ԳՅՈՐՄԱՄԻՇՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդ կա՝ բնակվելու տեղ չունի, մարդ էլ կա՝ իր համար անդրշիրիմյան բնակարան է գնում:  RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ռուսական էստրադայի 63-ամյա պրիմադոննա Ալլա Պուգաչովան տեղ է ձեռք բերել Մոսկվայի Կուզմինյան գերեզմանոցում: Այնտեղ թաղված են երգչուհու հայրը եւ եղբայրը: Տեղեկությունների համաձայն՝ երգչուհին տարածքի համար վճարել է մոտ երկու միլիոն ռուբլի: Կուզմինյան գերեզմանոցը տեղակայված է Մոսկվայի հարավարեւելյան վարչական շրջանում, եւ դրա մակերեսը կազմում է 60 հա: Սակայն միայն մշակույթի գործիչները չէ, որ հոգացել են իրենց հավերժական հանգստի մասին: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, սկանդալային քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին 2 մլն ռուբլի է ծախսել՝ Մոսկվայի Տրոյեկուրովսկի գերեզմանատանն իր համար տարածք գնելու համար:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում այս երեւույթին: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ստիպում հայտնի մարդկանց կենդանության օրոք գերեզմանի տարածք գնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գաղափար չունեմ նման զարգացումներից: Աստվածաշնչում գրված է, թե մի՛ հավաքեք ձեր գանձերը երկրի վրա, որտեղ գողերն են թալանում, մկներն են կրծում, այլ հավաքե՛ք ձեր գանձերը երկնքում, որտեղ ո՛չ գողերն են մտնում թալանում, ո՛չ էլ մկներն են մտնում կրծում: Եթե մարդիկ այնքան են մտահոգված, թե որտեղ են իրենց ուտելու ճիճուները, ապա այս կապակցությամբ ես շնորհավորում եմ ճիճուներին, քանի որ ինձ եւ իմ ընկերներին մտահոգում է, թե ինչ ենք մենք անում եւ որտեղ ենք լինելու:
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
կինոռեժիսոր, “Սարդարապատ” 
շարժման նախաձեռնող խմբի անդամ 
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի՞նչ իմանամ, թե ինչի են գնում այդ քայլին: Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ: Հիվանդ են երեւի կամ էլ գյորմամիշություն են անում, այլ խնդիր չկա այստեղ: Ո՞նց կարելի է այդպիսի բան անել, առողջ մարդը նման քայլի չի գնա: Այս երեւույթին այլ բացատրություն տալ չեմ կարող: 
ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆ
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր մարդ ունի շատ խորը, ներքին աշխարհ, եւ երբ այդ խորը ներքին աշխարհն իրենց թելադրում է նման քայլ կատարել, ապա պարզունակություն կլինի որեւէ գնահատական տալ: Նախ մենք չգիտենք, թե 2 բացառիկ այդ դեմքերը՝ մեկը՝ արվեստի ներկայացուցիչ, մյուսը՝ քաղաքական դաշտի, ինչ հուզումների, ինչ քաղաքական եւ հոգեւոր պայմանների արդյունքում են նման որոշում կայացրել եւ գնացել այդ քայլին: Ուստի մենք պետք է այս ամենին մոտենանք աստվածաշնչյան խոսքով՝ մի՛ դատիր, որ չդատվես: Փիլիսոփայորեն եմ մոտենում երեւույթին եւ ձեռնպահ եմ մնում որեւէ գնահատական տալուց:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
“Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ, 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս