ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը մտադիր է Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերում, այսպես կոչված, համայնքների խոշորացման փորձնական ծրագրեր իրագործել: Մասնավորապես, ՀՀ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստում ընդգրկված են վերը նշված երեք մարզերի ընդհանուր 22 համայնքներում այս տարվա մայիսի 17-ին տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումների նախագծերը:

Նախագծերից մեկով նախատեսվում է տեղական հանրաքվե նշանակել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր համայնքները Թումանյան քաղաքի կազմում միավորելու հարցով: Մյուս նախագիծը վերաբերում է Սյունիքի մարզում հանրաքվե անցկացնելուն՝ Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքները Շինուհայրի կազմում միավորելու նպատակով: Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքներն առաջարկում են միավորել Դիլիջանի կազմում:
Որոշման նախագծերին կից հիմնավորումներում, որպես համայնքների միավորման փաստարկներ, բերված են համայնքների խոշորացման ծրագրին վերաբերող իրավական ակտերը: Իսկ ինչո՞ւ է այդ հարցը քննարկման առարկա դարձել, ի՞նչ խնդիր է ցանկանում այսպիսով լուծել Կառավարությունը. նման հարցերն ու դրանց պատասխանները բացակայում են: Ավելին՝ Հայաստանի պաշտոնյաները, որոնք առնչություն ունեն համայնքների խոշորացման ծրագրին, սովորաբար չեն անդրադառնում այն հարցին, թե այդ գաղափարը որտեղից է ի հայտ եկել:
Տեղեկացնենք, որ այդ գաղափարն ի հայտ է եկել այն պահից, երբ այլեւս ակնհայտ է դարձել, որ Հայաստանի մարզերի մի շարք գյուղեր բնակչության արտագաղթի պատճառով դատարկվել են եւ շուտով «կմեռնեն»: Արդյունքում, դատարկված գյուղերը նույնիսկ իրենց տարրական խնդիրներն ի վիճակի չեն ինքնուրույն լուծելու: Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ Կառավարությունը գործում է Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա ենթադրվում է, որ նրա որոշման նպատակը պետք է լինի նպաստել համայնքների զարգացմանը: Սակայն գործադիրը իր այս նախագծով առավել բարդացնում է առանց այդ էլ սակավաթիվ գյուղաբնակների կյանքը:
Օրինակ՝ Թումանյան քաղաքի հետ միավորվող գյուղերը, պարզվում է, իրենց ապագա շրջկենտրոնի հետ ուղիղ ճանապարհային կապ անգամ չունեն: Գրեթե նույն իրավիճակն է տիրում նաեւ Տավուշի միավորվող գյուղերի պարագայում, միայն մեկ տարբերությամբ, որ այստեղ Դիլիջանից բացի՝ Թեղուտը եւ Հաղարծինը նույնպես տեղակայված են Երեւան-Իջեւան մայրուղու հարեւանությամբ: Իսկ մնացած համայնքներն իրենց ապագա շրջկենտրոնի` Դիլիջանի հետ դարձյալ ուղիղ ճանապարհային կապ չունեն: Մի փոքր այլ է Սյունիքի մարզի գյուղերի դեպքում, այստեղ միավորվող համայնքները հիմնականում միմյանց, եւ որ ամենակարեւորն է՝ ապագա շրջկենտրոնի հետ կապված են:
Հաջորդ հարցն այն է, որ յոթ կամ ութ գյուղ մեկ համայնքի մեջ միավորելով՝ մի քանի տարի հետո դրանցից, ասենք, չորսը, թերեւս կդադարի որպես բնակավայր գոյություն ունենալուց: Ու որպեսզի դա չերեւա, եւ որեւէ մեկը չարձանագրի, որ մեր երկրում համայնքների առնվազն կեսը մի քանի տարի հետո կդադարի որպես բնակավայր լինելուց, Կառավարությունը որոշել է «թաքցնել» գործունեության հետքերը, որ անկումը հնարավորինս աննկատ մնա: Այլ կերպ ասած՝ մարդիկ ուզում են քարտեզի վրայից ջնջել դատարկված գյուղերը, բայց անունը դրել են համայնքների խոշորացում:
Իհարկե, կարող է հարց ծագել, որ եթե այդպես է, թող այդ գյուղում ապրող տասը կամ հարյուր բնակիչները դեմ քվեարկեն եւ դեմ կանգնեն իրենց գյուղի վերացման ծրագրին: Բայց իշխանությունները այս տարբերակն էլ են հաշվել: Փաստացի «միավորման» քարտեզն այնպես է կազմված, որ ապագա շրջկենտրոնները եւ նրանց կողքի մեկ-երկու մեծ գյուղերը դառնում են որոշողը: Այսինքն՝ եթե 10 հազար դիլիջանցիները կազմակերպված կողմ քվեարկեն, ապա, ասենք, 298 բնակիչ ունեցող (պաշտոնական տվյալներով՝ իրականում թիվն ավելի պակաս կլինի) Աղավնավանքի կամ 331 հոգանոց Խաչարձանի բնակիչների կարծիքը որեւէ ազդեցութուն չի ունենա: Ու Կառավարության նախատեսած սխեմայով ապագա շրջկենտրոնները փաստացի լինելու են հիմնական որոշողները, քանի որ նրանց բնակչությունը, հետեւաբար նաեւ՝ ընտրողները մյուս գյուղերից մի քանի անգամ շատ են: Փոքր բնակավայրերը պաշտոնապես ձայնի իրավունքից զրկված չեն լինի, բայց փաստացի կգտնվեն ձայնազուրկ կարգավիճակում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Վ. Բադասյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: «Ես ընտրություններին չեմ մասնակցելու, քանի որ ինձ չհաջողվեց ընդդիմությանը միացնել ու միասնական մասնակցել ընտրություններին: Ընդդիմության կենտրոնում ես էի խորհրդարանում ու, առհասարակ, քաղաքական դաշտում ընդդիմության կենտրոններից մեկը ես էի, իսկ ինձ համար ընդունելի տարբերակ էր, որ ընտրություններին ընդդիմությունը գնար միասնական տարբերակով, եթե միասնական ճակատ չկա, ուրեմն չկա ընդդիմություն, արդեն դառնում է անձնական հարցերի լուծում»,- պարզաբանեց Բադասյանը: Մեր դիտարկմանը, թե ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանը նպատակ ուներ միավորել Արցախի ընդդիմությանը, ինչո՞ւ նրա շուրջ չեն «հավաքվել», պատգամավորը պատասխանեց. «Դրանք միայն հայտարարություններ ու բառեր էին, անձամբ Սամվել Բաբայանի կողմից գործնական քայլեր չկատարվեցին, ինքը փորձ չարեց, եթե ինքը փորձ աներ, կգար ԼՂՀ, հեռակա քաղաքական գործունեություն չի լինի»: Նշենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԼՂՀ ԿԸՀ-ին համամասնական ցուցակներ են ներկայացրել 3 կուսակցություններ` «Կոմունիստական» ու «Շարժում-88» կուսակցությունները, որոնց ցուցակներում 14-ական թեկնածուներ են ներառված, ինչպես նաեւ՝ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը` 35 թեկնածուներով: Այսօր թեկնածուների առաջադրման վերջին օրն է:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ՀԱՄԵՍՏ
Երեւանի քաղաքապետարանի կողմից բաց ընթացակարգով կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ին 87 միլիոն 169 հազար դրամ կհատկացվի՝ Երեւանի կենդանաբանական այգու մուտքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները կատարելու համար: Ըստ պայմանագրի՝ «Բիդեք» ընկերությունը պարտավորվել է 100 օրացուցային օրվա ընթացքում աշխատանքներն ավարտել: Եթե հաշվի առնենք, որ քաղաքապետարանը մի քանի տասնյակ միլիոն դրամ է դուրս գրում մեկ խաղահրապարակ կառուցելու համար, ապա այս դեպքում միգուցե կարելի է ասել՝ համեստություն են դրսեւորել: Ի վերջո, կարող էին, չէ՞, 200 կամ 400 միլիոն դրամ դուրս գրել, բայց չեն արել:

 

ՀԺԱՄ-Ի ՓՈՂԵՐԸ
«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը հրապարակել է 2014 թվականի իր գործունեության հաշվետվությունը: Ըստ որի՝ կուսակցության միջոցները գոյացել են ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանի եւ նրա կուսակից Ատոմ Սիմոնյանի նվիրատվություններից, համապատասխանաբար՝ 1 մլն եւ 1 մլն 830 հազար դրամ: Իբրեւ գումարի ծախսման նպատակներ նշված են գույքի վարձակալության վճար` 1 մլն 434 հազար 200 դրամ, կոմունալ վճարումներ` 433 հազար դրամ եւ այլ ծախսեր՝ 654 հազար 900 դրամ: Հիշեցնենք, որ ՀԺԱՄ-ի կնքահայրը Բարսեղ Բեգլարյանն է՝ «Ֆլեշ»-ի սեփականատերը:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԵՎՍ ԵՐԿՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է եւս երկու անձ: Armlur.am-ի տեղեկացմամբ` ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Արտակ Ղազարյանը՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, եւ Մերուժան Մովսիսյանը՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

ՀԱՄԵՐԳ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ
Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ համերգ կազմակերպել: Հռոմի պապի շրջապատից աղբյուրները հայտնել են, որ Պապը լավ ծանոթ է Ազնավուրի արվեստին ու լսում է աշխարհում ամենահայտնի հայերից մեկի երգերը: Հավելենք, որ Հռոմի պապը ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցի: Բացի այդ՝ այս տարի պոնտիֆիկը Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու ուսուցիչ է հռչակել. այս տիտղոսը ողջ պատմության ընթացքում շնորհվել է միայն 36 սրբերի:

 

ԱՎԱԳԱՆՈՒՑ ԷԼ ԼՔԵՑԻՆ
Երեւանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ավագանու անդամներ Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը եւ Գուրգեն Եսայանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Նրանք, օրենքով սահմանված կարգով, կշարունակեն մնալ Երեւանի ավագանու անդամներ:

 

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էր նրա բողոքը ՀՀ գլխավոր դատախազի դեմ: Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործի հետ կապված հաղորդում էր ներկայացրել մի քանի պահանջներով՝ մասնավորապես նշելով, որ դատախազի կողմից անգործություն է ցուցաբերվել:

 

ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը խմբակցության քարտուղարի պաշտոնում առաջարկել է իր գործընկեր, պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Այս կապակցությամբ Էնֆիաջյանը Armlur.am-ին ասել է. «Եթե ընդհանուր քվեարկությամբ որոշվի, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, ապա պատրաստ եմ իմ գործունեությունը ծավալել նաեւ որպես խմբակցության քարտուղար»: Նշենք, որ խմբակցության նիստը տեղի է ունենալու այսօր:

 

ՄԵԿՆԵՑ ԲՐՅՈՒՍԵԼ
Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: ՀՀ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ:

 

ԲՈՂՈՔԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ
Թուրքական «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Գործակալության տեղկություններով` Պուտինն ու Էրդողանը խոսել են «1915թ. դեպքերի մասին»: Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ այդ առումով «Թուրքիան կողմ է արդար հիշողության հեռանկարին, սակայն Հայաստանը խաղաղության կոչերն անտեսում է եւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկներին դրական մոտեցում չի ցուցաբերում»: Տեղեկացվում է, որ զրույցը շուրջ 30 րոպե է տեւել:




Լրահոս