Armlur.am-ին հայտնի դարձավ, որ վերջին շրջանում Տիգրան Ուրիխանյանը հանդիպումներ է անցկացնում տարիներ առաջ իր հիմնադրած Առաջադիմական կուսակցության ինքնալուծարման արդյունքում ԲՀԿ-ին անդամագրված հազարից ավելի անդամների, ինչպես նաև ԲՀԿ-ն լքած տարբեր քաղաքացիների հետ, որոնց հիմնական պահանջը նոր ընդդիմադիր կուսակցություն հիմնելն է:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, հենց այս հանգամանքը հանդիսացավ «Քաղաքացիական շտաբ» հիմնելու առիթ: Մինչդեռ այն չի կարող գրանցվել որպես քաղաքական կուսակցություն Ուրիխանյանի մասնակցությամբ, քանի որ վերջինս պաշտոնապես դեռևս ԲՀԿ անդամ է: Սակայն մեր աղբյուրները վստահորեն հայտնում են, որ մայիսի 2-ին «Քաղաքացիական շտաբը» հիմնադրվելու է որպես հենց քաղաքական կուսակցություն: Ասում են` Ուրիխանյանը չի պատրաստվում իր քաղաքական ճանապարհը շարունակել ԲՀԿ-ի «կառուցողական» ընդդիմության ձևաչափում, այլ պատրաստվում է համախմբել առավել արմատական տրամադրված զանգվածին: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նա հանդես կգա հայտարարությամբ: