ՏՄՊՊՀ-ն զբաղված է միայն իր վրա գումար ծախսելով. անիմաստ կառույցի վերացումից ոչինչ չի փոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բազմաթիվ գերատեսչություններ եւ պետական այլ մարմիններ կան, որոնց պարտականությունների մեջ է մտնում երկրում տնտեսական ազատ մրցակցության ապահովումը: Իսկ որքանո՞վ է դա հաջողվում:

Նշենք, որ, օրինակ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գոյության միակ իմաստն ու նպատակը Հայաստանում տնտեսական ազատ մրցակցություն ապահովելն է: ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՏՄՊ հանձնաժողովն անկախ մարմին է, վերջինիս անդամները եւ նախագահը նշանակվում են հանրապետության նախագահի կողմից, նրանք կարող են պաշտոնանկ արվել միայն դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու կամ վեց ամիս շարունակ աշխատանքի չներկայանալու դեպքում: Ասել է թե՝ ՏՄՊ հանձնաժողովի անդամներին պաշտոնանկ անելու լծակը, որպես այդպիսին, գոյություն չունի: Ավելին՝ ՀՀ օրենսդրության տեսանկյունից բոլոր պայմանները ստեղծված են այս մարմնի արդյունավետ գործունեության համար: Բայց թե ինչպես է այն գործում իր ստեղծման օրից` 2000 թվականից, թերեւս բոլորին է հայտնի:

ՏՄՊ հանձնաժողովն արդեն երկու օր է՝ ՀՀ ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել 2015 թվականին իր գործունեության ծրագիրը: Այդ ծրագրի առաջին գլխում ներկայացված է Հայաստանում տնտեսական մրցակցության վիճակը, որտեղ որոշակի անդրադարձ կա նաեւ այս կառույցի կողմից անցած տարի կատարված աշխատանքներին:

Ըստ այդմ, կարդում ենք. «Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից հնարավոր չարաշահումների գծով առկա ուսումնասիրությունները թույլ են տալիս առանձնացնել նաեւ չհիմնավորված գնային փոփոխություններին վերաբերող խնդիրը, որի առնչությամբ Հանձնաժողովը կատարել է մի շարք ուսումնասիրություններ: Այսպես՝ դիտարկվել են գնային փոփոխություններ ծխախոտի, կոնյակի, հանքային ջրերի, գարեջրի եւ գազավորված ըմպելիքների շրջանառության բնագավառներում»:

Պատկերացնո՞ւմ եք՝ մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից չարաշահումների խնդիրը ուսումնասիրելու համար ՏՄՊՀ-ն դիտարկումներ է կատարել հատկապես այն շուկաներում, որտեղ, բոլորին է հայտնի, որ լիարժեք մրցակցություն կա: Օրինակ՝ գարեջրի շուկան. այստեղ ունենք երեք հայկական ընկերություններ, որոնք տարիներ շարունակ իրար հետ մրցում են, դրանից բացի՝ մոտ մեկ տասնյակ ընկերություններ Հայաստան են ներկրում չեխական, գերմանական, ավստրիական եւ ռուսական գարեջրեր ու այսպես շարունակ: Այսինքն՝ ինչ-ինչ, բայց այդ շուկան մարցակցության խնդիր չունի:

Իրականությունից կտրված ՏՄՊՊՀ-ն դիտարկումներ է իրականացրել հանքային ջրերի կամ գազավորված ըմպելիքների շուկայում: Անհասկանալի տրամաբանությամբ այդ շուկայում եւս հնձնաժողովը գերիշխող դիրք ունեցողների է փնտրել ու այդպես էլ չի գտել: Բանն այն է, որ Հայաստանում մի քանի ոլորտներ կան, որտեղ դեռեւս իսկապես մրցակցություն կա: Ու այդ ոլորտների վրա ժամանակ եւ ֆինանսներ ծախսելու անհրաժեշտություն ամենեւին էլ չկա:

Փոխարենը ՏՄՊՀ-ն պետք է համարձակություն ունենա մտնելու, օրինակ, այնպիսի շուկաներ, ինչպիսիք են առաջին անհրաժեշտության սննդամթերքները, վառելիքի ու բջջային հեռախոսների ներկրման եւ մնացած մենաշնորհային շուկաները: Բայց այստեղ էլ Շաբոյանի համարձակություն չի բավարարում: Ու արդյունքում ստացվում է, որ այս հանձնաժողովն ուսումնասիրում է բացառապես այն շուկաները, որտեղ մրցակցություն կա, եւ արձանագրում է, թե ինչ օրինապահ երկրում ենք ապրում:

ՏՄՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի շաքարավազի շուկայում մենաշնորհ գոյություն ունի, բայց քանի որ շաքարավազը տեղում է արտադրվում, ուստի, եթե որեւէ մեկը ցանկանում է այդ շուկա մտնել, պետք է ինքն էլ շաքարավազի արտադրություն հիմնի: Նման դեպքերի համար են ասել՝ «խելքիդ ձյուն գա»: Փաստորեն կարող ենք ասել, որ Արտակ Շաբոյանը գաղափար անգամ չունի, թե շաքարավազի շուկայում ինչ է կատարվում:

Նա տեղյակ չէ, որ վերջին երկու տարիներին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին պատկանող, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող շաքարի գործարանը (իրավաբանական անունը «Լուսաստղ շուգար») գրեթե չի գործել: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013-ին Հայաստան է ներկրվել շուրջ 80 հազար, իսկ 2014-ին ավելի քան 100 հազար տոննա շաքարավազ: Այդ ներկրումների 99 տոկոսն իրականացրել է նույն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը: Ու Շաբոյանն այնքան է վախենում այս շուկային մոտենալ, որ խորհրդարան գնալուց առաջ անգամ չի համարձակվել ճշտել, թե շաքարավազն, ի վերջո, ներկրվո՞ւմ է, թե՞ հումքն է բերվում եւ Հայաստանում վերամշակվում:

Կամ պատկերացնո՞ւմ եք, թե Շաբոյանի հետ ինչ տեղի կունենար, եթե նա փորձեր պարզել, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները արտերկրից հետները մեկից ավել բջջային հեռախոս չեն կարող բերել, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ բջջային կապի երեք օպերատորներից բացի՝ Հայաստան բջջային հեռախոսներ ներկրում են միայն նախկին նախագահներից մեկի որդիների ընկերությունները: Մենաշնորհների թվարկումը կարելի շարունակել, որովհետեւ դրանց մասին Շաբոյանը բոլորից լավ գիտի, դրա համար էլ նրա ղեկավարած հանձնաժողովը «ուսումնասիրում» է միայն այն շուկաները, որտեղ դեռեւս մենաշնորհ չկա:

Տեղեկացնենք, որ ՏՄՊՀ-ն գործում է արդեն մոտ 15 տարի, բայց կասկած չկա, որ եթե հենց վաղն այս մարմինը դադարի գործել, ապա Հայաստանի տնտեսությունում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա: Բոլորին հայտնի է, որ նախագահականում են սահմանում Հայաստանի տնտեսական դաշտում խաղի կանոնները, ինչպես նաեւ այնտեղից են բաշխվում տնտեսության առավել «յուղալի կտորների» քվոտաները: ՏՄՊՀ-ի չլինելու միակ հետեւանքը կլինի այն, որ ՀՀ պետբյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ կտնտեսվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս