Այս տարի նշում ենք մնջախաղի հայ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանը, Երեւանի պետական մնջախաղի թատրոնը տարին հայտարարել է Ենգիբարյանական: Տոնական տրամադրությունը, սակայն, լիարժեք կլիներ, եթե թեկուզ հոբելյանական առիթն օգտագործելով` ՀՀ մշակույթի նախարարությունը կառուցողական քայլեր աներ` թատրոնին շենքով ապահովելու ուղղությամբ:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է խնդրի մասին: Նրա խոսքով` այդ ուղղությամբ արված ոչ մի առաջարկ ավարտական տեսքի չի բերվում: Պետք է նշել նաեւ, որ Մնջախաղի թատրոնի համար նախատեսված շենքին հարկավոր կլինի բազա, որպեսզի կատարվեն ուսումնասիրություններ հայկական ազգային մնջախաղի ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` կառույցն առաջիկայում ծրագրո՞ւմ է թատրոնին շենքով ապահովելու ուղղությամբ որեւէ հստակ առաջարկով հանդես գալ, արդյո՞ք այս խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է, եւ մինչեւ այսօր ի՞նչ է արվել` դրան լուծում տալու համար: Մեզ պատասխանեցին, որ նախարարությունը համագործակցում է պետական տարածքները տնօրինող լիազոր մարմնի` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, սակայն «Վերջինիս տրամադրության տակ ներկա պահին թատերական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքներ չկան, իսկ նոր շենք կառուցելը պահանջում է մեծ ծախսեր»:
Նախարարությունից չմոռացան հիշեցնել, որ Մնջախաղի պետական թատրոնը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո եւ յուրաքանչյուր տարի սուբսիդավորվում է պետական բյուջեով: «ՀՀ մշակույթի նախարարությունը լրացուցիչ աջակցում է նաեւ թատրոնի կողմից ներկայացվող ստեղծագործական ծրագրերին եւ նախաձեռնություններին»,-հայտնեցին կառույցից:
Հիշեցնենք, որ Մնջախաղի պետական թատրոնն իր ստեղծագործական գործունեությունը ծավալում է Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում:
Աննա Բաբաջանյան