ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի ցեմենտի գործարանը տեւական ժամանակ է, ինչ չի աշխատում: Իսկ թե երբ նորից կսկսի գործարանը բնականոն աշխատել, անհայտ է: Ի դեպ, այս օրերին տարբեր խոսակցություններ են պտտվում գործարանի հնարավոր վաճառքի մասին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսից գործարանի աշխատակիցներն աշխատավարձ չէին ստացել: Եւ գործարանի տնօրինությունն այս խնդիրը կարգավորելու համար աշխատավարձերի կեսը ցեմենտի տեսքով էր տվել, որն էլ մարդիկ մեծ դժվարությամբ են կարողացել իրացնել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ:
-Տիկի՛ն Մարտիրոսյան, ե՞րբ կվերագործարկվի գործարանը:
-Երբ ցեմենտը վաճառվի: Այս պահին դեռ արտադրանք ունենք, որը չի վաճառվել: Այն վաճառելուց հետո կմտածենք գործարանը շահագործելու մասին: Հիմա չենք կարող: Դեռ ցեմենտ ունենք:
-Գործարանի շահագործելն ի՞նչ կապ ունի չվաճառված արտադրանքի հետ:
-Ազատ տեղ պետք է լինի, որ արտադրեմ ու լցնեմ, իսկ հիմա այդ տարածքը զբաղված է: Իմաստ չունի հիմա գործարան աշխատեցնել: Մինչեւ այդ պահեստները չդատարկվեն, չեմ կարող արտադրել: Որտե՞ղ լցնեմ: Տեղ չկա: Հիմա վաճառքի ծավալներն այդքան էլ մեծ չեն: Սեզոնի հետ է կապված: Հայաստանում շինարարությունը սեզոնային է: Բացի այս՝ ՀՀ-ում շինարարության ծավալներն էլ են նվազել: Դրա համար էլ ցեմենտը դանդաղ է վաճառվում: Պահանջարկ չկա:
-Եթե չկարողանաք իրացնել, ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:
-Հույս ունենք, որ կվաճառվի: Ճիշտ է՝ մի քիչ կձգձգվի, բայց ամեն դեպքում կվաճառվի: Առայժմ եղանակային պայմաններն էլ են նպաստում դրան: Ինձ թվում է՝ ապրիլին կակտիվանա ցեմենտի առեւտուրը:
-Տիկի՛ն Մարտիրոսյան, այս օրերին տարբեր խոսակցություններ են պտտվում գործարանի հնարավոր վաճառքի մասին: Ի՞նչ ծրագրեր կան այդ առումով. հնարավո՞ր է, ի վերջո, վաճառեք այն:
-Ես նման տեղեկություններ չունեմ:
-Իսկ աշխատավարձերը, որոնք ուշացնում էիք, այս պահին նման խնդիրներ կա՞ն:
-Այս պահին մենք աշխատավարձի պարտք չունենք: Փետրվարը նոր է ավարտվել, իսկ մարտն էլ դեռ հաշվարկներ չենք արել: Պարտքեր չունենք:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