«ԿԱ ՄԻ ՍԱՀՄԱՆ, ՈՐԸ ՉԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիտամին» հումորային ակումբի անդամ Վաչեն (Վաչե Թովմասյան) այն համոզման է, որ հայերս, ի տարբերություն այլ ազգերի, չենք սիրում սեւ հումոր. մենք այդ առումով ավելի կոռեկտ եւ զուսպ ենք: Նրա խոսքով` մենք տանել չենք կարողանում նաեւ, այսպես ասած, «պոշլի» հումորը, այսինքն` սեքսուալ թեմաներով համարձակ հումորները: Այս մասին Վաչեն հայտնել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում` անդրադառնալով նաեւ հանրությանը հետաքրքրող մի շարք այլ հարցերի:

-Վաչե՛, ակումբային հումորը Հայաստանում որակի բարձրացման, ժանրային բազմազանության առումով զարգացման ի՞նչ փուլում է:
-Եթե այս հարցն ինձ ուղղեիք տարիներ առաջ, ես կասեի, որ առաջընթաց չկա, սակայն այսօրվա դրությամբ նկատում եմ, որ ակումբային հումորը Հայաստանում աստիճանաբար զարգացում է ապրում, ինչն ուրախալի է: Նկատելի է, որ Հայաստանում մեծ ճանաչում վայելող փաբերում շաբաթվա մեկ օրը նվիրվում է stand up շոուներին, եւ հայտնվել են բազմաթիվ սթենդափերներ, որոնց թվում կան կիրթ շոու անողներ, ովքեր նոր շունչ են հաղորդում ոլորտին:
-Անմիջական շփման մեջ լինելով հայ հանդիսատեսի հետ` նրանց արձագանքներից պետք է որ կռահած լինեք` որ թեմաներով հումորն է մարդկանց համար ընդունելի եւ որը` ոչ: Առհասարակ, ո՞ր թեմաներն են ամենապահանջվածը:
-Քանի որ հումորն ունի սուբյեկտիվիզմի մեծ տարր, հնարավոր չէ անել կամ ասել մի բան, որը ծիծաղելի կլինի անխտիր բոլորի համար: Լավագույն դեպքում կարող ես ձգտել անել հնարավորինս շատ մարդկանց գրավող հումոր: Ես կարող եմ ասել, թե ինչը ծիծաղելի չէ հայ հանդիսատեսի համար: Հայերս, ի տարբերություն, օրինակ, ռուսների, չենք սիրում սեւ հումոր. մենք այդ առումով ավելի կոռեկտ եւ զուսպ ենք: Մենք տանել չենք կարողանում նաեւ, այսպես ասած, «պոշլի» հումորը, այսինքն` սեքսուալ թեմաներով համարձակ հումորները. սա արդեն մենթալիտետի խնդիր է, եւ, գուցե, լավ է, որ դա կա: Մենք, իհարկե, մեզ թույլ ենք տալիս անել սեքսին առնչվող թեմաներով փոքրիկ հումորիկներ, բայց կա մի սահման, որը չենք անցնում:
-Իսկ ինչո՞ւ է «Վիտամին»-ում բացակայում քաղաքական հումորը:
-Առաջին հերթին հենց մենք չենք ուզում, որ այն լինի: Առանց այն էլ այսօր ամեն քայլափոխի խոսում են քաղաքականությունից, իսկ մենք փորձում ենք անել հնարավորը, որ մարդիկ «անջատվեն» այդ իրականությունից, ոչ թե մեկ անգամ եւս ընկղմվեն քաղաքական հորձանուտում:
-Կան մի քանի հայտնի անձինք, որոնց «Վիտամին» ակումբը պարբերաբար անդրադառնում է: Օրինակ` Արման Բարդումյանը, Անդին, Էմին Դավիդովը եւ այլք: Ձեզանից չե՞ն նեղանում:
-Առհասարակ, մենք որեւէ մեկին նեղացնելու միտում չունենք: Օրինակ` Արման Բարդումյանին նախկինում ուրիշ հումորային ծրագրեր ավելի շատ են անդրադարձել, այդ թեման կարելի է համարել հնացած. նա ասպարեզում չէ, անգամ մեր միջոցով իրեն եթեր է տրամադրվել, ինչի համար նա շատ ուրախ էր եւ շնորհակալ: Էմին Դավիդովին էլ այլեւս չենք անդրադառնում, իսկ Անդին, օրինակ, ներկա է եղել Լոս Անջելեսի մեր համերգներին. աշխատում ենք ոչ ոքի չնեղացնել: Եթե ուշադիր լինեք՝ «աստղային հումորն», առհասարակ, քչացել է մեզ մոտ, այնքան շատ աստղերի ենք հրավիրել, որ «սպառվել են»:
-Վերջերս համացանցում լայն տարածում գտավ ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ նկարահանված հաղորդման հոլովակը: Որոշ կարծիքներ հնչեցին, ըստ որոնց՝ Դուք Ձեր հյուրերին ծաղրելով` դիտելիություն եք ապահովում եւ սենսացիա անում, ի՞նչ կասեք:
-Առհասարակ, մենք աշխատում ենք հրավիրել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց բնագավառում հետաքրքիր են: Լիանան, լինելով աղջիկ հանդիսավար, թամադա, հետաքրքրեց մեզ: Մինչ հաղորդումը նրա հետ ծանոթ չենք եղել եւ պատկերացում չենք ունեցել, թե մինչեւ ուր կարող է հասնել հաղորդման էջը: Այն, ինչ տեսել է հեռուստադիտողը, իմպրովիզացիա էր, ընդ որում, նա տեսել է կատարվածի 40 տոկոսը: Կարծում եմ` տվյալ դեպքում հաջողվել է ուրախ, հումորային հաղորդում ստանալ:
-Վաչե՛, անձամբ Ձեր մասին մարդկանց կարծիքները բավական ծայրահեղ են. նրանք կա՛մ շատ են սիրում Ձեզ, կա՛մ տանել չեն կարողանում, ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ:
-Իմ կարծիքով միջակություն լինելուց վատ բան չկա: Իսկ Ձեր տված ինֆորմացիային կարձագանքեմ այն ժամանակ, երբ այն կմարսեմ, ասենք` մոտավորապես 3 տարի հետո (ծիծաղում է):

