Ես կուզենայի, որ երգի անվանումը մնար «Մի՛ ժխտիր». Արամ MP3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երգի շուրջ վերջին շրջանում բուռն քննարկումներ ծավալվեցին, եւ հնչեցին մի շարք իրարամերժ կարծիքներ: «Ժողովուրդ»-ը եվրատեսիլյան թեմայով զրուցել է այս մրցույթի թոհուբոհով անցած մասնակիցներից մեկի` մեր երկիրը «Եվրատեսիլ 2014»-ում ներկայացրած Արամ MP3 -ի հետ:

-Արա՛մ, հետաքրքիր է` այս տարվա եվրատեսիլյան մեր երգը` «Face the Shadow»-ն, հավանե՞լ եք:

-Երգում առկա է մեղեդային հիշվող գիծ, հիթայնություն, որը ստեղծագործությունը դարձնում է հիշվող: Իսկ այդ հանգամանքը մրցույթում հաջողության հասնելու գրավականներից մեկն է: Այսքանով խնդիրը կարելի է համարել լուծված: Տեսահոլովակի ռեժիսորն էլ է լուծել իր առջեւ դրված խնդիրը:

-Որքան էլ կազմակերպիչները նշեն, որ «Եվրատեսիլ»-ը քաղաքական հարթակ չէ, միեւնույն է, այդ ասպեկտը շրջանցելը դժվար է: Օրերս բուռն քննարկումներ ծավալվեցին երգի` «Մի՛ ժխտիր» նախնական անվան փոփոխության հետ կապված: Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:

-«Եվրատեսիլ»-ը քաղաքական հարթակ չի կարելի համարել, սակայն չի էլ կարելի բացառել մրցույթում քաղաքական երանգների առկայությունը: Գիտեմ, որ մեր ստեղծագործական խումբն առաջին օրվանից իր առջեւ դրել է երգը չքաղաքականացնելու խնդիր: Անգամ երգի տեքստում առկա է «բեյբի» բառը, որը մի շարք քննարկումների առիթ տվեց: Ինչպես նշվել է` երգը սիրո մասին է…Պարզապես չար լեզուների պատճառով բանը հասավ նրան, որ փոխվեց դրա անունը: Ամեն դեպքում, ես կուզենայի, որ երգի անվանումը մնար «Մի՛ ժխտիր»: Հայի համար այս բառակապակցությունն ունի հենց այն միտքը, որը ուզում է փոխանցել Եվրոպային:

-Բայց արդյոք պետք չէ՞ր չժխտելու մեր պահանջը մի քիչ ավելի կոշտ դնել:

-Փաստորեն, նույնիսկ այն դեպքում, երբ պահանջը դրվեց փափուկ, արձագանքն այն էր, որ պետք է փոխել երգի վերնագիրը: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե երգն ավելի կոշտ լիներ: Այս պարագայում մենք չենք թելադրում օրենքներ, եւ միեւնույն է, երգը կոշտ ներկայացնելու տարբերակ, կարծում եմ, չունեինք: Մեր կողմից ընտրված է ոսկե միջինի տարբերակը:

-Կա կարծիք, ըստ որի` եթե Եվրոպան մեզ պետք է դներ նման սահմանների մեջ, ավելի լավ էր` առհասարակ նման մտահղացմամբ չմասնակցեինք մրցույթին:

-Դա տարբերակներից մեկն է, սակայն դեռ հարց է, թե ինչպես դա կընդունվեր հանրության կողմից…Եթե հետեւենք սոցցանցերի օգտատերերի գրառումներին, բազում իրարամերժ կարծիքներ կնկատենք: Ի վերջո, հնարավոր չէ բոլորի ցանկությունները բավարարել: Ինձ թվում է` ամեն դեպքում մրցույթին մասնակցել պետք էր: Մենք ներկայացնում ենք մի երգ, որը չի համապատասխանում «Եվրատեսիլ»-ի տեմպոռիթմիկային. սա էլ մի մեսիջ է Եվրոպայի հանդիսատեսին:

-Ամեն դեպքում, մենք Եվրոպայում բարձրացնելու ենք գլոբալ թեմա, մեր ազգային վշտի մասին ենք խոսելու, թեկուզ` տողատակերով: Այս առումով որոշակի վտանգներ, ոմանց կողմից ագրեսիվ դրսեւորումներ հնարավո՞ր է ակնկալել:

-Ինձ թվում է` այդ թոհուբոհն այսքանով ավարտվեց, մրցույթի կամզակերպիչների ցանկությունները բավարարվեցին: Հայկական պատվիրակությունը ցույց տվեց, որ մենք մտադիր չենք քաղաքականացնել ելույթը, այնպես որ վտանգներ, կարծում եմ, չեն լինի: Մասնակիցներն իրենք էլ գիտեն մրցույթի ընթացքում ինչ է պետք խոսել եւ ինչ` ոչ: Եվ, այնուամենայնիվ, գուցե վատ է հնչում, բայց այն հանգամանքը, որ երգը քննարկումների առիթ տվեց, նպաստեց նաեւ երգի փիարին:

-Որպես եվրատեսիլյան անցուդարձից լավատեղյակ արտիստ` ի՞նչ եք կարծում` ինչ գործոններ կարող են ազդել մեր հայրենակիցների ելույթի վրա, եւ ի՞նչ խորհուրդ կտաք խմբի անդամներին:

-Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բեմում մի ամբողջ խումբ է լինելու: Այս հանգամանքը մի կողմից բարդացնում է մասնակիցների գործը, քանի որ հարկավոր է շատ փորձեր անել, բեմի վրա կոնտակտի մեջ լինել, իրար ներկայությունը զգալ: Մյուս կոմից էլ մեկի ներկայությունը մյուսին կարող է ուժ տալ: Կարծում եմ` նրանցից մեկը կստանձնի խմբի «դիրիժոր»-ի դերը (ամենայն հավանականությամբ դա կլինի Ինգան) ով «թեւերը կփռի մյուս մասնակիցների վրա:

-Իսկ ո՞րն է մեր հայրենակիցների դերը` խմբի հաջող ելույթն ապահովելու գործում:

-Ես գիտեմ, որ ով ինչ կարծիք էլ հայտնի, միեւնույնն է` փնովողները եղունգները կրծելով` հետեւելու են մրցույթին: Ուստի ավելի լավ է` բոլորս համախմբվենք եւ սատարենք «Genealogy» խմբին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս