Պետությունը կարիքավոր ընտանիքների համար դեկոդերներ ձեռք կբերի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հեռուստաընկերություններով անընդհատ գովազդվում է, որ 8 հազար դրամով վաճառվում են դեկոդերներ, որոնք հեռուստացույցին միացնելով՝ հնարավոր կլինի դիտել թվային ձեւաչափով հեռարձակվող հաղորդումներ: Նշենք, որ ներկայումս Տավուշի մարզում թվային են հեռարձակվում 6-7 հեռուստաընկերությունների հաղորդումներ, իսկ արդեն հունիսից Հայաստանում ամբողջովին անցում կկատարվի թվային հեռարձակման: Նոյեմբերյանի տարածաշրջանում դեկոդերներ տեղադրող մի մասնագետ, ով խնդրեց իր անունը չհրապարակել, ասաց, որ Տավուշի մարզում 8 հազարանոց դեկոդերներ չկան:

Նա հայտնեց, որ Նոյեմբերյան քաղաքի էլեկտրոնիկայի խանութներում վաճառվող դեկոդերների գինը սկսվում է 16 հազար դրամից: Ասվածում համոզվելու նպատակով «ժողովուրդ»-ն այցելեց Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի էլեկտրոնիկայի «Լիլիթ» հանրախանութ: Այդ խանութում թվային հեռարձակման դեկոդերները վաճառվում են 15-20 հազար դրամով: Խանութի սեփականատեր Զորիկն ասաց, որ ինքը շուրջ 15 տարի աշխատում է էլեկտրոնիկայի ոլորտում: Նա հայտնեց, որ ինքն էլ է տեսել Երեւանում վաճառվող 8 հազարանոց դեկոդերների մասին գովազդը, սակայն այդ գնի դեկոդերներ չի տեսել: Նա չբացառեց, որ կարող են լինել այդ գնի դեկոդերներ, սակայն համոզմունք հայտնեց, որ դրանք կլինեն շատ վատ որակի եւ տեխնիկական սուղ հնարավարություններով:

Էլեկտրոնիկայի խանութի սեփականատերը հայտնեց, որ ներկայումս մարզի որոշ բնակիչներ գնում են 15-20 հազար դրամանոց դեկոդերներ, որոնք հնարավորություն են տալիս միացնելու հիշողության կրիչներ, տեսագրել հաղորդումներ եւ միացնել «մուլտիփլեյեր» սարքը:

Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում բազմաթիվ ընտանիքներ կարիքավոր լինելով, մի կերպ լուծելով հանապազօրյա հացի խնդիրը՝ հնարավորություն չունեն դեկոդերներ գնելու: Արդյո՞ք հունիսին, երբ անցում կատարվի թվային հեռարձակման, պետությունը ընտանեկան նպաստ ստացող, կարիքավոր ընտանիքների համար դեկոդերներ ձեռք կբերի, ինչպես խոստացել է, եւ արդյո՞ք այդ դեկոդերները որակյալ կլինեն:

Ոսկան Սարգսյան




Լրահոս