«Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչին Հայաստանը կներկայանա 2-րդ համարի ներքո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Այն կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Այս մասին հայտնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաեւ «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ:

Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ:




Լրահոս