 

 

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ «ԹԽԵ՞Լ» Է ԲԵՍՍԱՐԻՈՆԻՑ

Ընդամենը մի քանի օր է, ինչ դադարել են խոսակցությունները մոդելավորողներ Վահան Խաչատրյանի եւ Դիանա Շատվերյանի փոխադարձ մեղադրանքների շուրջ, ըստ որոնց՝ նրանցից մեկը «անամոթաբար» կրկնել էր մյուսի աշխատանքը: «Մեղադրվող» կողմն էլ իրեն չէր կորցրել եւ հրապարակել էր մի լուսանկար, որից կարելի էր ենթադրել, որ իրենք երկուսն էլ կրկնօրինակել են օտարազգի դիզայների: Հիմա էլ նոր սկանդալ է բարձրացել, այս անգամ դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանի շուրջ, որն ըստ ոլորտով հետաքրքրվողների` կրկնօրինակում է ռուսական դիզայներ (ծագումով վրացի) Բեսսարիոն Ռազմադձեին:

«Մինչ բոլորս քննարկում ենք մեր «տաղանդավոր դիզայներ» Անահիտ Սիմոնյանին, ուզում եմ ասել, որ նա արդեն տեւական ժամանակ է` թխում է եւ հայտնիություն է ստանում տառերով շապիկների մի շարքի շնորհիվ, որը նա copy past է արել Բեսսարիոնից: Բեսսարիոն է հագնում անգամ Էվելինա Խրոմչենկոն, նրա մասին գրում են ռուսական հեղինակավոր կայքեր, իսկ «Ինստագրամ»-ի նրա էջում կան տարի ու կես առաջվա վաղեմության լուսանկարներ, որոնցից պարզ երեւում է, որ Հայկոյի կինը թխել է Բեսսարիոնի 2013-2014 աշուն-ձմեռ հավաքածուից»,-գրել է «Սկանդալիստ» անունով բլոգերը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի հետ, ով հավաստիացրեց, որ ինքը ոչ ոքի չի կրկնօրինակել. «Ես ինչ ստեղծում եմ, բխում է իմ հոգուց: Եթե ստեղծել եմ մի հագուստ, որի նմանը կա, դա կարող է պարզապես զուգադիպություն լինել: Իմ հավաքածուն ստեղծելուց առաջ նախկինում երբեւէ չէի տեսել Բեսսարիոնի այդ գործերը, բայց երբ համացանցում տեղադրեցի իմ հավաքածուից լուսանկար, ինձ ուղարկեցին նրա հավաքածուից ֆոտո, եւ ես տեսա, որ նա էլ ունի նմանատիպ ինչ-որ բան: Դրանից հետո զգացի, որ մի քանի հոգի փորձել են համեմատականներ տանել, եւ փոխեցի իմ զգեստների տառերի դիզայնը, ստեղծեցի իմ անձնական ոճը, որը, բնականաբար, կտարբերվեր բոլորից»,-մեկնաբանեց նա:
Անահիտ Սիմոնյանը նաեւ հավելեց, որ ինքը բամբասանքների հետեւից երբեւէ չի ընկել, եւ դրանք իրեն, առհասարակ, հետաքրքիր չեն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ
Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում եւ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 24-31-ը Հայաստանում կանցկացվի Թուրքմենստանի մշակույթի օրեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, ծրագրի շրջանակում Հայաստան կժամանի Թուրքմենստանի մշակույթի եւ արվեստի գործիչների պատվիրակությունը` Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգյուլ Աբդիեւայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են Թուրքմենստանի ժողովրդական եւ վաստակավոր արտիստներ, «Լյալե» վոկալ համույթը, «Շիրին Օվազլար» երաժշտական խումբը, «Սերպայ» ազգագրական անսամբլը: Վերջիններս համերգներով հանդես կգան Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Մշակույթի օրերի շրջանակում կբացվի դեկորատիվ-կիրառական արվեստի եւ թանգարանային առարկաների ցուցահանդես: Բացի այդ` կներկայացվի Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը:

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ
Երգիչ Էրիկ Կարապետյանը հայտնվել է հայ հանրության ուշադրության կենտրոնում, երբ օրերս «21 TV»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է Սվետլանա անունով մի գեղեցկուհու հետ: Էրիկը BRAVO.am-ին հայտնել է, որ իր անձնական կյանքի մասին չի ցանկանում բարձրաձայնել. «Ես նախընտրում եմ իմ արած աշխատանքի, քան իմ անձնական կյանքի մասին խոսել: Ուզում եմ, որ հետաքրքրվեն իմ երաժշտական նորություններով: Ես կարող եմ տարբեր մարդկանց հետ հայտնվել տարբեր վայրերում, բայց չի նշանակում, որ պետք է նրանց մասին պատմեմ: Միգուցե իմ կողքի աղջիկը չի ցանկանում, որ իր մասին բարձրաձայնեմ: Եթե հարսանիք լինի, չեմ թաքցնի»,-ասել է նա:

 

ԷԼ ԵՐԵԽԱ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին քաղցկեղից խուսափելու համար կրկնակի մաստեկտոմիա անելուց հետո կրկին վիրահատության է դիմել:
«Ես այլեւս չեմ կարող երեխաներ ունենալ, քանի որ հեռացրել եմ իմ ֆալոպյան փողն ու ձվարանները` թողնելով արգանդը: Անհնար է լիովին նվազեցնել քաղցկեղ ձեռք բերելու վտանգը, սակայն ես փորձելու եմ բարձր պահել իմ իմունային համակարգը»,-ասել է Ջոլին` The New York Times-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ երգչուհին եւ նրա ամուսինը` Բրեդ Փիթը, ունեն վեց երեխա, որոնցից երեքը նրանց սեփականն են, երեքը` որդեգրված:




Լրահոս