Դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման բոլոր ճանապարհներից ամենակարճը հայկականն է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գազամատակարարման համակարգի արդյունավետությունն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում կցված են մի շարք ուշագրավ տեղեկություններ: Դրանից մեկում, որ վերաբերում է իրանական գազին, տեղեկություններ կան իրանական գազը Հայաստանով Եվրոպա արտահանելու հեռանկարի վերաբերյալ:

Թուրքիան իրանական գազը Եվրոպա հանելու հնարավոր ուղղություններից մեկն է: (…) Նախատեսվում էր, որ թուրքական «Turang Transit Tasimacilik» ընկերությունը կկառուցի ITE (Իրան-Թուրքիա-Եվրոպա) գազամուղը իրանական գազը (տարեկան մոտ 35 մլրդ. մ3) Թուրքիա տեղափոխելու (ներքին սպառման) և Եվրոպա (Գերմանիա) արտահանման համար: Հարկ է նշել, որ գազամուղի կառուցման նախագիծը չիրագործվեց ոչ միայն քաղաքական (մասնավորապես Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների), այլև տեխնիկական և շահագործողական դժվարությունների պատճառով:

Մի քանի անգամ Իրանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են Թուրքիայի տարածքով գազ արտահանել Եվրոպա: Բայց ոչ մի պայմանավորվածություն այդ հարցում չկա: Հարկ է նկատել, որ բոլոր այդ հայտարարությունները արվել են Իրանի միջազգային մեկուսացման ժամանակաշրջանում: Ներկայումս Իրանից Թուրքիա արտահանվում է շուրջ 6 մլրդ. մ3 գազ: Իրանից Թուրքիա տարեկան 10 մլրդ. խորանարդ մետր գազի արտահանման համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 1996թ.: Սակայն Թուրքիան Իրանի հետ մշտական վեճերի մեջ է կապված մատակարարվող գազի գնի հետ: Ի վերջո. Իրանի տարածաշրջանային հավակնությունները, որոնք տրամագծորեն հակառակ են Թուրքիայի շահերին, և Եվրոպա-Թուրքիա լարված և խորը հակասություններ ունեցող հարաբերությունները գրեթե զրոյացնում են Թուրքիայի տարածքով Եվրոպա իրանական գազի արտահանման հեռանկարները:

Արևմուտքը Իրանին առաջարկում է ոչ ռուսական նախագիծ սկզբում իրանական գազը անցնում է Հայաստանով, հետո Վրաստանով, իսկ հետո պլանավորված «Սպիտակ հոսք» գազամուղով («Նաբուկո» համակարգի հյուսիսային մասը»), այսինքն Սև ծովի հատակով Վրաստանից Ուկրաինա և Մոլդովա կարող է մատակարարվել իրանական և թուրքմենական գազ: Ուկրաինան հնարավոր է համարում գազամուղի շինարարությունը Իրան-Հայաստան-Եվրոպա, Վրաստան-Ղրիմ-Եվրոպա մայրուղով: Իրան-Հայաստան գազամուղը, համաձայն ուկրաինական նախագծի, պետք է կառուցվի մինչև վրացական Սուպսա նավահանգիստ, հետո 550 կմ ծովով մինչև Ֆեոդոսիա, իսկ հետո ուկրաինական գազամուղներով Եվրոպա: Ներդրումները գնահատվում են 5-10 մլրդ. դոլար: Հաշվի առնելով Ղրիմի ներկա կարգավիճակը՝ գազամուղը կարող է շրջանցել այն:

Եվրոպա իրանական գազի արտահանման բոլոր ճանապարհներից ամենակարճ և շահավետ ճանապարհը հայկականն է։ Այս ուղու մասին քննարկումները սկսվել են դեռևս 2000-ականների սկզբին: Նախատեսվում է, որ Իրանից Հայաստան կկառուցվի գազամուղի երկու գիծ, յուրաքանչյուրը 1000 մմ տրամագծով և որոնցով հնարավոր կլինի տարեկան արտահանել 60 մլրդ. մ3 գազ: Առաջին փուլը պետք է կազմի տարեկան 25-30 մլրդ. մ3»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս