ՀՀ սփյուռքի նախարարի նոր հանդիպումները Սիդնեյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանբերայից վերադառնալով Սիդնեյ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի անդամ Ջոնաթան Օ Դիին, ով սերտորեն համագործակցում է ավստրալահայ համայնքի և Հայ դատի գրասենյակի հետ:

Քննարկվեցին Հայաստան-Ավստրալիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Նախարարը շնորհակալություն հայտնեց Հարավային Ուելսի խորհրդարանին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար, խոսեց ցեղասպանությունները կանխարգելելու ճանապահին միջազգային հանրության և հատկապես Թուրքիայի պետական շրջանակների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորության մասին: Նախարարը նշեց, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման հետևանքով է նաև, որ այսօր շարունակվում են ցեղասպանության նոր դրսևորումները:

Հանդիպման ավարտից հետո, նախարարը Ջոնաթան Օ Դիի հետ ծաղկեպսակ դրեց Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի պարտեզում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Նույն օրը, տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի մամլո ասուլիսը՝ հայկական լրատվամիջոցների հետ:

Հարցերը վերաբերում էին Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող իրադարձություններին և միջոցառումներին, Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական վիճակին, ներդրումային քաղաքականությանը և օրենսդրական դաշտին, հայոց լեզվի, մասնավորապես արևմտահայերենի պահպանությանը և այլ խնդիրների:
Նախարարը խոսեց նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններում տիրող իրավիճակի, սիրիահայերի հետ կապված հարցերի և Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության, ինչպես նաև Կանբերայում ունեցած հանդիպումների մասին:

Մամուլի ասուլիսից հետո նախարար Հ. Հակոբյանը հանդիպեց Հայ օգնության միության անդամների հետ, որտեղ հատկապես խոսեց հայապահպանության գործում հայ կնոջ ունեցած կարևորագույն դերի մասին, ներկայացրեց Հայաստանի իրավիճակը, սիրիահայության խնդիրները, ապրիլյան միջոցառումները: Նախարարը կոչ արեց ՀՕՄ-ուհիներին, որպեսզի շարունակեն իրենց ազգանվեր գործունեությունը և իրականացնեն հայադարձությունը խթանող նոր ծրագրեր:

Օրվա ընթացքում սպասվում է ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի անդամների հետ:




Լրահոս