Այսօր խորհրդարանում գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ գազային հաշվիչների չափաբերումն ու վերանորոգումը չի կարող անել ընկերություն, որը փոխկապակցված է երկրի գազային օպերատորի՝ «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ։
«Հաշվիչների վերանորոգումն ու չափաբերումը պետք է լինի նրանց գործառույթներից դուրս, քանի որ «Գազպրոմ-Արմենիա»-ն շահագրգիռ կողմ է»,- նշեց նա։
Պատգամավորն առաջարկեց ազատականացնել հաշվիչների վերանորոգման ու չափաբերման շուկան, իսկ Չափագիտության ազգային ինստիտուտին առաջարկում է չափորոշիչներ մշակել։ Այվազյանը նաև նշեց, որ գազի մատակարարման անվտանգությունը պետք է որակի որոշման պարտադիր նորմ դառնա:
Նա հիշեցրել է, որ նման կարգ արդեն գործել է մինչեւ 2007 թվականը և վերաբերել է ինչպես բնակչությանը, այնպես էլ ավելի խոշոր սպառողներին: «Անվտանգության հարցը պետք է անկյունաքար դարձնել, իսկ դրա ապահովումը՝ առավելագույնս թափանցիկ»,-ընդգծեց Այվազյանը: