ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ՝ ՇԵՆՔԻ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առանց էլեկտրասնուցման է մնացել Երեւանի Թամանյան 3 շենքը, որի բնակիչներն ահազանգով դիմել էին «Ժողովուրդ»-ին: Նրանք անհանգստացած էին, որ իրենց շենքի հոսանքագծերն անօրինական տեղափոխում են նոր հարեւանի՝ ՀՀ նախկին վարչապետ  Արմեն Սարգսյանի բնակարանի վերանորոգման պատճառով:
Թաղամասի բնակիչների տեղեկացմամբ՝ Արմեն  Սարգսյանը գնել է Թամանյան 3 շենքի 5-րդ հարկում գտնվող թիվ 3 բնակարանը, որի տանիքը քանդելով՝ տարածքի մակերեսով մեկ կառուցում է 6-րդ հարկ: «Իսկ մենք պարտավոր ենք հանդուրժել, որ նրա պատճառով մեր ամբողջ շենքի հոսանքը կտրեն»,-ասում են նույն շենքի բնակիչները:
Հինգերորդ հարկի բնակիչ 82-ամյա Գագիկ պապը «Ժողովուրդ»-ին  ասաց, որ խնդրի առթիվ բողոքել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որտեղից ստացած պատասխանն ավելի է զայրացրել իրենց: «Եկան, ուսումնասիրեցին եւ ասացին՝ մենք ոչնչով օգնել չենք կարող: Ամբողջ հոսանքագծերը պետք է տեղափոխել, քանի որ դրանք խանգարում են նոր բնակարանի կառուցմանը: Մեր ընկերության ֆինանսական միջոցները չեն ներում հարցը լուծելու համար, այդ պատճառով այն պիտի լուծվի բնակիչներից գումարներ հավաքագրելու միջոցով»,-ասաց նա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից  փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված  նման հայտարարությունը, ինչու պետք է  մեկ բնակչի պատճառած վնասը փոխհատուցվի շենքի բնակիչների կողմից: ՓԲԸ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սերջանյանը մեզ տեղեկացրեց, որ նշված բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնում շենքի բնակիչների կողմից ոչ մի ահազանգ չի ստացվել: «Ինչ վերաբերում է նոր բնակարանի հոսանքի անցկացմանը, այդ բնակարանի սեփականատերն իր համար ապահովում է պահուստային սնուցում: Այնպես որ, տվյալ բնակիչը չի կարող խաթարել ամբողջ շենքի հոսանքի մատակարարումը»,-պատասխանեց Ն. Սերջանյանը:
Հ.Գ. Մինչ հոդվածը պատրաստվում էր տպագրության, խմբագրություն զանգահարեց Գագիկ  պապը եւ տեղեկացրեց, որ արդեն լույս ունեն: «Չնայած վստահ  չեմ,  թե այս հարցը վերջնականապես լուծված է, որովհետեւ հոսանքազրկումը պարբերաբար կրկնվում է»,-նշեց նա:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս