ԲՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՖԼԵՇԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական թեժ աշունն կարելի է համարել մեկնարկած: Սկիզբը տրվեց երեկ՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությամբ: Առայժմ ԲՀԿ-ն քննադատության թիրախ է ընտրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որին ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը բավական լուրջ մեղադրանքներ է ներկայացրել՝ խոստանալով հանդես գալ բացահայտումներով:
Նախ առավոտյան Ուրիխանյանը հայտարարություն տարածեց՝ Տիգրան Սարգսյանին ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին մեղադրելով իրենց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ մամուլում սեւ PR ծավալելու մեջ: Նա տեսակետ է հայտնել, որ «այդ երկյակին» հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշը, նաեւ այն, որ ԲՀԿ առաջնորդն ու իր կուսակցության անդամները հրապարակավ քննադատում են «տարվող խայտառակ եւ անարդյունավետ տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել են միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման եւ մտահոգության առարկան»: Ուրիխանյանը նաեւ սպառնացել է վարչապետի, նրա ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների կողմից իրականացվող անօրինականությունների մասին հրապարակել ուշագրավ փաստեր: «Ամեն օր Աստծո անունը տալով եւ Նարեկացի ցիտելով՝ հնարավոր չէ սեփական անբարո դիմագիծը փրկել: Ի դեպ, հիշեցնենք, որ ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ էլ որեւէ այլ կրոն չի ազատում երկրային կյանքում պատասխանատվությունից՝ հարյուր հազարավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու համար»,- ասել է Ուրիխանյանը:
Տիգրան Սարգսյանը կատարվածին արձագանքեց բավական ուշացումով: «Նմանատիպ հայտարարությունները մեկնաբանության կարիք չունեն: Վերջին տարիներին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ իր ընտանիքի հասցեին հնչել են բազմաթիվ անհիմն մեղադրանքներ եւ զրպարտություններ: Երիտասարդ գործչի խոսքերը այդ շարքին են պատկանում»,-ասված է նրա խոսնակի հայտարարության մեջ: Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, Տ. Սարգսյանը, մեղմ ասած, զայրացել է այս ամենից ու որոշել անհետեւանք չթողնել կատարվածը: Միայն թե, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Տ. Սարգսյանը փորձելու է վրեժխնդիր լինել ներքին կարգով՝ իշխանական լծակները գործադրելով: Ըստ մեր տեղեկությունների՝ նա նույնիսկ հասցրել է կատարվածի մասին գանգատվել Սերժ Սարգսյանի մոտ:
Փոխարենը «Ֆլեշ» ընկերությունն է Բարսեղ Բեգլարյանի անունից հայտարարություն տարածել՝ ասելով. «Ուրիխանյանը բավականին երիտասարդ է, հետեւաբար՝ շատ էմոցիոնալ… լինելով ԲՀԿ մամուլի խոսնակ՝ պետք է լավ տեղեկացված լիներ, որ Գագիկ Ծառուկյանի եւ Բարսեղ Բեգլարյանի միջեւ որեւէ հակասություն գոյություն չունի, այլ ինքն է փորձում սխալ մեկնաբանություններով արհեստական խնդիրներ ստեղծել»: Մյուս կողմից Բեգլարյանը ԲՀԿ-ի հասցեին է որոշակի մեղադրանքներ հնչեցրել. «Իսկ թե ինչ մրցակցության մեջ է մտել ԲՀԿ-ն երկրի վարչապետի հետ, որ առիթը բաց չի թողնում  նրան քննադատելու, դա այլ խնդիր է… Եւ ընդհանրապես, յուրաքանչյուրը համարձակություն պիտի ունենա խոստովանելու երկրի տնտեսական ծանր վիճակի համար մեղքի իր բաժինը եւ հետո միայն քննադատի կեցվածք ընդունի»:
Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանն արձագանքել է նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ԲՀԿ գործընկերոջը կոչ անելով լինել կոռեկտ: «Իրեն քաղաքական այլընտրանք հռչակած ուժը պետք է քաղաքական դաշտում զերծ մնա նման գնահատականներից, անձնական վիրավորանքներից, անբարո քաղաքականությունից»,-ասել է Շարմազանովը: Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ուրիխանյանին չեն մեկնաբանում:
Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակադարձեց. «Իմ երիտասարդ լինելն իմ առավելությունն է: Եթե ոմանք երիտասարդ չեն ու դրա հետ կապված բարդույթներ ունեն, իրենց խնդիրն է: Ցավում եմ: Բնության օրենքն է այդպիսին»: Ինչ վերաբերում է Բեգլարյանի ու Ծառուկյանի հարաբերություններին, Ուրիխանյանը նշեց, թե ինքը դրանց չի անդրադարձել, այլ նշել է, որ Բ. Բեգլարյանն ու Տ. Սարգսյանը կանգնած են  Ծառուկյանի դեմ հրապարակումների հետեւում: «Որեւէ անձնական վիրավորանք Տիգրան Սարգսյան եւ Բարսեղ Բեգլարյան անձերի դեմ չունեմ, եւ ընդհանրապես նրանց հանդեպ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ վերաբերմունք չունեմ»,-ասաց նա:
Նկատենք, որ ԲՀԿ-ն, մաս չկազմելով իշխող կոալիցիային, երկրում տիրող ապօրինությունների, սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ այլ աղաղակող բացասական երեւույթների մասին մշտապես հանդես է եկել քննադատությամբ՝ միայն թե որպես թիրախ ընտրելով Տիգրան Սարգսյանին: Ուստի Ուրիխանյանին հարցրինք՝ ինչու են իրենք երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի մասին քննադատում միայն վարչապետին ու խնայում են Սերժ Սարգսյանին: «Ես ասել եմ այն, ինչ տվյալ պահին նպատակահարմար եմ գտել»,-նշեց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս