«ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԴԵՐԸ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ Արա Գեւորգյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք ստեղծագործական ծրագրեր է իրականացրել, սակայն նրա պլանների մի մասը կյանքի կոչելու համար հարկավոր է պետական աջակցություն: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր առաջիկա ծրագրերին, պատմել Հայոց ցեղասպանության թեման օտարներին հասու դարձնելու ճանապարհին գրանցված ուշագրավ դեպքերի մասին:

-Պարո՛ն Գեւորգյան, այժմ, երբ Հայոց ցեղասպանության թեման աշխարհին հասու դարձնելու գործում ամեն հայի մասնակցությունն անհրաժեշտություն է, որքանո՞վ եք կարեւորում հատկապես արվեստագետի դերը:
-Այս գործում արվեստագետի դերը օդ ու ջրի պես կարեւոր է: Պետք է հաշվի առնել, որ արվեստն ունակ է ընդգրկել հանրության լայն շրջանակների. այն հզոր ուժ ունի: Մի դեպք պատմեմ, որն ասածից վառ վկայությունն է: Տարիներ առաջ, երբ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տարբեր ազգերի ներկայացուցիչների կատարմամբ հնչել էր իմ «Ադանա» երգը, մի անծանոթ մարդ ներկայացել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին եւ ներողություն խնդրել: Պարզվել էր` նա, ֆիներենով լսելով երգը, խորապես հուզվել էր: Ինքը լինելով ֆինլանդացի՝ զգացել էր, որ ողջ Ֆինլանդիան Հայաստանի կողքին է, եւ խոստովանել էր, որ ինքը Թուրքիայից ուղարկված գաղտնի գործակալ է ու նշել, որ շատ է զղջում դրա համար:
-Արդեն հայտնի է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր ստեղծագործությամբ եք ներկայանալու աշխարհին: Ձեր գրած երաժշտության հիման վրա ստեղծվեց երգ` երկու լեզվով: Ստեղծագործությունը պետք է ունենար նաեւ տեսահոլովակ: Աշխատանքներն այժմ ի՞նչ փուլում են:
-Ես նոր նախագիծը կոչեցի «Սեւ ապրիլ»: Երաժշտության հիման վրա գրվեց երգ, որի անգլերեն տարբերակի հեղինակը Դանիել Դեքերն է, այն կոչվում է «Remember», իսկ հայերենինը, որի անվանումն է «Կանք ու կլինենք»` Լեւոն Բլբուլյանը: Տեսահոլովակի նկարահանման առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, երկրորդը կիրականացվի եղանակի տաքանալուն պես:
-Գիտենք, որ երգի անգլերեն տեքստի հեղինակ, ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Դանիել Դեքերը, թեեւ հայկական արմատներ չունի, շատ նվիրված է մեր ազգին, տարված մեր ժողովրդի պատմությամբ: Կպատմեք` ինչպե՞ս ստացվեց, որ նա սկսեց այդպես հետաքրքրվել մեզանով:
-Ասեմ ավելին` նա մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղաքացի դառնալու ցանկություն հայտնեց: Այդ լուրն ինձ շատ ուրախացրեց, եւ ես միանգամից հայտնեցի մշակույթի նախարարին, հիմա սպասում ենք արձագանքի: Ապրիլի 24-ը շատ լավ առիթ կլինի նրան հենց Ծիծեռնակաբերդում հայկական անձնագիր հանձնելու համար: Նա իսկապես արժանի է Հայաստանի քաղաքացիություն ստանալուն: Կարող եմ փաստել, որ Դեքերը «Ադանա» երգի տեքստը գրելուց մոտ մեկ տարի առաջ ծանոթացավ հայոց պատմությանը, հայոց ցեղասպանության պատմությանը: Երգը հետագայում կատարվեց աշխարհի տարբեր երկրներում: Բացի այդ՝ մեծ նվաճում եմ համարում այն, որ նա երգը կատարեց Նյու Յորքի Times Square հրապարակում, ամերիկյան սենատորների առջեւ: Բացի այդ՝ Դեքերը թողարկել է հայկական երգեր ընդգրկող ձայնասկավառակ, որի շապիկին գրել է. «Ես հայ եմ ընտրությամբ»: Այսպես ակնառու կերպով հայերի կողքին կանգնելով` նա բազմիցս վտանգել է իր անձը: Ես գիտեմ, որ Դեքերը պարբերաբար ահաբեկչական բնույթի նամակներ է ստանում թուրքերից: Իսկ մի անգամ էլ հենց իմ ներկայությամբ Սիրիայում հյուրանոցներից մեկի ադմինիստրատորը, ով ազգությամբ թուրք էր, մեր համերգից հետո հարձակվեց նրա վրա:
-Պարո՛ն Գեւորգյան, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ «Ադանա» ձայնասկավառակի թողարկումը, որը նպատակ ունեք ներկայացնել 15 լեզուներով, պետական ծրագրում չներառվեց:
-Երեւի թե իմ մեղքն է, որ հատուկ, գրավոր կերպով չդիմեցի համապատասխան մարմիններին: Պարզապես վստահ էի, որ մամուլով այդ մասին բազմիցս բարձրաձայնելուց հետո կստանամ արձագանքներ: Հիմա ես առաջարկում եմ իրականացնել մի նախագիծ, որի շրջանակում 15 ազգի օտար երգիչների շուրթերով աշխարհի տարբեր երկրներում կհնչի երգ` մեր ազգային ցավի մասին: Նաեւ շատ կցանկանամ, որ ապրիլին Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ կայանա իմ համերգը, որի համար հատուկ ծրագիր ունեմ կազմած:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է մայրաքաղաքի համար մեծ կարեւորություն ներկայացնող «Հին Երեւան» նախագծին: «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը մեզ հետ զրույցում անդրադարձել էր այն կյանքի կոչելու անհրաժեշտությանը: Նրա համոզմամբ՝ առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել այն շենքին, որտեղ բնակվել է պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը:

«Կառույցը վերականգնման կարիք ունի, իսկ, ահա, իշխանությունների վերաբերմունքն այդ արժեքին արհամարհանք է մեր պետականության, անկախության հանդեպ»,-կարծիք էր հայտնել նախաձեռնության անդամը: Ընդ որում, բացի վերանորոգումից, քաղաքացիական ակտիվիստները տեսնում են Արամ Մանուկյանի պատվին թանգարան բացելու անհրաժեշտություն:
Քաղաքացիների պահանջները «Ժողովուրդ»-ը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ Երեւան քաղաքի գլխավոր պողոտայի Աբովյան, Բուզանդի, Արամի, Կողբացու փողոցների միջեւ ընկած տարածքում, որտեղ գտնվում է նաեւ Արամի փողոցի N 9 շենքը, նախատեսվում է իրականացնել «Հին Երեւան» ծրագիրը: ՀՀ Կառավարության որոշմամբ` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի վերոնշյալ Գլխավոր պողոտայի հատվածը (ներառյալ Արամի փողոցի N 9 շենքի տարածքը) ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ: Կառավարության մեկ այլ որոշմամբ` Արամի փողոցի N 9 շենքի տարածքը վերոնշյալ քաղաքաշինական ծրագրի իրականացման համար «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ից տրվել է «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է ապահովելու «Հին Երեւան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության տված տեղեկույթի համաձայն՝ այս տարվա մարտին քննարկման է ներկայացվելու էսքիզային նախագիծը:
«Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի տուն-թանգարանի ստեղծման հարցին, ապա ՀՀ մշակույթի նախարարությունը, արժեւորելով Արամ Մանուկյանի` Հայոց նորագույն պետականության հիմնադրման գործում ունեցած մեծ ներդրումը, կարեւորում եւ անհրաժեշտ է համարում թանգարանի ստեղծումը»,-ասված է նախարարության պատասխանում:
«Ժողովուրդ»-ը կհետեւի «Հին Երեւան» ծրագրի իրականացմանն ու Արամի փողոցի N 9 շենքի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ԿԱՆՆՈՒՄ
Չորս օր շարունակ կինոյի համաեվրոպական մայրաքաղաք համարվող Կաննը ողողված կլինի հայկական երաժշտությամբ: Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով հունիսի 5-8-ը կմասնակցի Ֆրանսիայում անցկացվող MIDEM միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով` այս միջոցառումը, ի թիվս այլ իրադարձությունների, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: «MIDEM-ի հեղինակավոր հարթակում մենք ներկայացնելու ենք ոչ միայն հայկական երաժշտությունը, այլեւ վերածնված Հայաստանը, դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասին: MIDEM-ն արտերկրում կազմակերպվող կարեւորագույն ծրագրերի շարքում է: Տարիներ առաջ Ֆրանսիայում մենք ներկայացրել ենք մեր մշակույթը: Այս առաջարկը չէինք կարող չընդունել, որովհետեւ MIDEM-ն ամենահեղինակավոր փառատոներից է, որ տեղի է ունենում մեր բարեկամ Ֆրանսիայում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է նախարարը:

 

ՄԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Մարտի 18-ին` կեսգիշերն անց, լույս աշխարհ է եկել երգչուհի Լայանայի առաջնեկը: Նա ամուսնուն` իր մենեջեր Ռոլանդ Պողոսյանին, դուստր է պարգեւել: Bravo.am-ի փոխանցմամբ` աղջնակին անվանակոչել են Էլինա. «Համադրել ենք նրա տատիկների` Էլլայի եւ Գալինայի անունները: Արդեն հասցրել եմ տեսնել եւ գրկել աղջկաս: Այնքան լարված եւ շփոթված էի, որ անգամ չեմ մտածել նրան ինձ կամ կնոջս նմանեցնելու մասին»,-պատմել է Ռոլանդը:

 

ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ
Oddschecker բուքմեյքերական կայքը ներկայացրել է «Եվրատեսիլ 2015» մրցույթի հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները: Օգտատերերի մեծամասնության կարծիքով` հաղթողի ամենահավանական թեկնածուն Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլյովն է` իր «Heroes» երգով: Երկրորդ հորիզոնականում իտալական Il Volo խումբն է` «Grande amore» ստեղծագործությամբ: Լավագույն եռյակը եզրափակում է Էստոնիան` «Goodbye to Yesterday» երգով: Լավագույն հնգյակում հայտնվել են նաեւ Ավստրալիան եւ Սլովենիան: Իսկ հայաստանյան «Face the Shadow» երգը տասներորդ տեղում է:




Լրահոս