«ՓՆՈՎՈՂՆԵՐԸ ԵՂՈՒՆԳՆԵՐԸ ԿՐԾԵԼՈՎ` ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երգի շուրջ վերջին շրջանում բուռն քննարկումներ ծավալվեցին, եւ հնչեցին մի շարք իրարամերժ կարծիքներ: «Ժողովուրդ»-ը եվրատեսիլյան թեմայով զրուցել է այս մրցույթի թոհուբոհով անցած մասնակիցներից մեկի` մեր երկիրը «Եվրատեսիլ 2014»-ում ներկայացրած Արամ MP3 -ի հետ:

-Արա՛մ, հետաքրքիր է` այս տարվա եվրատեսիլյան մեր երգը` «Face the Shadow»-ն, հավանե՞լ եք:
-Երգում առկա է մեղեդային հիշվող գիծ, հիթայնություն, որը ստեղծագործությունը դարձնում է հիշվող: Իսկ այդ հանգամանքը մրցույթում հաջողության հասնելու գրավականներից մեկն է: Այսքանով խնդիրը կարելի է համարել լուծված: Տեսահոլովակի ռեժիսորն էլ է լուծել իր առջեւ դրված խնդիրը:
-Որքան էլ կազմակերպիչները նշեն, որ «Եվրատեսիլ»-ը քաղաքական հարթակ չէ, միեւնույն է, այդ ասպեկտը շրջանցելը դժվար է: Օրերս բուռն քննարկումներ ծավալվեցին երգի` «Մի՛ ժխտիր» նախնական անվան փոփոխության հետ կապված: Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:
-«Եվրատեսիլ»-ը քաղաքական հարթակ չի կարելի համարել, սակայն չի էլ կարելի բացառել մրցույթում քաղաքական երանգների առկայությունը: Գիտեմ, որ մեր ստեղծագործական խումբն առաջին օրվանից իր առջեւ դրել է երգը չքաղաքականացնելու խնդիր: Անգամ երգի տեքստում առկա է «բեյբի» բառը, որը մի շարք քննարկումների առիթ տվեց: Ինչպես նշվել է` երգը սիրո մասին է… Պարզապես չար լեզուների պատճառով բանը հասավ նրան, որ փոխվեց դրա անունը: Ամեն դեպքում, ես կուզենայի, որ երգի անվանումը մնար «Մի՛ ժխտիր»: Հայի համար այս բառակապակցությունն ունի հենց այն միտքը, որը ուզում է փոխանցել Եվրոպային:
-Բայց արդյոք պետք չէ՞ր չժխտելու մեր պահանջը մի քիչ ավելի կոշտ դնել:
-Փաստորեն, նույնիսկ այն դեպքում, երբ պահանջը դրվեց փափուկ, արձագանքն այն էր, որ պետք է փոխել երգի վերնագիրը: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե երգն ավելի կոշտ լիներ: Այս պարագայում մենք չենք թելադրում օրենքներ, եւ միեւնույն է, երգը կոշտ ներկայացնելու տարբերակ, կարծում եմ, չունեինք: Մեր կողմից ընտրված է ոսկե միջինի տարբերակը:
-Կա կարծիք, ըստ որի` եթե Եվրոպան մեզ պետք է դներ նման սահմանների մեջ, ավելի լավ էր` առհասարակ նման մտահղացմամբ չմասնակցեինք մրցույթին:
-Դա տարբերակներից մեկն է, սակայն դեռ հարց է, թե ինչպես դա կընդունվեր հանրության կողմից… Եթե հետեւենք սոցցանցերի օգտատերերի գրառումներին, բազում իրարամերժ կարծիքներ կնկատենք: Ի վերջո, հնարավոր չէ բոլորի ցանկությունները բավարարել: Ինձ թվում է` ամեն դեպքում մրցույթին մասնակցել պետք էր: Մենք ներկայացնում ենք մի երգ, որը չի համապատասխանում «Եվրատեսիլ»-ի տեմպոռիթմիկային. սա էլ մի մեսիջ է Եվրոպայի հանդիսատեսին:
-Ամեն դեպքում, մենք Եվրոպայում բարձրացնելու ենք գլոբալ թեմա, մեր ազգային վշտի մասին ենք խոսելու, թեկուզ` տողատակերով: Այս առումով որոշակի վտանգներ, ոմանց կողմից ագրեսիվ դրսեւորումներ հնարավո՞ր է ակնկալել:
-Ինձ թվում է` այդ թոհուբոհն այսքանով ավարտվեց, մրցույթի կամզակերպիչների ցանկությունները բավարարվեցին: Հայկական պատվիրակությունը ցույց տվեց, որ մենք մտադիր չենք քաղաքականացնել ելույթը, այնպես որ վտանգներ, կարծում եմ, չեն լինի: Մասնակիցներն իրենք էլ գիտեն մրցույթի ընթացքում ինչ է պետք խոսել եւ ինչ` ոչ: Եվ, այնուամենայնիվ, գուցե վատ է հնչում, բայց այն հանգամանքը, որ երգը քննարկումների առիթ տվեց, նպաստեց նաեւ երգի փիարին:
-Որպես եվրատեսիլյան անցուդարձից լավատեղյակ արտիստ` ի՞նչ եք կարծում` ինչ գործոններ կարող են ազդել մեր հայրենակիցների ելույթի վրա, եւ ի՞նչ խորհուրդ կտաք խմբի անդամներին:
-Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բեմում մի ամբողջ խումբ է լինելու: Այս հանգամանքը մի կողմից բարդացնում է մասնակիցների գործը, քանի որ հարկավոր է շատ փորձեր անել, բեմի վրա կոնտակտի մեջ լինել, իրար ներկայությունը զգալ: Մյուս կոմից էլ մեկի ներկայությունը մյուսին կարող է ուժ տալ: Կարծում եմ` նրանցից մեկը կստանձնի խմբի «դիրիժոր»-ի դերը (ամենայն հավանականությամբ դա կլինի Ինգան) ով «թեւերը կփռի մյուս մասնակիցների վրա:
-Իսկ ո՞րն է մեր հայրենակիցների դերը` խմբի հաջող ելույթն ապահովելու գործում:
-Ես գիտեմ, որ ով ինչ կարծիք էլ հայտնի, միեւնույնն է` փնովողները եղունգները կրծելով` հետեւելու են մրցույթին: Ուստի ավելի լավ է` բոլորս համախմբվենք եւ սատարենք «Genealogy» խմբին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԶԻՆԱՆՇԱՆԻՆ

Վերջին շրջանում կրկին թեժացել են ՀՀ պետական խորհրդանիշներից մեկի` զինանշանի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ կատարելու հարցի շուրջ քննարկումները: Խոսվում է այն մասին, որ զինանշանն այսօր ներկայացվում է ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակներով, որոնք չեն համապատասխանում «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքին կից հավելվածում ներկայացված զինանշանին:

Մեր ներկայիս զինանշանը, ըստ որոշ արվեստագետների ու մտավորականների, մի շարք թերություններ ունի` թուրը կոտրված է, առյուծի բերանը փակ է (տպավորություն է ստեղծվում, թե նա անպաշտպան է ու անզոր), կարգախոս չի պարունակում եւ այլն: Արդեն շուրջ 2.5 տարի է, ինչ այս հարցը հանրային հնչեղություն է ստացել, եւ արդյունքում վերջերս ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` ՀՀ պետական խորհրդանիշների` մասնավորապես` զինանշանի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանը կարծիք հայտնեց, որ տեղին կլիներ Մարտիրոս Սարյանի հեղինակած զինանշանի վերականգնումը: «Վերջին հաշվով, սա մեր զինանշանը չէ, Անգլիայից, այստեղից- այնտեղից վերցրած «խառնուրդ» զինանշան է. մի տեղից առյուծն են վերցրել, մյուս տեղից` արծիվը, անգրագետ արված աշխատանք է: Իսկ Սարյանի հեղինակած զինանշանում` ցորենի հասկով ու Արարատով, հայկական շունչ կա: Պարզապես պետք է մուրճն ու մանգաղը հանել ու վերջ»,-ասաց նա:
Արվեստագետն այս պարագայում շատ չի կարեւորում այն հարցը, թե բյուջեից որքան գումար կտրամադրվի զինանշանը փոխելուն. «Այստեղ էական է` արդյոք տվյալ զինանշանը մերն է, թե ոչ: Արժեքներ կան, որոնք պետք է քոնը լինեն, եւ որոնց համար պետք է գումար չհաշվես…»,-մեկնաբանեց նա:
Իսկ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այն համոզման է, որ հիմա զինանշանը փոխելու ժամանակը չէ: «Ես դեմ եմ յուրաքանչյուր փոփոխության. կարծում եմ` զինանշանը ինչպես կա, այնպես էլ պետք է մնա: Ժամանակին եւս նման փոփոխություններ կատարելու թեմայով խոսակցություններ էին ծավալվում, ոմանք ասում էին, թե մեր զինանշանը կենդանաբանական այգի է հիշեցնում… Հետո խնդիրը փակվեց-գնաց, զինանշանը ժամանակի հետ դարձավ պատմություն: Սրանք ավելորդ խոսակցություններ են, պարապ բաներով զբաղվելը տեղին չէ»,-համոզմունք հայտնեց Մելքոնյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԱԶՆԱՎՈՒՐՆ ՈՒ ԼԻԴԱ ՏԱՏԻԿԸ
Շառլ Ազնավուրի մոսկովյան համերգի կազմակերպիչները պատրաստ են նախաձեռնել շանսոնյեի եւ 73-ամյա Լիդա տատիկի հանդիպումը: Թոշակառուն, որը Ռունետում հռչակվել է երգչի նկատմամբ իր տածած սիրով, առայժմ նրա համերգին գնալու համաձայնություն չի տվել: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին: Ավելի վաղ լրագրող Ալեքսանդր Չեռնիխն իր բլոգում զետեղել էր Լիդա տատիկի` Ազնավուրի երկրպագուհու տեսահոլովակը, որը մետրոյում նրա համար երգել է շանսոնյեի երգերից մեկը: Բլոգերների ակտիվության շնորհիվ այդ պատմությունը հասել է Ազնավուրի` ապրիլի 22-ին կայանալիք մոսկովյան համերգի կազմակերպիչներին եւ հենց շանսոնյեին: «Շառլ Ազնավուրը շատ է հուզվել, նա պատրաստ է համերգից հետո հանդիպել Լիդիա Իվանովնայի հետ, հաղորդակցվել եւ լուսանկարվել: Համերգի կազմակերպիչները խոստացել են տոմս տրամադրել նրան, բայց առայժմ Լիդիա Իվանովնան, որին հաջողվել է գտնել, չի համաձայնում գալ համերգին, նա ամաչում է»,-հայտնել է Ռուսաստանում Ազնավուրի մամուլի կցորդ Քրիստինա Սարգսյանը:

 

ՊԱՅՔԱՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ
Մեկնարկել է «Արեւավիշապ 2015» գրաֆիկական հումորի երրորդ միջազգային փառատոնը, որն արծարծում է ցեղասպանության, ահաբեկչության, բռնության, այլատյացության թեմաները: Փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայոց ցեղասպանության թեմատիկային զուգահեռ ներկայացված են նաեւ այլ ազգերի հոգսերը, այլ տեսակի խնդիրներ, որոնց դեմ պետք է պայքարել նաեւ արվեստի մեթոդով: Փառատոնին ներկայացված են 47 երկրների 141 հեղինակների գործեր: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի սկիզբը:

 

ԱԴԵԼՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Հայտնի երգչուհի Ադելը գլխավորել է 21-րդ դարի բեսթսելեր-ալբոմների վարկանիշային աղյուսակը: Բրիտանական վարկանիշային աղյուսակների պաշտոնական կայքում ներկայացվել է 2000-2015 թթ. շրջանում առավել մեծ քանակությամբ վաճառված 50 ալբոմ: Ադելի «21» ալբոմը Բրիտանիայում վաճառվել է 4.6 միլիոն օրինակով: Աղյուսակի երկրորդ տեղում Էմի Ուայն Հաուսն է, ում «Back To Black» ալբոմը վաճառվել է 3.5 միլիոն օրինակով: Իսկ եռյակը եզրափակում է Ջեյմս Բլանտն իր «Back To Bedlam» ալբոմով, որը վաճառվել է 3.1 միլիոն օրինակով:




Լրահոս