ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻ` ԲԵՌՆԱԽՑԻԿՈՒՄ
Ռուսաստանում հայտնաբերվել է 2 տարի առաջ կորած մարդու դի: Պարզվել է, որ հանցագործը, սպանելով հարեւանին, դիակը թաքցրել է հենց սպանվածի մեքենայում եւ այն ծիծաղելի գումարով անմիջապես վաճառել ինչ-որ մեկին: Մեքենայի նոր տերը, նկատելով, որ մեքենան ինչ-ինչ խնդիրներ ունի, այն անմիջապես վերավաճառել է մեկ ուրիշի, նա էլ` ուրիշի, եւ այսպես շարունակ: Եւ այդ մարդկանցից ոչ մեկը մինչեւ մեքենան գնելը հարկ չի համարել բացել բեռնախցիկը: Ավտոմեքենայի վերջին տերն էլ երբ հայտնաբերել է սարսափելի բեռը, դիակը գցել է ճանապարհին կից ձորակը, իսկ ավտոմեքենան մասերի բաժանելով՝ վաճառել:

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏՈՐԹԸ
ԱՄՆ-ում հարսանիքներից մեկի ժամանակ հյուրերից մեկը որոշել է զույգին անմոռանալի պահեր պարգեւել: Երբ հարսն ու փեսան պատրաստվում էին կտրել իրենց հարսանեկան տորթը, կատակասեր տղամարդը պայթեցրել է այն: Սակայն նորապսակներին դուր չի եկել կատակը: Տորթի կրեմը կպել է հարսի հագուստին: Զայրացած հարսը վազել է կատակասերի հետեւից, եւ երբ տղամարդը, չկարողանալով հեռու փախչել, ընկել է խոտերի մեջ, հարսը, պահը չկորցնելով, արժանի հարվածներ է հասցրել նրան:

ԿՐԿԻՆ ԼՈՆԴՈՆԸ
Երկրորդ տարին անընդմեջ Լոնդոնը գլխավորում է աշխարհի նորաձեւության մայրաքաղաքների ցուցակը` կրկին շրջանցելով գլխավոր մրցակցին` Նյու Յորքին: Վարկանիշային աղյուսակը ներկայացրել է Global Language Monitor ընկերությունը: Հետազոտության համար հիմք են ծառայել համացանցում ու ԶԼՄ-ներում մեծ հետաքրքրությունն ու համբավը: Նորաձեւության աշխարհի մայրաքաղաքի դիրքը պահպանել Լոնդոնին հաջողվել է դքսուհի Քեթրինի, նրա ամուսին Ուիլյամի անկրկնելի ոճի եւ օլիմպիական խաղերի շնորհիվ: Փարիզը, որը մրցակցությունից դուրս է բարձր նորաձեւության աշխարհում, վարկանիշային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է գտնվում: Առաջին հնգյակում են հայտնվել նաեւ Բարսելոնան ու Մադրիդը:

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է
«Ամերիկյան Շարլոտ քաղաքի բնակիչը ձերբակալվել է Twitter-ի իր էջում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպառնալու համար»,-գրում է Lenta.ru-ն: 21-ամյա Դոնթե Սիմսը, համեմատելով իրեն Ջոն Քենեդու մարդասպանի հետ, գրել էր, որ ատրճանակը դեմ է տալու Օբամայի ճակատին եւ սպանելու է: ԱՄՆ գաղտնի ծառայությունները, իմանալով գրառման մասին, Սիմսի տուն են գնացել եւ ձերբակալել նրան: Երիտասարդին սպառնում  է մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս