Արամ Մանուկյանի պատվին թանգարան բացելու անհրաժեշտություն կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է մայրաքաղաքի համար մեծ կարեւորություն ներկայացնող «Հին Երեւան» նախագծին: «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը մեզ հետ զրույցում անդրադարձել էր այն կյանքի կոչելու անհրաժեշտությանը: Նրա համոզմամբ՝ առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել այն շենքին, որտեղ բնակվել է պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը:

«Կառույցը վերականգնման կարիք ունի, իսկ, ահա, իշխանությունների վերաբերմունքն այդ արժեքին արհամարհանք է մեր պետականության, անկախության հանդեպ»,-կարծիք էր հայտնել նախաձեռնության անդամը: Ընդ որում, բացի վերանորոգումից, քաղաքացիական ակտիվիստները տեսնում են Արամ Մանուկյանի պատվին թանգարան բացելու անհրաժեշտություն:

Քաղաքացիների պահանջները «Ժողովուրդ»-ը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ Երեւան քաղաքի գլխավոր պողոտայի Աբովյան, Բուզանդի, Արամի, Կողբացու փողոցների միջեւ ընկած տարածքում, որտեղ գտնվում է նաեւ Արամի փողոցի N 9 շենքը, նախատեսվում է իրականացնել «Հին Երեւան» ծրագիրը: ՀՀ Կառավարության որոշմամբ` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի վերոնշյալ Գլխավոր պողոտայի հատվածը (ներառյալ Արամի փողոցի N 9 շենքի տարածքը) ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ` Արամի փողոցի N 9 շենքի տարածքը վերոնշյալ քաղաքաշինական ծրագրի իրականացման համար «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ից տրվել է «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է ապահովելու «Հին Երեւան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության տված տեղեկույթի համաձայն՝ այս տարվա մարտին քննարկման է ներկայացվելու էսքիզային նախագիծը:

«Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի տուն-թանգարանի ստեղծման հարցին, ապա ՀՀ մշակույթի նախարարությունը, արժեւորելով Արամ Մանուկյանի` Հայոց նորագույն պետականության հիմնադրման գործում ունեցած մեծ ներդրումը, կարեւորում եւ անհրաժեշտ է համարում թանգարանի ստեղծումը»,-ասված է նախարարության պատասխանում:

«Ժողովուրդ»-ը կհետեւի «Հին Երեւան» ծրագրի իրականացմանն ու Արամի փողոցի N 9 շենքի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս