ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երիտասարդ երգչուհի ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ ծնվել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում, այնտեղ սովորել մինչեւ երրորդ դասարանը, հետո տեղափոխվել քաղաք, որպեսզի կարողանա երաժշտական կրթություն ստանալ: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան: Այս տարի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն արժանացավ “Տարվա հայտնություն” մրցանակին: Զրույցի ընթացքում Նարինեն նշեց, որ ցանկանում է ուսումը շարունակել դրսում:
-Ծնվել եք գյուղում, որտեղ ինֆորմացիայի այնքան էլ մեծ հոսք չկա. ինչպե՞ս որոշեցիք երգչուհի դառնալ, ընտանիքում երաժիշտներ կա՞ն:
-Ո՛չ, բայց բոլորն էլ շատ սիրում են երաժշտություն: Ինձ ինչքան հիշում եմ՝ երգում եմ… Վերջին չորս տարվա ընթացքում էլ սկսել եմ հատկապես ջազ երգել, մինչ այդ չէի լսել, չգիտեի, տանն էլ ջազ լսող չկար, մեր գյուղում՝ առավել եւս: Ի դեպ, վատ չի երգում նաեւ քույրս, որն ավարտել է ջազային քոլեջը, բայց այդպես էլ չշարունակեց՝ չնայած շատ լավ ձայն ունի, լավ էլ երգում է. նա հիմա ֆլորիստ-դիզայներ է: 
-Երիտասարդ ու սկսնակ կատարողների համար դժվարությամբ են բացվում դռները, եթե չունեն ծանոթություն: Ձեզ վրա զգացե՞լ եք այդ տեսակի բարդություններ:
-Բնականաբար, լինում են նմանատիպ խնդիրներ. պետք է, լավ է, եթե մեկն օգնում է: Ինձ համար դռները բացվեցին այն պատճառով, որ ինձ շատ էին հավանել, զարմանալի բան է, բայց անկեղծ եմ ասում` իմ”Beautiful Sunday” տեսահոլովակն ինձ համար այցեքարտ դարձավ: 
-Եթերի համա՞ր էլ գումար չեք վճարել:
-Ո՛չ. նույնիսկ տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն իրենք էին զանգում, ասում, որ ուզում են դնել տեսահոլովակս, ու ես էլ տանում էի: Ինչ եղել է, ինքն իրեն է ստացվել, որեւէ մեկը չի միջնորդել, բարեխոսել: Իսկ ընդհանրապես, իմ բոլոր ելույթների հարցերով զբաղվում ենք ես ու մեծ քույրս: Բայց վերջերս “Վիտամին”-ի Գարիկի հետ նկարեցինք տեսահոլովակ, եւ օպերատորը` Դավիթ Այվազյանը, առաջարկեց (մինչ այդ էլ առաջարկել էր), որ դառնա իմ պրոդյուսերը, եւ արդեն միասին ենք աշխատում: 
-Ի դեպ, նկատել եմ, որ հայաստանյան շոու բիզնեսում այդքան էլ ակտիվ չեք. Ձեզ չեմ հանդիպում եւ ոչ մի միջոցառման ժամանակ:
-Ինձ հետ երեւի շատերը կհամաձայնեն, որ ,շոու բիզնեսե հասկացությունը Հայաստանի համար չէ: Եթե նայենք համաշխարհային աստղերին, իրենց շոուներին ու վաստակած գումարներին, մեզ մոտ ուղղակի չկա շոու բիզնես: Ես էլ երգում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, երբեք շուկային հարմար կամ պահանջարկով բան չեմ անում:
Հայաստանում աճելու տեղ պարզապես չկա, լավագույն դեպքում կմեկնես “Եվրատեսիլ”-ի, իսկ արտասահմանում “Եվրատեսիլ”-ը շատ-շատերի սկիզբն է:  Ճիշտ է, բոլորն էլ խոսում են, որ ուզում են դուրս գնալ, ու իրենց թվում է, թե էնտեղ նստած՝ իրենց են սպասում, հենց գնան, ամեն ինչ լավ կլինի, բայց չէ՞ որ այդ ամենը տարիների աշխատանքի ընթացքում է լինում: Քանի որ ուզում եմ ուսումս շարունակել արտասահմանում, գիտակցում եմ, որ ինձ մեծ աշխատանք է սպասվում, ու պատրաստ եմ քրտնաջան աշխատել, սովորել, տեղում չկանգնել, որ հասնեմ ինչ-որ աստիճանի: Շատերը նստում ու սպասում են, որ ինչ-որ բան լինի, հետո էլ դժգոհում, որ իրենց չեն գնահատում, բայց չեն էլ փորձում զարգացնել իրենց շնորհքները: Ամենակարեւորը, երբեք չդադարես աշխատել քեզ վրա:
-Ունե՞ք կյանքի կարգախոս:
-Լինել անկեղծ բոլոր դեպքերում, ուրիշ ոչինչ:
-Գիտեմ, որ բազմանդամ ընտանիքից եք, քանի՞ քույր ու եղբայր ունեք:
-Յոթ երեխա ենք. վեց քույր եւ մեկ եղբայր:
-Բա՞րդ չէ միմյանց հետ լեզու գտնելը, համերա՞շխ  եք: 
-Շատ լավ է բազմազավակ ընտանիքից լինելը, քույրերիս հետ էլ տարիքային տարբերությունը քիչ է, բայց ասեմ՝ բացասականը միայն այն էր, որ մի տան մեջ շատ-շատ էինք, մայրիկի համար էլ էր շատ բարդ. դե պատկերացրե՛ք՝ վեց աղջիկ, ինչքա՜ն կռիվներ կլինեն (ծիծաղում է-Ե. Ռ.): Դե  աղջիկները մեծանալով իրենց տնային տնտեսուհի են զգում, ու սկսվում են տարաձայնություններ կենցաղային հարցերով: Ճիշտ են ասում՝ հարյուր տղամարդ մի տեղ կարող են ապրել, բայց երկու կին` ոչ…  Հիմա արդեն երեք քույրս ամուսնացել են, եղբայրս էլ  ամենափոքրն է, դեռ գյուղում է, չի ուզում տեղափոխվել այստեղ, նոր է ավարտել դպրոցը: Իրականում, ընտանիքով մենք շատ-շատ կապված ենք, երբ երկրից դուրս եմ գնում, ամեն օր հեռախոսով, հեռակապով, ինչքան հնարավոր է՝ խոսում եմ հետները: 
Անձնականի մասին ի՞նչ կասեք:
-Ես ահավոր չեմ սիրում, երբ անձնականիս վերաբերող հարցեր են տալիս: Մարդիկ միշտ էլ խոսում ու խոսելու են, այս հարցը թողնենք անպատասխան:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս