Ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանն իր երկրպագուների համար մի շարք անակնկալներ է պատրաստում, որոնց մասին պատմել է «Ժողովուրդ»-ին: Նա անդրադարձել է նաեւ վերջին շրջանում ժողովրդական երգի հանդեպ ուշադրության աճին` այն պայմանավորելով ժամանակակից ռիթմերի կիրառմամբ: Երգչի համար ստեղծագործության կմախքից ու կառուցվածքից չհեռանալը սկզբունքային հարց է, սակայն միեւնույն ժամանակ, նրա համոզմամբ, արտահայտչամիջոցները պետք է լինեն ժամանակին համահունչ:
-Մա՛վր, վերջերս հանրությանը ներկայացրիք «Դլե Յաման» երգի հիման վրա նկարահանված Ձեր նոր տեսահոլովակը, որը նվիրեցիք Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին: Ռիսկային չէ՞ր, արդյոք, այս գործին «մոտենալը»:
-Երբ գաղափարը դեռեւս քննարկման փուլում էր, ինձ զգուշացնում էին այդ մասին: Կան երգեր, որոնց «մոտենալը», իհարկե, դժվար է: Կոնկրետ դեպքում իմ քայլը ռիսկային էր, սակայն ես նախնական արդյունքից գոհ եմ: Թեպետ նաեւ այն կարծիքին եմ, որ ներկայացրածս տեսահոլովակը չքննարկվեց այնքան, որքան պետք էր: Պատճառը թերեւս այն է, որ հանդիսատեսն այսօր պատրաստի մատուցվող գաղափարով մի արտադրանք է ուզում, որի իմաստի շուրջ առանձնապես մտածել հարկավոր չէ:
-Նշել եք, որ դեմ եք ժողովրդական երգերը ձեւափոխելուն, ամեն դեպքում, նոր արտահայտչամիջոցների կիրառման կարիք տեսնո՞ւմ եք:
-Երգի կմախքից ու կառուցվածքից չհեռանալն ինձ համար սկզբունքային հարց է: Բայց միեւնույն ժամանակ արտահայտչամիջոցները պետք է լինեն ժամանակին համահունչ: Երգիչները նոր-նոր սկսել են կատարողական արվեստում կիրառել սա: Եվ վերջին շրջանում ժողովրդական երգի հանդեպ ուշադրության աճի հիմնական պատճառներից մեկն էլ ժամանակակից ռիթմերի, զգացողությունների կիրառումն է:
-Մարզերում ժողովրդական երգի «քաղց» կա: Ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այդ բացը:
-Այդ բացը, միանշանակ, զգացել եմ: Եթե անկեղծ լինեմ, պետք է նշեմ, որ մարզերում ավելի շատ են լսում ու գնահատում ժողովրդական երգարվեստը, քան մայրաքաղաքում: Այսօր մարզերում կազմակերպվող համերգները քիչ են. դա աններելի է: Ինքս մարզային համերգների հետ կապված առաջիկայի ծրագրեր ունեմ:
-Կա տարածված կարծիք, ըստ որի՝ ժողովրդական երգի սիրահարները Հայաստանում պակասել են, որ երգարվեստի այս տեսակը կորցրել է իր լսարանը: Ի՞նչ կասեք:
-Մինչեւ այս ասպարեզ մուտք գործելը ես էլ էի կարծում, որ ժողովրդական երգ լսողները մեզ մոտ շատ չեն, բայց հավատացեք, որ դա թյուր կարծիք է. նրանք բավական մեծ թիվ են կազմում: Այդ են վկայում լեփ-լեցուն դահլիճները, որոնք մենք կարողանում ենք ապահովել մեր համերգների ժամանակ: Ուրիշ խնդիր է, թե որքանով է այդ լսարանը վճարունակ: Ռեստորանային լսարանն, օրինակ, որը բավականին վճարունակ է, հակված չէ ժողովրդական արվեստին: Թերեւս այդ է պատճառը, որ երգիչները ձգտում են դեպի այլ ժանրերի երաժշտություն:
-Այդ պարագայում ստացվո՞ւմ է ամբողջովին զերծ մնալ ռեստորանային ելույթներից:
-Խնջույքներից ամբողջովին խուսափել հնարավոր չէ, բացառված է: Համենայն դեպս, ես փորձում եմ հնարավորինս զերծ մնալ դրանցից, մասնակցելու դեպքում էլ առաջադրում եմ սեփական պայմանները:
-Պետական կամերային երգչախմբի հետ կապված ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Փաստորեն, այստեղ աշխատելով՝ ակամայից ընտրել եք ավելի սուղ պայմաններ:
-Ասել, որ երգչախմբում հանդես գալը նպաստում է կարիերայում առաջ գնալուն, սուտ կլինի. որպես անհատ երգիչ՝ այստեղ հեռանկար չեմ տեսնում: Փոխարենը, չնայած սուղ պայմաններին, աշխատում եմ հաճելի մթնոլորտում եւ ձեռք բերում պրոֆեսիոնալիզմ:
-Վերջերս նշել եք, որ առաջիկայում անակնկալ է սպասվում Ձեր երկրպագուներին. մի փոքր փակագծերը կբացե՞ք:
-Մոտ ժամանակներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայի կոնտեքստում Ռուսաստանի տարբեր քաղաքներում հանդես կգամ համերգներով: Նաեւ կամերային երգչախմբի հետ շրջագայություն ունեմ Շվեյցարիայում:
Պլանավորում եմ մայիս-հունիս ամիսներին ներկայանալ նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակով: Եվ եթե ամեն բան հաջող ընթանա, ծրագրում եմ աշնանը հանդես գալ մենահամերգով:
Աննա Բաբաջանյան