Վեց տարի աշխատել եմ Ծառուկյանի հետ, ԲՀԿ-ի հետ շփումներում կոմպլեքսավորված չեմ. Մարտուն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում արդեն անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն անդրադարձավ խորհրդարանում իր հետագա գործունեությանը, Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին և իր նախկին կուսակցությանը` ԲՀԿ-ին:

Անդրադառնալով Գյումրիում տիրող քրեական իրավիճակին` նա նշեց, թե նմանատպ դեպքեր տեղի են ունենում Երևանում և համաձայն չէ Գյումրին բանդիտական քաղաք բնորոշելուն: «Ցավալի է, որ նման դեպքեր են կատարվում և երիտասարդներ են զոհվում, բայց, այնուամենայնիվ, նորից եմ ասում՝ սա ո´չ քաղաքական թեմա է, ո´չ էլ ինչ-որ կոնկրետ քաղաքի հետ կապված խնդիրներ են: Սա անձնական հողի վրա կատարված դեպքեր են, մանավանդ, որ դեռ էս պահին էլ նախաքննություն է ընթանում», – նշեց նա:

Անդրադառնալով ԲՀԿ-ի հետ շփումներին, պատգամավորը նշեց. «Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ չշփվելու խնդիր ես բացարձակապես չունեմ, որևէ կերպ կոմպլեքսավորված չեմ: Էնտեղի պատգամավորների հետ արդեն վեց տարուց ավել աշխատել եմ և հայտարարել եմ, որ պատրաստվում եմ համագործակցել բոլորի հետ: Ես չգիտեմ՝ ով է պոկվել, առնետավազքով զբաղվել, ես ընդամենը կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի անելիքն է, ամեն մեկն է որոշում իր անելիքը։ Եվ ես, ճիշտն ասած, բոլորի փոխարեն չեմ կարող ասել, թե ով ինչի համար է այդ քայլին գնացել, ես կոնկրետ արդեն մեկնաբանել եմ, որին ավելացնելու բան չունեմ:

Կոնկրետ ես ասել եմ, որ վեց տարի շարունակ աշխատել եմ Գագիկ Ծառուկյանի հետ՝ որպես կուսակցության նախագահի, այն ծրագրերը, ինչ-որ ունեցել եմ Գյումրու հետ կապված, ներկայացրել եմ պարոն Ծառուկյանին և ԲՀԿ-ի հետ՝ Ծառուկյանի ղեկավարությամբ այդ ծրագրերը իրականացրել ենք։ Այսօրվա դրությամբ ԲՀԿ-ի հետ մնալով՝ Գյումրու հետ կապված խնդիրներին վերջնական ու ավելի լուրջ լուծումներ, գտնում եմ, որ չեմ կարող տալ և այս պահի դրությամբ որպես անկուսակցական պատգամավոր, ավելի շատ զբաղվելու եմ Գյումրու խնդիրներով»,- վստահեցրեց պատգամավորը։




Լրահոս