ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը Շիրակի մարզում 33 անդամ ունի, որոնց օգնությամբ էլ ի մի են բերվել եւ դասակարգվել այն միջոցառումները, որոնք նախատեսված է իրականացնել մինչեւ ապրիլի 24-ը:

Ըստ այդմ, նախատեսվում է Գյումրիում, Մարալիկում ու Ձիթհանքովում տեղադրել հուշարձաններ, իսկ յուրաքանչյուր հուշարձանի կողքին իրականացնել ծառատունկ` խորհրդանշական 100 ծառի չափով: Բացի այդ՝ Գյումրիի Բագրատունյաց օղակաձեւ պուրակում կտեղադրվի Ֆրից Սողոյանի ՎԵՐԱԾՆՈՒՆԴ հուշարձանը:
Հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների համերգաշարով հանդես կգա քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը՝ հնչեցնելով նաեւ մեծ կտավի մեկ ստեղծագործություն՝ Դվորժակի 9-րդ սիմֆոնիան: Արթիկի երաժիշտների հետ համատեղ նախատեսվում է ստեղծել հարյուր հոգանոց երգչախումբ ու Կոմիտասյան թեմատիկ համերգով հանդես գալ Հառիճավանքում:
Հանձնաժողովականները մտածել են նաեւ միջոցառումների ինտերակտիվությունը ապահովելու մասին. Գյումրու Գեղագիտական կենտրոնը քաղաքի Ռիժկովի ճեմա-փողոցում կիրականացնի ինտերակտիվ միջոցառում, որի ընթացքում փողոցի երկու կողմերում տեղադրված կլինեն մեծ պաստառներ ու ներկապնակներ իրենց վրձիններով, եւ յուրաքանչյուր անցորդ կնկարի իր անմոռուկն ու կգրի իր կարգախոսը:
Արդեն ապրիլի տասնչորսից կմեկնարկի ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՓԱՌԱՏՈՆԸ, իսկ ապրիլի քսանչորսին երթ կանցկացվի դեպի Հերհերի ձոր:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի

 

 

ԱՂՏՈՏՎԱԾ ՀՐԱԶԴԱՆ
ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ 2014թ-ին ՀՀ քաղաքներից ամենափոշոտ օդը Գյումրիում է, մտահոգիչ է վիճակը նաեւ Հրազդանում, որտեղ գտնվում են «Միկա-ցեմենտ», «Հրազ-Ջէկ» գործարանները, որոնց պատճառով տուժում է քաղաքի մթնոլորտը:
Տեղեկացանք, որ երկար տարիներ է՝ բնապահպանության նախարարությունը քաղաքին բնապահպանական փոխհատուցումներ չի հատկացնում: «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամներն ահազանգում են. խնդիրը 2015-ին առավել կսրվի, եթե շահագործվի երկաթի հանքը, որը բնակելի տներից ընդամենը 300-400մ հեռավորության վրա է գտնվում: Խմբի անդամ Արսեն Արսենյանն ասում է. «Բաց հանքը գտնվում է բնակելի շենքերի քթի տակ: 2007թ. ՀՀ Կառավարությունը «Նագին» ՍՊԸ-ին հանքշահագործման արտոնագիր է հատկացրել` Հրազդանում երկաթահանք բացելու նպատակով, որը դրական եզրակացություն է ստացել բնապահպանության նախարարության կողմից: 2011 թ. տարեսկզբին հայտնի դարձավ, որ «Նագին» ՍՊԸ-ն (այժմ վերանվանվել է «Ֆորչն Ռեզորսիս») իր բաժնետոմսերի զգալի մասը վաճառել է չինական «Ֆորչն Օյլ» ընկերությանը, եւ առաջիկայում պատրաստվում են հանքը շահագործել: 2011թ-ի աշնանը ազատամարտիկ Սասուն Միքայելյանի պայքարի շնորհիվ դադարեցվեցին հանքում տարվող հորատման աշխատանքները: Սակայն «Ֆորչն Օյլ»-ը հարմար առիթը երբեք բաց չի թողնում եւ պարբերաբար մինչ այսօր հանքում հորատումներ է իրականացնում»:
Խմբի մյուս անդամ Մովսես Մանուկյանի խոսքերով՝ հրազդանցիները պետք է ամեն ինչ անեն՝ չկորցնելու միակ հարստությունը` մաքուր ջուրը. «Թե՛ գրավոր, թե՛ բանավոր բազմիցս դիմել ենք «Ֆորչն Օյլ» ընկերությանը՝ հանդիպելու, հասարակական լսումներ կազմակերպելու նպատակով, բայց ընկերությունը շարունակ անտարբեր է»:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԿԱՐԿԱՏԱՆԱՅԻՆ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ
Ձնհալը Գյումրիում համարյա ավարտվել է, բայց գյումրեցին հայտնվել է նոր փորձության առաջ: Եթե ձմռանը ստիպված էր կռիվ տալ սառցապատ փողոցների հետ ու ակամա իր ուժերը փորձել գեղասահքի մեջ, ապա հիմա էլ քանդված ու ցեխոտ փողոցների մեծ փոսերը հաղթահարելու համար ստիպված է ուժերը փորձել թռիչք-երկարության ու ակրոբատիկ մարմնամարզության սպորտաձեւերում:
Գյումրու քարուքանդ փողոցները երթեւեկելի չեն ոչ միայն հետիոտների, այլեւ տրանսպորտային միջոցների համար: Համապետական բյուջեով կարծես այս հարցը հանրապետության երկրորդ քաղաքի համար անտեսված է, իսկ տեղական բյուջեի միջոցներն էլ բավարար չեն: Այս տարի 340 մլն դրամ կհատկացվի քաղաքի փողոցների փոսալցման-հարթեցման, մասնակի կամ հիմնական նորոգման համար, որից 100 մլն դրամը կուղղորդվի 6 փողոցների հիմնանորոգմանը, իսկ 240 մլն դրամով էլ հարթեցման ու մասնակի նորոգման աշխատանքներ կիրականացվեն 62 փողոցներում: Աշխատանքները լինելու են փուլային. որոշ փողոցներ խճապատմամբ կհարթեցվեն, որոշներն էլ ասֆալտային կարկատաններով մասնակիորեն կնորոգվեն:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս