Ո՞վ է պատասխանատու վերելակի ընկնելու հետևանքով գրանցված մահվան համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ մարտի 21-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի (14 հարկ) վերելակի խցիկը վայր էր ընկել, ինչի հետևանքով վերելակում գտնվող ուղևորուհին՝ 37-ամյա Հ. Շահբազյանը, մահացել է։ Նախնական տվյալներով՝ Հ. Շահբազյանը վերելակով իջնելիս է եղել 11-րդ հարկից, որի ժամանակ վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են, ինչի հետևանքով վերելակի խցիկը 6-րդ հարկից վայր է ընկել։ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ճոպանների պոկվելու պատճառները։

Ստեղծված իրավիճակի շուրջ Armlur.am-ը զրուցեց նշված շենքի լիազոր մարմին Աշոտ Հայրապետյանի հետ, ում խոսքով, տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ կարող է ընկնել միայն վերելակների նորոգմամբ զբաղվող «Աջափնյակ-վերելակ» ՓԲ ընկերության վրա.«Իհարկե, ամեն բան պարզ կդառնա միայն փորձաքննությունների եզրակացություններն ունենալուց հետո միայն, սակայն այս դեպքում պատասխանատվությունն այդ ընկերությունը պետք է կրի: Ինքս էլ այդ շենքի բնակիչ եմ, այդ օրը մի քանի անգամ ես և ընտանիքիս անդամներն օգտվել ենք վերելակից, և որևէ խնդիր այդ վերելակի հետ երբևէ չի եղել: «Աջափնյակ-վերելակ»-ի հետ պայմանագիրն ամեն տարի թարմացվում է»:

Armlur.am-ի հարցին` կշարունակե՞ն արդյոք համագործակցել «Աջափնյակ-վերելակ»-ի հետ, եթե պարզվի, որ ընկերության անփութության արդյունքով է տեղի ունեցել դժբախտ դեպքը, շենքի լիազոր մարմինը պատասխանեց. «Կարծում ենք` կհամագործակցենք. ժամանակը ցույց կտա»:

Armlur.am-ը զրուցեց նաև «Աջափնյակ-վերելակ» ՓԲ ընկերության ղեկավար Վարդան Զաքարյանի հետ, ով վստահեցրեց, որ երբևէ որևէ բնակիչ վերելակների հետ կապված բողոք-դժգոհություններ չի ունեցել, երբեք կանչեր չեն գրանցվել: Մեր զրուցակցի խոսքով` նշված վերելակին զուգահեռ վերելակն այս պահին անխափան գործում է. «Կտրված ճոպաններ չունենք, դրանց հետ կապված որևէ խնդիր չկա: Ճոպանները գործարանային են, դրանք պահեստամասայիններով փոխել հնարավոր չէ: Դա մի ամբողջ մետաղական կոնստրուկցիա է: Հիմա երկու տարբեր փորձաքննություններ են նշանակված, մինչև եզրակացությունների պատրաստ լինելը, որևէ հստակ բան ասել չենք կարող, սակայն վստահեցնում եմ Ձեզ, որ ճոպանները անսարք չեն եղել»:
Մեր զրուցակիցը պարզաբանեց նաև, որ ճոպանները 10,5 մմ մետաղից են և ունեն սառեցված հիմք: Դրանք 320 կգ բեռ կարող են «տեղափոխել», շահագործման հետ ևս, Վարդան Զաքարյանի խոսքով, որևէ խնդիր չի եղել: Վերջինս չբացառեց, որ տեղի ունեցածը կարող էր անվտանգության հանգույցների պոկվելու հետևանք լինել:

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Այս հոդվածը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Թե ով պետք է կատարվածի պատասխանը կրի, կպարզի քննությունը, սակայն պետք է նկատել, որ վերելակների անսարքության հետ կապված կանչեր վերջին շրջանում գոնե պաշտոնական տեղեկություններով շատացել են: Իսկ մահվան ելքով դեպքը պետք է որ ավելի սթափեցնի համապատասխան պատասխանատու կառույցներին:




Լրահոս