«Քարֆուր»-ը «քանդում» է հայ գործարարների տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան կենցաղային տեխնիկա ներմուծող տնտեսվարողներն անհանգստություն ունեն, որ «Քարֆուր»-ի Հայաստան գալով իրենց արտադրանքի վաճառքի ծավալները կնվազեն: Նրանց պնդմամբ՝ «Քարֆուր»-ում էլեկտրական տեխնիկան ավելի էժան գնով է վաճառվում, քան իրենց կողմից ներմուծվածը: Բացի այս՝ վերջին մի քանի ամիսներին մարդկանց գնողունակության անկման հետեւանքով էլեկտրական տեխնիկայի, կենցաղային իրերի շատ խանութներ կա՛մ փակվում են, կա՛մ էլ սնանկանում:

Էլեկտրական տեխնիկայի եւ կենցաղային իրերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք ապրանքը տարբեր երկրներից են ներկրում եւ, բնականաբար, մաքսազերծումն էլ տարբեր գներով է իրականացվում: Մինչդեռ «Քարֆուր»-ը ներմուծում է միայն Ֆրանսիայից, ինչի պատճառով էլ ավելի հեշտ է մաքսազերծումն իրականացնում: Ըստ շրջանառվող լուրերի՝ մաքսազերծման հարցում հաշվի է առնվում նաեւ «Քարֆուր»-ի թիկունքում կանգնած հայտնի բարձրաստիճան պաշտոնյաների առկայությունը: «Ժողովուրդ»-ին դիմած տնտեսվարողներն անհանգստացած են (առայժմ չենք հրապարակում նրանց անունները), քանի որ համոզված են, որ շուտով «Քարֆուր»-ը կփոխի իր ներկայիս քաղաքականությունը եւ անմիջապես կէժանացնի կենցաղային իրերի եւ էլեկտրական տեխնիկայի գները: Տեղացի գործարարները մտավախություն ունեն, որ դրա արդյունքում ավելի կթուլանա առանց այն էլ սակավ առեւտուրը, իսկ իրացման ծավալները է՛լ ավելի կնվազեն:

«Ժողովուրդ»-ը շրջեց խանութներով եւ փորձեց հասկանալ, թե իրականում որն է խնդիրը: Շրջայցի արդյունքում պարզեցինք, որ «Քարֆուր»-ում վաճառվող էլեկտրական տեխնիկայի եւ կենցաղային իրերի գները շատ ավելի էժան չեն, քան տեղի խանութներում եւ վաճառքի կետերում: Բայց «Քարֆուր» հիպերմարկետում հաճախակի ակցիաներ են լինում ոչ միայն սննդամթերքի, հագուստի, այլեւ կենցաղային իրերի, էլեկտրական տեխնիկայի մասով, եւ այս դեպքում գնային տարբերությունը զգալի թիվ է կազմում: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Քարֆուր»-ի տնօրինության հետ, սակայն ապարդյուն, քանի որ համացանցում առկա հեռախոսահամարին ոչ ոք չպատասխանեց:

Բացի այս խնդրից՝ էլեկտրական տեխնիկայի վաճառքով եւ ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են, որ վերջին մի քանի ամիսներին էլեկտրական տեխնիկայի առեւտուրն ավելի է թուլացել: Նրանց համոզմամբ՝ պատճառը մարդկանց գնողունակության անկումն է:

«Զոդիակ» էլեկտրական տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության աշխատակիցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ «Քարֆուր»-ը չի կարող էլեկտրական տեխնիկայի տեղական շուկայում ազդեցիկ դեր ունենալ: «Միայն նեղ, սահմանափակ հատվածի համար: Բայց մեր հայրենակիցները սովորություն ունեն սառնարանը համեմատել սառնարանի հետ, իրենք խորը չեն ուսումնասիրում մոդելները, ֆիրմաները: Միայն գինն են հաշվի առնում»,- լրացրեց «Զոդիակ»-ի աշխատակիցը՝ ընդգծելով, որ վերջին մի քանի ամիսներին առեւտուրը թուլացել է: Նրա խոսքով, այս ընթացքում մարդկանց մեծ մասը «վախենում է» կանխիկ գումարով էլեկտրական տեխնիկա գնել: Իսկ, ահա, «Զիգզագ» ընկերությունից նշեցին. «Դա իրենց ներքին քաղաքականությունն է, եւ ով ինչ գնով ցանկանում է, վաճառում է»:

«Վենուս էլեկտրոնիկս» խանութի տնօրենը եւս, ով ներկայացավ Մելսիկ, «Ժողովուրդ»-ին վրդովված տոնով փոխանցեց. «Սա Հայաստանն է, եւ ով ինչ գնով ցանկանում է, մաքսազերծում է եւ ապրանքը ներմուծում»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին պայմանագրով Հայաստանի համար որոշ բացառությունններ են արվել, եւ մոտ 800 ապրանքատեսակների մասով առայժմ գինը չի բարձրանա: Սակայն այդ 800 ապրանքատեսակների մեջ չեն մտնում կենցաղային իրերը, տեխնիկան, կահույքը, հագուստը եւ բջջային հեռախոսները: Այնպես որ, կենցաղային եւ էլեկտրական տեխնիկայի շուկայում նոր փոփոխություններն անխուսափելի են:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 16-ին սնանկ ճանաչվեց «ՋԻ ԷՍ ԷՄ ընդ էլեկտրոնիկս» ընկերությունը: Իսկ ավելի վաղ նույն ճակատագրին էր արժանացել նաեւ «Էլաննա էլետրոնիկս» ընկերությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս