Ի՞նչ եք արել. լուրջ ստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես չեմ տեսնում իմ առջև մի մարդ, ով իսկապես հետևում է հակամրցակցային ոլորտին,  և դրա հետ կապված նման հարց եմ տալիս. 2013, 2014, 2015 թվականներ, ընդհանուր մրցակցային դաշտն ի՞նչ փոփոխության է ենթարկվել հանրապետությունում: Այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ 2015 թվականի գործունեության քննարկման ժամանակ այս այս հարցը բարձրացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:

Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այն խնդիրներին, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, լուծում են տրվել. «Եվ ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրում որևէ տնտեսվարող չի կարող ասել, որ որևէ հարցով դիմել է ՏՄՊՊՀ-ին, այդ խնդիրը գտնվել է հանձնաժողովի իրավասության շրջանակներում, և մեր կառույցը հետևողական չի եղել այդ խնդրի լուծման հարցում», – վստահեցրեց նա:

Հրանտ Բագրատյանը հակադարձեց՝ նկատելով, որ Շաբոյանն այդպես էլ չի լսել, թե իրեն ինչ հարցեր են ուղղվել. «Խնդրում եմ ուշադիր լսեք՝ Ձեզ ինչ եմ հարցնում. գլոբալ մրցակցության ինդեքսով ՀՀ-ն առաջ չի գնում, հետ է գնում, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ, եթե սխալվում եմ՝ բերեք տվյալներն ու ասեք էդպես չէ»,- հարցրեց նա:

Բագրատյանը հիշեցրեց, որ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն ԱԺ-ում չեն թաքցնում, որ հարկ վճարողների թիվը պակասում է. «Ամեն տարի բիզնեսում գրանցվածները հանվում են, հինգ տարին մեկ 30 %-ով պակասում է տնտեսվարող սուբյեկտների թիվը, սա պետք է լինի ձեր գործունեության արդյունքը, էս տեսակետից ի՞նչ եք արել. լուրջ ստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում»,-նկատեց նա:

Արտակ Շաբոյանն էլ պատասխանեց, որ գլոբալ մրցակության ինդեքսի հետ կապված Հրանտ Բագրատյանի դիտարկումներն իրականությանը չեն համապատասխանում: վ«Եթե վերջին երեք տարիների ցուցանիշները վերցնենք, որոնք հրապարակված են, այդ ցուցանիշներով առաջընթաց ենք արձանագրել»,-վստահեցրեց նա:




Լրահոս