղի ունեցած քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ: Ավելի կոնկրետ՝ ձերբակալվածը Երրորդմասցի Լյովիկի սպանությունը կատարելու կասկածանքով հետախուզվող Գաստիկ մականունով քրեական հեղինակության ընկերներից է: Ի դեպ, Կարեն Երեմյանը Երեւանի ավագանու՝ ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է: Կարեն Երեմյանն անցած տարվա օգոստոսի 20-ին դաժան ծեծի էր ենթարկվել, բայց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քրգործը դեկտեմբերին կասեցվել է` հանցագործների հայտնի չլինելու հիմնավորմամբ: Ստացվում է, որ տուժողն այդպես էլ չի ասել, թե իրեն ովքեր են ծեծել: Գուցե վախեցել է:
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա-ֆորումում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի, ապա դրան հետեւած հարցուպատասխանի ընթացքում մի քանի խիստ ուշագրավ հայտարարություններ հնչեցին ինչպես Հայաստանի արտաքին, այնպես էլ ներքին խնդիրների շուրջ:
Սարգսյանի ամենաուշագրավ անդրադարձը, սակայն, վերաբերում էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շարունակական գործընթացին: Պատասխանելով այդ մասին մոսկովյան պարբերականներից մեկի լրագրողի հարցին` Սերժ Սարգսյանը նախ` հիշեցրեց ՀՀ եւ ՌԴ միջեւ «Բարեկամության եւ փոխադարձ օգնության պայմանագրի» եւ ՀԱՊԿ շրջանակներում ունեցած դաշնակցային հարաբերությունների մասին, ապա նշեց.«Այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:
Պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն աննախադեպ էր` տոնայնության առումով: Իհարկե, նախորդ տարի արգենտինական պարբերականներից մեկին տված հարցազրույցում նա արդեն իսկ հայտնել էր իր մտահոգությունը ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, սակայն երեկվա հայտարարությունը միանգամայն այլ քաղաքական որակ ունի նախ եւ առաջ այն առումով, որ դա ասվել էր հենց հարցի հասցեատիրոջ` ռուսական լրատվամիջոցի ներկայացուցչին, եւ ասվել էր բավական վճռական` «պրոբլեմը պետք է լուծում ստանա» ձեւակերպմամբ: Էլ չասած այն կարեւոր հանգամանքի մասին, որ այդ հայտարարությունն արվել էր արտերկրի մի քանի տասնյակ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:
Սրանից շուրջ մեկ ամիս առաջ էլ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ ռուսական գործակալություններից մեկին տված հարցազրույցում իր անթաքույց դժգոհությունն էր հայտնել նաեւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը` կոչ անելով Ռուսաստանին հաշվի առնել նաեւ իր ռազմավարական գործընկերոջ շահերը, իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ օրերս այդ հարցով իր մտահոգությունն էր բարձրաձայնել սլովենական պարբերականի հետ զրույցում: Եվ եթե հիշում ենք, թե այս խնդրի հետ կապված ընդամենը մեկ կամ երկու տարի առաջ ինչպիսի գնահատականներ էին հնչեցնում նույն Ս. Օհանյանը կամ Է. Նալբանդյանը, ու համադրում նրանց վերջին հայտարարությունների, առավել եւս` Ս. Սարգսյանի երեկվա հայտարարության հետ, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը Ռուսաստանի պահվածքից մտահոգվելու նոր, գուցե դեռ հանրությանն անհայտ լրջագույն պատճառ ունի: