ՈՉ ԹԵ ԼԱՑՈՒԿՈԾԻ, ԱՅԼ ՈԳԵՇՆՉՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նեղ մասնագիտական շրջանակների՝ պատմաբանների եւ դիվանագետների շփումները, անշուշտ, կարեւոր են, սակայն շատ ավելի կարեւոր է աշխարհի տարբեր ազգերի վերաբերմունքի ձեւավորումը ոճրագործությունը դատապարտելու հարցում։ «Մենք պետք է հասնենք նրան, որ ամեն մի ազգի ներկայացուցիչ թուրք տեսնելիս սկսի ընդվզել, հարցնի՝ ինչո՞ւ եք այդքան չար, այդքան նենգ եղել, ինչո՞ւ եք հայերի հետ այդպես վարվել։ Եվ սա կստիպի թուրքերին, որ Ցեղասպանությունը ճանաչելու համար իրենք էլ ճնշում գործադրեն իրենց կառավարության վրա»,-համոզված է մեր զրուցակիցը։

-Իսկ դրան հասնելու համար ի՞նչ պետք է անեն մշակույթի մարդիկ՝ մասնավորապես երաժիշտները։
-Դրա համար, կարծում եմ, պետք է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը պատմենք հենց այդ ժողովուրդների լեզվով։ Վերջերս թողարկվեց «Ադանա» երգի 21-րդ տարբերակի տեսահոլովակը։ Դա երգի հայերեն երկրորդ տարբերակն է։ Սկզբում դա արել էի «Կիլիկիա» երգչախմբի եւ Գեղամ Գրիգորյանի հետ, հիմա երգեցին Սեւակ Ամրոյանն ու Մհերը։ Մինչ այդ ես արդեն ունեի երգի՝ 20 տարբեր լեզուներով ձայնագրությունը, որը կատարում էին աշխարհի տարբեր ազգերի երգիչներ։ Մտադիր եմ թողարկել երկու ձայնասկավառակ, որտեղ կլինի «Ադանա» երգը՝ 15 լեզվով. ցանկանում եմ 20-ը զտել, դարձնել 15, որպեսզի լինի խորհրդանշական ձեւաչափի մեջ՝ 15 թիվ, 15 երգիչ։ Եվ հենց այդ երգիչներին կարելի է «Ադանա» երգով շրջագայության ուղարկել իրենց երկրները, ու Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին երգը կհնչի ֆրանսերեն, Չինաստանում՝ չինարեն… Ես ունեմ նաեւ նոր երգ՝ «Սեւ ապրիլ», որը ձայնագրելու եմ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ պետական ակադեմիական երգչախմբի հետ։
-Դուք շփվում եք տարբեր ազգերի, գուցե նաեւ թուրք երգիչների, երաժիշտների հետ, նրանք որքանով են տեղեկացված ցեղասպանության մասին։
-Թուրք երաժիշտների հետ սովորաբար չեմ շփվում, դա մեկ անգամ է եղել, երբ «Ադանա»-ն թուրքերեն ենք ձայնագրել։ Իսկ, ընդհանրապես, իմանալով ցեղասպանության մասին, այլազգի երաժիշտներն, անշուշտ, մեծ ափսոսանք, ցավ են ապրում։ Կարծում եմ՝ աշխարհին պետք է անպայման ծանոթացնել պատմության հետ։ Իսկ եթե հայերեն լեզվով մեզ համար ենք երգում Եղեռնի մասին, ապա դա այնքան էլ մեծ արդյունք չի տա…
-Դա չի՞ կոչվում , թող կոպիտ չհնչի, սեփական յուղում տապակվել։
-Չէ, բայց դա էլ է անհրաժեշտ. մեր ժողովրդին էլ է պետք կրթել, դաստիարակել, որովհետեւ հաճախ Եղեռնի մասին հիշում ենք միայն ապրիլի 24-ին։ Եվ պետք է այստեղ էլ արվեն միջոցառումներ, սակայն դրանք ոչ թե լացուկոծի, այլ ոգեշնչման, ոգեկոչի միջոցառումներ պետք է լինեն։ Ինչպես նաեւ հետագա քայլերի պլանավորման միջոցառումներ պետք է կազմակերպել, հստակ ձեւակերպել մեր պահանջները՝ Ցեղասպանության ճանաչում, արդարության վերականգնում, ինչու չէ, փոխհատուցում։ Այդ ամեն ինչը մեր սերունդների համար է. չէ՞ որ մենք դրա համար բազմաթիվ միջոցառումներ ու ծախսեր ենք կատարում, եւ այդ ամենն արվում է նրանց հաշվին։
-Երջանկահիշատակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը ցանկանում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծ ծրագիր իրականացնել, բայց, ցավոք, չհասցրեց: Մեր նախորդ հարցազրույցում ասել էիք, որ հանդիպել եք այդ միջոցառումների կազմակերպիչների հետ եւ առաջարկել համատեղ ծրագիր իրականացնել։ Ի՞նչ արձագանք կա։
-Ժամանակին հանդիպել էի Ֆլորա Մարտիրոսյանի հետ, պայմանավորվել էինք մեր ուժերը միացնել այդ գործում (դա պատահական չէր. ես իմ նախագիծը սկսել եմ դեռեւս 2005 թվականից), ավելի արդյունավետ գործունեություն ծավալել։ Իսկ սիրված երգչուհու կողքին կանգնած էին շատ լուրջ եւ լավ մարդիկ, բայց դժբախտությունը խանգարեց մեր ծրագրին։ Ֆ. Մարտիրոսյանի մահվանից հետո հանդիպեցի այդ մարդկանց, փոխանցեցի իմ հեռախոսահամարը, որպեսզի համագործակցենք, բայց մինչեւ այսօր նրանք լռում են։

Զրուցեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

 

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանը բաց նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին, որից ներկայացնում ենք մի հատված։ Բաց նամակն ամբողջությամբ կարդացեք armlur.am կայքում։

«Մեծարգո նախագահ, Ձեզ եմ դիմում առաջին հայացքից վաղաժամ թվացող մի հարցով: Իսկ դիմում եմ Ձեզ, որովհետեւ մտահոգությունս անձնական չէ, այլ մեր ընդհանուր ապագային է վերաբերում, եւ քանի որ այսօր ի պաշտոնե Դուք եք մարմնավորում հայության հավաքականությունը, ապա Ձեր արձագանքն անտարակույս էական նշանակություն կունենա խնդրո վերաբերյալ ընդհանուր մթնոլորտ ստեղծելու, այնուհետեւ այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելու առումով: Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու կապակցությամբ մեր ունեցած պատկերացումներին:
Անշուշտ տեղյակ ենք, թե ինչպիսի լայնամասշտաբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավուր պատշաճի նշելու համար, եւ թե ինչպիսի համերգաշարեր ու տարատեսակ միջոցառումներ են սպասվում այդ օրերին: Սակայն վստահ եմ` ներքուստ Դուք էլ եք համոզված, որ մեր ժողովրդի մեծ մասին այլեւս սոսկ սգատոները չեն հետաքրքրում: Գաղտնիք չէ, որ, չնայած սկսել ենք ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլեւ հատուցման մասին խոսել վերջապես, սակայն առայժմ դեռ պարզ չէ, թե ինչպես է դա իրականացվելու: Պատճառն այն է, որ մենք, ցանկանալով որպես պահանջատեր հանդես գալ, առ այսօր չենք հստակեցրել մեր պահանջները, չունենք հստակ ծրագրեր ու մեխանիզմներ դրանց վերաբերյալ: Մինչդեռ հայ հանրությանը խորապես հուզում է այն հարցը, թե, վերջապես, ի՞նչ ենք ուզում, ինչի՞ համար ենք ուզում եւ ո՞ւմ համար ենք ուզում: Սա նշանակում է նաեւ, որ պահանջ կա կոնկրետացնել, թե պետական մակարդակով մինչեւ որտե՞ղ ենք հետամուտ լինելու մեր ազգային շահերին, արդյոք լրջորեն մտածո՞ւմ ենք նաեւ տարածքային փոխհատուցման մասին, թե՞ նախընտրելով այլ եղանակներ` պիտի մոռանանք հողի խնդիրը, ինչպես որ այդ մասին այլեւս չենք հիշում մեր բարեկամ դրացիների պարագայում: Ընդհանուր հարցադրումների ահա այս ենթատեքստում է եւ իմ բարձրացրած հարցը»:

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱԶՆՎԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԶԱՎԱԿԸ
Չնայած շատերը համոզված էին, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վերջապես հրաժեշտ կտա իր աթոռին, սակայն նա դարձյալ վերանշանակվեց իր պաշտոնում։ Ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը, ի՞նչ է արել մշակույթի ոլորտում, որ այսքան երկար տարիներ շարունակում է պաշտոնավարել։
«Ժողովուրդ»-ի վերոնշյալ հարցադրմանն ի պատասխան գրականագետ, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն ասաց. «Մեր նախորդ կառավարության գործունեությունը առաջացրեց ժողովրդի դժգոհությունը, եւ այսօր շատ բան կտրուկ պիտի փոխվի, ու նաեւ մեր հասարակությունը պիտի ամեն ինչ անի, որպեսզի բոլոր, այդ թվում՝ մշակույթի ոլորտում փոփոխություններ լինեն»։ Իսկ կոնկրետ իր ո՞ր արժանիքների համար է Հ. Պողոսյանը շարունակում պաշտոնավարել. այս հարցադրմանն էլ Ափինյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Նախարարի նշանակումը կատարել է ՀՀ նախագահը, եւ ինքը կարող է ձեր հարցի պատասխանը տալ։ Ես միայն կարող եմ ասել, որ Հասմիկ Պողոսյանը ազնվական ընտանիքի զավակ է. Ստեփան Պողոսյանը մեր մտավորականության փայլուն դեմքերից մեկն էր, եւ դա ինձ հավատ է ներշնչում… Մեր ժողովուրդը, մշակույթը հիմա շատ ծանր վիճակում են, եւ պիտի բոլորս թեւերներս քշտենք եւ աշխատենք մեր մշակույթը փրկելու համար»,- նշեց գրականագետը` մոռանալով, սակայն, որ նման «ծանր վիճակի» համար նաեւ նախարարությունը եւ առաջին հերթին` հենց նախարարն է մեղավոր, բայց նրան, չգիտես ինչու, եւս մեկ շանս է տրվում։ «Այո՛, նրան եւս մեկ շանս է տրվում, բայց ոչ միայն նրան։ Շանս է տրվում նաեւ մեր մշակույթի գործիչներին, որոնցից շատերն անտարբեր են, գործից փախչող, կարծիք չհայտնող, իրենց բնի մեջ ամփոփված։ Ո՞ւր են նրանք, ինչո՞ւ կարծիքներ չեն հայտնում, ինչո՞ւ չեն օգնում Մշակույթի նախարարությանը, որ կարողանա ճիշտ ձեռնարկներ կատարել։ Մշակույթի գործիչն իրավունք չունի ապրել ժողովրդից թաքնված»,- մեր դիտարկմանն այսպես արձագանքեց Ա. Ափինյանը` կոչ անելով բոլորին օգնել նախարարությանը, Հ. Պողոսյանին, որ «մեր մշակույթը բարձրանա, քանի որ մենք այսօր հասել ենք անդունդի եզրին»։

 

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է
Լսելով գրականագետի խորհուրդը՝ մենք ցանկացանք իմանալ նաեւ մշակույթի բնագավառի այլ ներկայացուցիչների կարծիքը Հ. Պողոսյանի պաշտոնական երկարակեցության վերաբերյալ։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը չցանկացավ պատասխանել, ավելի ճիշտ, ինչպես ինքն ասաց, չի կարող պատասխանել այդ հարցին։
Իսկ ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը չցանկացավ հեռախոսով հարցազրույց տալ։
Դե, քանի որ Հ. Պողոսյանն արդեն վերանշանակվել է, բնական է՝ նախարարից կախում ունեցողները չեն ցանկանում վատացնել իրենց հարաբերությունները նրա հետ։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս