Խոզի, տավարի, հավի մսի շուկաներում գերշահույթ կա. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպես հանձնաժողով` դուք թերացել եք իշխող դիրքի չարաշահման դեմ պայքարում: Այսօր ԱԺ-ում, երբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր 2015թվականի գործունեության ծրագիրը, այդ մասին նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

«Խոզի, տավարի, հավի մսի, բուսական յուղի, կարագի, ալյուրի և մի շարք այլ շուկաների պարագայում ներմուծվող ապրանքը վաճառվում է 100-ից մինչ 255 % ավելի գնով, այսինքն` տեղի է ունենում գերշահույթ, որից կարող ենք ենթադրել, որ գերշահույթ ստանում են ներկրողները», – հայտարարեց նա:

Ի պատասխան Շաբոյանը նշեց, որ շահույթի չափը չարաշահման հիմք չի հանդիսանում: «Մեր երկրում տնտեսվարողների շահույթը չի կարող հիմք հանդիսանալ, որ մենք այն դիտարկենք որպես չարաշահում։ Ես նաև պաշտոնապես հայտարարում եմ, որ այն շուկաները, որոնք դուք ներկայացրեցիք և նշեցիք, որ 100-200 % շահույթ են ստանում, իրատեսական չի և չի համապատասխանում իրականությանը», – վստահեցրեց Շաբոյանը:

Ապա պատգամավորն անդրադարձավ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությանը և նշեց, որ ստեղծված վիճակը կարող էր միայն օրենքով ընդունվել: Սակայն  ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ  «Ալեքս գրիգ» ընկերությունը շուկայում մենաշնորհ չունի, քանի որ շաքարավազ ներկրող այլ փոքր ընկերություններ էլ կան։ «Համաձայն մրցակցության պաշտպանության օրենսդրության` մենաշնորհը դա այն երևույթն է, որին պատկանում է շուկայի 100 %-ը։  Եթե օրենքի տեսանկյունից վերցնենք, ապա պետք է նշեք, որ շաքարավազի շուկայում կան նաև այլ փոքր ներկրողներ։ «Ալեքս գրիգ» ընկերությանը պատկանում է 90 քանի տոկոսը»,- ներկայացրեց Արտակ Շաբոյանը։




Լրահոս