ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԹԻՄԻՆ ՄԻՆՉ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որում նշված էր. «Որքան մոտենում է սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին հեռացնելու գործընթացի մեկնարկի ժամկետը՝ 2015 թ. ապրիլի 24-ը, այնքան նրա հանցավոր գործողություններն ավելի վայրագ ու զանգվածային են դառնում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման նկատմամբ»:

«Փաստորեն ռեժիմը, անտեսելով մեր առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները, ընտրել է ամեն գնով` անգամ երկիրը ցնցումների տանելու միջոցով, իր հանցավոր ու մահաբեր կառավարումը երկարաձգելու ճանապարհը: Ռեժիմն այլ ելք չի տեսնում, քանի որ Շարժման ծրագիրը եւ դրա իրականացման համար նախատեսվող քաղաքացիական անհնազանդության գործողությունները միանգամայն իրավաչափ են»,-ասված էր հայտարարությունում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի հետ՝ պարզելու համար, թե առաջիկայում ի՞նչ քայլեր են պատրաստվում անել, որոնք, ըստ իրենց, «անհանգստացնում» են ՀՀ իշխանություններին:
-Պարո՛ն Եղնուկյան, իշխանությունների կողմից ի՞նչ հանցավոր գործողությունների մասին է խոսքը, ի՞նչ է այս օրերին տեղի ունեցել, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը հանդես է եկել նման հայտարարությամբ: Առաջիկայում Ձեր կողմից նախատեսված ինչպիսի կոնկրետ քայլեր կան, որոնք «վախեցնում» են իշխանություններին:
-Մեր քայլերը նրանք են, որ մենք պետք է բացահայտենք նրանց սադրիչ գործողությունները: Ռեժիմը կրկնելով նախաբերձօրյան օրերը՝ փորձում է հրեշացնել «Հիմնադիր խորհրդարան»-ին եւ «100-ամյակն առանց ռեժիմ»-ին: Ու այս ընթացքում փորձում են սուտ լուրեր տարածել ու դա անում են, այսպես ասած, երրորդ անձանց բերանից, իբրեւ թե օտարերկրյա ԱԱԾ-ները հետաքրքրվել են, թե ապրիլի 24-ին ինչ է լինելու, ու նման տեղեկություններ են տարածում, որը հրեշացման պրոցես է: Տարբեր անձինք ֆեյսբուքյան էջերով իմ անձի նկատմամբ տարբեր հարձակումներ են իրականացնում, ստեղծում են ֆեյսբուքյան էջ «100-ամյակն առանց Ժիրայր Սէֆիլյանի», նման բամբասանքներ, զրպարտություններ են տարածում: Օրինակ՝ իմ պատկերով ինչ-որ նկար են սարքել, որտեղ ես իբրեւ թե ադրբեջանական զինվորական եմ, ներքին գործերի պաշտոնյա եմ: Սրանք հին մեթոդներ են, թե ինչպես կարելի է մարդկանց հրեշացնել: Հիմա իրենք այդ հրեշացման պրոցեսի մեջ են, ու նաեւ ընդհանուր հրեշացում է գնում շարժման հետ կապված: Մենք այլեւս չգիտենք՝ ինչպես բացահայտ ներկայացնենք, որ մենք խաժումուժ չենք անելու, մենք խլրտումների չենք գնում, մենք սադրանքների չենք գնում, հակառակը՝ մենք ուզում ենք խուսափել այդ ամենից, չենք հրահրում բռնություն, երբեւիցե նման կոչ չի էլ արվել:
-Բայց «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անվանումն ինքնին նշանակում է, որ փորձ է արվում «ազատվել» ՀՀ իշխանություններից, ինչի պատճառով էլ Ձեր նշած «ռեժիմը» նման քայլերի է դիմում: Ձեր նպատակը իշխանություններից «ազատվե՞լը» չէ:
-Մենք ասել ենք, որ ապրիլի 24-ին մասնակցելու ենք բոլոր այն միջոցառումներին, որոնք նախատեսված են, մեր վիշտն ենք հայտնելու ժողովրդին, ինչպես որ բոլորն են անում: Եթե ասում ենք՝ 100-ամյակն առանց այս ռեժիմի, ապա 100-ամյակն ամբողջ 2015 թվականն է, ու ոչ թե միայն ապրիլի 24-ը: Բայց դա իրենք ուզում են ներկայացնել կոնտեքստից դուրս ու այնպես, թե մենք ուզում ենք հենց ապրիլի 24-ին գնալ ու մեր ժողովրդի վիշտն այդ օրը հարամ անել, այդպիսի բան չկա: Ինչը որ իրենք են ուզում ներկայացնել, իրականության հետ կապ չունի: Մենք ասում ենք, որ ապրիլի 24-ը մեր գործընթացի սկիզբն է լինելու, եթե մենք նայենք փաստացի, ապա մենք արդեն անհնազանդության առաջին ակցիայի մասին մեկ շաբաթ առաջ ենք հայտարարել՝ տուգանքները չվճարել, որը հենց այդ անհնազանդության քայլերից մեկն է: Քաղաքացիական անհնազանդություն չի նշանակում, որեւիցե ուրիշ բան, դա ունի խաղաղ բնույթ: Բայց եթե իշխանությունները հիմա հող են նախապատրաստում, որպեսզի մեզ հրեշացնեն, դա անում են նրա համար, որ մեր նկատմամբ բռնությունները «արդարացված» լինեն: Բայց իրենք դա չեն կարող անել, նույն Բերձորում իրենք չկարողացան ապացուցել, թե մենք ինչ-որ սադրանք ենք իրականացրել: Ցույց տվեք մի կադր, որտեղ 150-ից գոնե մի հոգին ոստիկանին վատ խոսք է ասել, հարվածել է, կամ հրել է, չկա նման բան:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ ապրիլի 24-ը իշխանությունները պատրաստվում են կալանավորել «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ «100-ամյակն առանց ռեժիմ»-ի նախաձեռնության անդամներին` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք իշխանությունը նման քայլի կդիմի:
-Մենք նման տեղեկատվության չենք տիրապետում, բայց մենք հասկանում ենք, որ իրենց գործողությունները, այս ամբողջ սադրանքները, որ իրենք կազմակերպում են, այս ամբողջ զրպարտությունները, որ իրենք տարծում են իրենց ԶԼՄ-ների միջոցով, հենց այդ նպատակով են, այդ ամենը փաստում է նրա մասին, ինչը որ Դուք ասացիք: Տրամաբանությունը դա է ցույց տալիս, իրենց կատարած քայլերը Բերձորում եւ Գյումրիում դա են ցույց տալիս: Գյումրիում մեզ համար թակարդ էին լարել, բայց մենք կուլ չգնացինք իրենց թակարդին, թե չէ հենց այդ օրը իրենք մեզ կձերբակալեին: Իրենց պետք է մի պատրվակ, որի հիման վրա կալանավորեն նախաձեռնության անդամներին: Մենք պետք է մինչեւ ապրիլի 24-ը անենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք իրենց այդ ծուղակներից: Մենք պետք է առիթ չտանք իրենց, որպեսզի մեզ ձերբակալեն որեւիցե մի պատրվակով, բայց որեւէ երաշխիք չկա, որ իրենք առանց պատրվակի կարող են դա անել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Երեկ ԱԺ-ում շարունակվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը: Նիստի ավարտից հետո հյուրերն ԱԺ բակում ծառ են տնկել, լուսանկարվել ու հեռացել:

Եվրանեսթ ԽՎ-ի նիստի ժամանակ մասնակիցները քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցերը: Զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Գլխավոր հանձնակատարը, անդրադառնալով հարեւանության քաղաքականությանը, նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է գործընկեր լինել Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ ճանաչելով եւ պաշտպանելով յուրաքանչյուր երկրի ուրույն քաղաքականությունը:
Անդրադառնալով Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությանը՝ Յոհաննես Հանը նշել է, որ ԵՄ-ը պատրաստ է հետագայում եւս համագործակցել Հայաստանի հետ, շարունակել աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների ուղղությամբ: Յոհաննես Հանի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները եւ պատրաստ է շարունակելու այն:
ՀՀ ԱԺ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ բոլոր դիտարկումները, որոնք հնչել են նիստի ժամանակ, հաշվի կառնվեն հետագայում, եւ կշարունակվի Արեւելյան գործընկերության ինտեգրմանն ուղղված քաղաքականության մշակումը: Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի համար միշտ էլ կարեւոր է եղել ԵՄ-ի հետ համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունը:
Իսկ Եվրանեսթ ԽՎ համանախագահ Բորիս Տարասյուկը տեղեկացրեց՝ քանի որ Ուկրաինայի պատվիրակության համանախագահությունն ավարտվում է, միաձայն որոշվել է, որ համանախագահությունը կփոխանցվի Վրաստանը ներկայացնող Վիկտոր Դոլիձեին: Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան, ինչպես նաեւ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Բորիս Տարասյուկին համանախագահության շրջանակում արդյունավետ աշխատանքի համար ու ավարտեցին Եվրանեսթ ԽՎ չորրորդ լիագումար նիստի աշխատանքները:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 
«ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱՆ» ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է «Էյր Արմենիա» ավիաընկերությանը: «ժողովուրդ»-ը պարզեց, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն մաքսայինում հայտարարագրել է «ԱՆ-12» ինքնաթիռի տուրբոպտուտակավոր օգտագործված շարժիչ, որը սահմանված ժամանակում չի վերաարտահանվել եւ ոչ էլ հանձնվել է մաքսային մարմինների պահպանությանը: Արդյունքում, «Էյր Արմենիա»-ի տնօրեն Արսեն Ավետիսյանի նկատմամբ մաքսային կանոնները խախտելու ակտ է կազմվել, որի համաձայն նա տուգանվել է 127 հազար 842 դրամի չափով: Հիշեցնենք, որ նշված ավիաընկերությունը, որը անցած տարվա սկզբից սկսեց ուղեւորափոխադրումներ իրականացնել, հոկտեմբերին դադարեցրեց կանոնավոր չվերթներ իրականացնել: Դեռեւս հայտնի չէ, թե «Էյր Արմենիան» երբ կվերսկսի չվերթներ իրականացնել եւ արդյոք ընդհանրապես կվերսկսի:

 

ԻՐԵՆՔ ԷԼ ԳՆԱՑԻՆ ՏՆԵՐՈՎ
Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել է՝ երեկ «Ազատամարտիկների դաշինք»-ը նիստ է անցկացրել: Դրանից հետո ազատամարտիկները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները հասցրին մի հանգրվանի, որում քաղաքական կուսակցությունները դադար առնելու եւ տեղի ունեցածը գնահատելու անհրաժեշտություն ունեն: Ոչ իշխանական դաշտում այս օրերին ընթացող վերադասավորումները նոր իրավիճակում գործելու նախապատրաստություն են ենթադրում»: Հայտարարության համաձայն՝ «Ազատամարտիկների դաշինքը» վերահաստատում է, որ իր գերագույն նպատակն է ունենալ հզոր, արտաքին մարտահրավերներին դիմակայելու պատրաստ եւ ժողովրդավարական Հայաստան: «Ազատամարտիկների դաշինքը, հավատարիմ լինելով իր որդեգրած նպատակներին, միաժամանակ հայտարարում է, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ավարտը զբաղված է լինելու ներքին կազմակերպչական աշխատանքներով»,- նշված է հայտարարությունում:

 

ԾԵԾ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Երեկ Վանաձորի մարզադաշտերից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 47-ամյա մի տաղամարդ: Վերջինս աչքի, մեջքի, ինչպես նաւ մարմնի տարբեր մասերում վնասվածք է ունեցել: Ավելի ուշ ոստիկանները բերման են ենթարկել 27-ամյա ոմն Արմենի: Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը սկսվել է խաղի ընթացքում ծագած անհամաձայնության արդյունքում: Իսկ թե ինչ սպորտաձեւով են տղամարդիկ զբաղվել, որն արյունալի հետեւանքներ է ունեցել, մեզ չհաջողվեց պարզել:




Լրահոս