ԸՆԿՂՄՎԱԾ ԵՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախկին պատգամավոր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը՝ Տոնուսի Աշոտը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում  նշեց, որ ինքն այժմ զբաղված է բացառապես իր շինարարական բիզնեսով եւ  քաղաքականությամբ չի զբաղվում: Նաեւ հույս հայտնեց, որ իր փոխարեն պատգամավոր ընտրված  ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն ամեն ինչ կանի ժողովրդի հոգսերը հոգալու համար:
-Պարո՛ն Տոնոյան, վերջին խորհրդարանական ընտրություններում թիվ 3 ընտրատարածքի՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները Ձեզ չընտրեցին: Ներկայում ի՞նչով եք զբաղվում:
-Զբաղված եմ շինարարական գործունեությամբ: Մեր հիմնարկը որ կա՝ ,Տոնուսե ընկերությունը, դրանով եմ զբաղված, էլի հետ եմ վերադարձել իմ գործին: Ես այժմ այդ աշխատանքներով եմ զբաղված:
-Ո՞րն էր պատճառը, որ ՀՀԿ-ի երիտասարդ թեկնածուն Ձեզ հաղթեց: Հուսահատվա՞ծ չեք, որ կրկին ԱԺ պատգամավոր չընտրվեցիք:
-Ո՛չ, հուսահատված չեմ: Նախ` տարբերությունն այդքան մեծ չէր, որ ասենք` չեն ընտրել, շատ քիչ տարբերություն էր: Դե հիմա ով ընտրել ա, ընտրել ա, ով չի ընտրել, չի ընտրել: Ես ի՞նչ կարող եմ ասել: Մեծ տարբերությամբ չի եղել հաղթանակը: Բնակիչներն ինձ եւս շատ ձայն են տվել:
-ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանը կկարողանա՞ անել այն ամենը, ինչը Դուք չհասցրիք անել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների համար: Նա Ձեզ արժանի՞ փոխարինող է: 
-Ես ի՞նչ կարամ ասեմ, ես ի՞նչ իմանամ, շատ կցանկանայի, որ կարողանար:
-Դեռեւս  ապրիլին  գրել էինք, որ մի խումբ քաղաքացիներ դիմել են մեզ ու պատմել, որ 3-4 տարի առաջ իրենցից գումար եք վերցրել Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն մինչ օրս բնակարան չեք հատկացրել: Ավելին, շենքի փոխարեն  այժմ հսկայական փոս է փորված: Ձեզ պատկանող ընկերությունն ինչո՞ւ  խոստումը չի կատարել կամ գոնե չի վերադարձրել բնակիչներից վերցրած  գումարները:
-Այդ խնդիրներն ինձ խանգարեցին էլի, որ ես տրամադրված լինեմ քաղաքական դաշտին: Այդ խնդիրներն ինձ մտահոգում էին ավելի շատ, քան քաղաքականությունը: Դե Հայաստանում չկա մի շինարարական կազմակերպություն, որ խնդիրներ չունենա: Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչից են առաջանում այդ խնդիրները. վաճառքը համարյա զրոյական վիճակում է:
-Այսինքն` այդ խնդիրների պատճառով լավ քարոզչությո՞ւն չարեցիք, թե՞ դրանց պատճառով բնակչությունը Ձեզ ձայն չտվեց:
-Ինչքան կարողացել եմ, քարոզչություն իրականացրել եմ: Ավել բան չեմ կարող ասել:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Ձեր հարաբերությունները բավական լարված էին: Հնարավո՞ր է, որ այդ պատճառով ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ Ձեր “կողքին չկանգնեց”, եւ Դուք պարտվեցիք:
-Ո՛չ, ո՛չ, նման բան չկա: Սխալ տեղեկություններ են, նման բան չկա:
-Այժմ ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների հետ: Նեղացա՞ծ չեք նրանցից:
-Բոլորի հետ էլ շփում կա: Ինչի՞ց պետք է նեղանամ, չէ՛, նման բան չկա:
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին...
-Ես ավելի շատ ընկղմված եմ գործնական խնդիրների մեջ եւ քաղաքական դաշտի հետ կապ չունեմ: Այժմ զբաղված եմ իմ աշխատանքով ու իմ գործերով: Քաղաքականության հետ կապ չունեմ:
-Այսինքն՝ քաղաքականությունից հեռացե՞լ եք, այդ դաշտում Ձեզ այլեւս չե՞նք տեսնելու:
-Ո՛չ, կարելի է այդպես էլ ասել: Բայց ուրիշ պատճառ չունեմ քաղաքականությունից հեռանալու համար, միակ պատճառն իմ զբաղվածությունը, իմ աշխատանքներն են ու վերջ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս