ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ԲԻԶՆԵՍՈՎ ՉԻ՞ ԶԲԱՂՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունը խոստացած 7 տոկոս տնտեսական աճը կապահովի:
-Պարո՛ն Նուշիկյան, մեծ ջանքերի շնորհիվ կարողացաք դառնալ պատգամավոր, այժմ ի՞նչ գործունեությամբ եք զբաղված: Կոնկրետ կնշե՞ք` ինչ եք անում արդեն որպես ԱԺ պատգամավոր:
-Դե օրենքների հետ կապված որոշակի աշխատանքներ ենք տանում, տնտեսական հանձնաժողովում եմ ընդգրկված, կոնկրետ վաղը (այսօր-Ս.Գ.) մենք նիստ ունենք, բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկենք: Պետք է աշխատենք:
-Կնշե՞ք, թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ինչ հարց եք քննարկելու:
-Դուք հիմա վաղվա (այսօրվա-Ս.Գ.) օրակա՞րգն եք ուզում իմանալ:
-Ըստ Ձեզ՝ ՀՀ կառավարությունը կկարողանա՞ խոստացված 7 տոկոս տնտեսական աճն ապահովել:
-Շատ կուզենամ, որ կարողանան:
-Բայց, Ձեր կարծիքով, դրա համար քայլեր ձեռնարկվո՞ւմ են: Տեսնո՞ւմ եք այդ խոստման իրականացման նախադրյալները:
-Կարծում եմ, որ այո՛: Դե, համենայնդեպս, ուզում եմ տեսնեմ, այսպես ասեմ Ձեզ: Դեռ ժամանակ կա, տեսնենք: Բա ինչո՞վ են զբաղված, աշխատում են: Թե ինչպես կստացվի, ժամանակը ցույց կտա, բայց ես հույս ունեմ, որ լավ կլինի:
-Արդյոք այսօր ամեն ինչ արվում է աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի ՀՀ քաղաքացին չարտագաղթի:
-Կոնկրետ դա ինձ շատ ու շատ մտահոգում է, ու ես կարծում եմ, որ մենք պետք է միջոցներ ձեռք առնենք, որպեսզի կանխենք այդ գործընթացը:
-Արտագաղթը կանխելու համար ի՞նչ է արվում:
-Քայլեր ձեռնարկվում են, այլ հարց է` դա բավարար է, թե չէ: Եթե գնում են, ուրեմն բավարար չէ, եւ պետք է ավելի ուժեղացվեն այդ քայլերը, որպեսզի կարողանան կանխել դա:
-Դուք այժմ հասցնո՞ւմ եք Ձեր բիզնեսներով զբաղվել:
-Ես հիմա կոնկրետ Ազգային Ժողովում եմ, իմ աշխատասենյակում աշխատում եմ:
-Ընդհանրապես բիզնեսով հասցնո՞ւմ եք զբաղվել, թե՞ միայն օրենսդիր աշխատանքով եք զբաղված:
-Չեմ զբաղվում, ես նշեցի, որ այժմ ԱԺ-ում տնտեսական մշտական հանձնաժողովի անդամ եմ եւ զբաղված եմ այդ հարցերով:
-Իսկ այն ապրանքները, որոնք ներկրում էիք Հայաստան, այժմ ո՞վ է զբաղվում այդ աշխատանքներով:
-Մեր կազմակերպությո՞ւնը նկատի ունեք, դրա ղեկավարը ես չեմ, ղեկավարն իմ եղբայրն է: Մի անգամ արդեն պատասխանեցի, որ ես այդ գործերով չեմ զբաղվում, ես այժմ այլ գործունեություն եմ ծավալել:
-Պարո՛ն Նուշիկյան, 1988թ. Գյումրիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Դուք էիք համակարգում ժողովրդին «դոմիկների» հանձնման աշխատանքը…
-Դուք խոսում եք քանի՞ տարի առաջվա բանի մասին:
-24 տարի:
-24 տարվա (ծիծաղում է-Ս.Գ.) թեմայի մասին եք խոսում, պատասխանեմ: Տնակները ես չեմ բաժանել, ես ուղղակի կոորդինացրել եմ այդ տնակների ներմուծումը Հայաստան: Տարբեր առաքողների հետ կապերն եմ ես կոորդինացրել: Իսկ տնակների բաժանմամբ ես չեմ զբաղվել, այն ժամանակ կառավարությունն է դրանով զբաղվել: Բայց այնպես չէ, որ կորել է այդ ամենը, մտել է հանրապետություն, ո՞ւր է կորել: Գնացել է, իր նպատակին է ծառայել:
-Բայց մարդկանց կողմից դժգոհություններ են հնչում…
-Կարող է Պողոսին, Պետրոսին, Կիրակոսին չի հասել, դժգոհություն են հայտնել, դա էլ է բնական, որովհետեւ հնարավոր չէր այդ քանակի ապահովել: Մենք նույնիսկ պալատկաներ ու յուրտաներ էինք բերում, որ կարողանանք մարդկանց ցրտից պաշտպանել: Հետո փայտե տնակներ բերվեցին, բնական է` պահանջարկը մեծ էր: Այդ հարցն այդպես է լուծվել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս