Առավոտ. Հորողբեր-մորողբեր չկա, եղունգ ունես՝ գլուխդ քորի. Հրանտ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գեներալ Մանվելի եղբորորդին` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ընդգրկված է Աժ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում: “Առավոտը” երեկ նրանից փորձեց պարզել՝ ի՞նչ բնապահպանական, գյուղատնտեսական խնդիրներ կան ծառացած այսօր մեր երկրի առջև:
“Լսի, Վերահսկիչ պալատն ասում է՝ 900 մլն-ից 404 մլն-ը լափել են. փոխանակ դրանից գրես, եկել ես բնապահպանությունից ես հարցեր տալիս: Զաքարյան Իշխանը լիքը գող է գտել, գնա էդ գողերի մասին գրի: Գրի, թե ով է գողացել, ոնց են լափել”,- ի պատասխան՝ ասաց պարոն Գրիգորյանը:
“Առավոտ”-ի դիտարկմանը, որ Դուք իշխանության մաս եք կազմում, այդ մատնանշած գողերը կառավարության համակարգից են, Ձեր թիմի մասն են կազմում՝ նա պատասխանեց. “Ում թիմից ուզում է լինի, որ գող է՝ գող է: Ես քեզ խորհուրդ եմ տալիս, գնա տես՝ ովքեր են այղ գողերը, գնա անունները գրի, որ վաղը-մյուս օրը իրավապահները քո գրածով գնան, բռնեն գողի ձեռը”:
Թերթը հետաքրքրվեց նաև, թե հիմա ինչպե՞ս են հորեղբոր հետ նրա հարաբերությունները. “Դու գնա գողերի մասին գրի, թե չէ՝ հարցնում ես՝ հորողբորդ հետ ոնց ես: Ի՞նչ հորողբեր: Հորողբեր-մորողբեր չկա, եղունգ ունես՝ գլուխդ քորի”:
Հրանտ Գրիգորյանը հորդորեց իր մասին լավ բաներ գրել, ինչը և անում ենք. արձանագրենք, որ պարոն Գրիգորյանն ապրում է առողջ ապրելակերպով: Աժ-ի նրա սենյակում, անմիջապես նրա գյխավերևում ծխելն արգելելու նշան է դրված, վրան էլ ավելացված՝ “Տուգանք՝ 15,000 դրամ”: Նա վստահեցրեց, որ ինքը չի ծխում, ծխողներին էլ տուգանում է. “Չեմ էլ ծխել, հերս չի թողել ծխեմ: Մի հատ լավ բան էլ մենք անենք, օրինակ՝ չծխենք”:




Լրահոս