Ստորև ներկայացնում ենք Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին.
«Հարգելի պարոն Ռուստամյան
Ինձ համար անմոռանալի է դարձել այն օրը, երբ ՀՀ նախագահական ընտրություններում Դուք Աղվան Վարդանյանի եւ Արծվիկ Մինասյանի հետ այցելեցիք ինձ հացադուլի ընթացքում։
Ես պարտավորված եմ զգում այս հրապարակային դիմումով սեւեռել Ձեր ուշադրությունը դաշնակցական ընկեր Արթուր Աղաբեկյանի՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու մասնակցելու փաստին։
Այդ առաջադրումը հակասում է ԼՂՀ սահմանադրությանը եւ որպես հետեւանք՝ վիճահարույց հարց է ստեղծում ՀՅԴ եւ խորհրդարանական ընտրությունների մյուս մասնակիցների միջեւ։
ԼՂՀ սահմանադրության համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Հայաստանում եւ Արցախում բոլորին հայտնի է, որ Արթուր Աղաբեկյանը 2007-2012թթ․ եղել ՀՀ ԱԺ պատգամավոր եւ պատիվ է ունեցել ՀՅԴ-ն ներկայացնելու ՀՀ խորհրդարանում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արթուր Աղաբեկյանը խնդիր ունի պարզաբանելու, թե ինչպես նրան հաջողվեց 2007-2012 թթ․ ընկած ժամանակահատվածում մշտապես բնակվել Արցախում, պահպանել այստեղ ընտրական իրավունքն ու միաժամանակ զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում ԱԺ պատգամավորի պաշտոնը։
2013թ․ նախագահական ընտրություններում ես չեմ հանդուրժել սահմանադրական կարգի տապալման ճանապարհով Սերժ Սարգսյանի առաջադրումը։ Բնականաբար, չեմ կարող հանդուրժել սահմանադրական իրավունքի որեւէ խախտում Արցախի խորհրդարանական ընտրություններում։ Այն ժամանակ Դուք ցուցաբերեցիք աջակցություն մեր երկրում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պահանջին։ Ես ակնկալում եմ, որ հիմա էլ հետեւողական կլինեք այդ սկզբունքին։ Ըստ էության, այսօր ՀՅԴ դիրքորոշումից է կախված` Սահմանադրության պահանջներին համաձայն կհաջողվի՞ Արցախում անցկացնել ազատ եւ արդար խորդհրդարանական ընտրություններ։
Վստահ եմ, որ հավատարիմ մնալով Արցախի սահմանադրության պահանջներին` ՀՅԴ-ն կունենա ավելի մեծ քաղաքական արդյունք, քան կարող է տալ Արթուր Աղաբեկյանի՝ որպես ԱԺ պատգամավոր առաջադրումը Սահմանադրության նսեմացման հաշվին»։
Հարգանքով՝
Անդրիաս Ղուկասյան
23 մարտի, 2015թ, Երեւան»,-նշված է նամակում: