Ռոբերտ Ամիրխանյանը` եվրատեսիլյան մեր երգի բացերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի «Face The Shadow» («Առերեսվի՛ր ստվերին») երգը բազում քննարկումների առիթ տվեց: Այն առանձնապես կարեւորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին Եվրոպայում ազգային կարեւորության թեման բարձրացնելու տեսանկյունից:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց երգի, տեսահոլովակի վերաբերյալ իր մասնագիտական կարծիքը: Նա նշեց, որ հարգանքով վերաբերվելով բոլորի կատարած աշխատանքին, նրանց ցանկությանը` անել լավագույնը, այնուամենայնիվ, այն կարծիքին է, որ նյութում «հայեցի երեւույթ»-ի պակաս կա.

«Ես չէի ուզենա օտարներին բանսարկության նյութ տալ, սակայն, որպես արվեստագետ, կարիք կզգայի, որ նյութի մեջ իմ հայեցի երեւույթը զգացվեր, ոչ թե եվրոպական կուլտուրային տուրք տալու միտումը: Բնական է, որ եվրոպականին տուրք տալով` նրանցից լավ կարող ենք անել այն, ինչ իրենք են անում, բայց ես կուզենայի ոչ թե մոդայիկ, այլ հայաստանյան մշակութային դիմագիծ ունեցող նյութ տեսնել, որ անդրադարձը մեր անցյալին չլիներ փոքրիկ դեկորատիվ նկարի ձեւով»,-մեկնաբանեց կոմպոզիտորը` հիշելով տարիներ առաջ Սերբիայի մասնակցի հաղթանակը:

«Շատ պարզ, առանց ինչ-որ բաներ մոգոնելու փորձեց լինել եւ եղավ ազգային, անկրկնելի, ինքնատիպ երեւույթի մեջ: Այ, մեր դեպքում սրա պակասը շատ զգացի»,-ասաց նա:

Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով` ինքը ցանկություն ուներ ոչ թե երաժշտությունը մոդայիկ կերպով ներկայացնող, այլ իդեա արտահայտող երգչական վարք տեսնել. «Չէի ուզենա, որ երգչական խումբը պատերի մեջ դեգերող, կարծես խղճուկ մի վիճակի մեջ տեսնել: Ռեժիսորական մտահղացումը` պատերի արանքում դնել տարբեր երգիչների, գեղարվեստական առումով կարող է լավը լինել, սակայն սիտուացիայի առումով ցույց է տալիս, թե հայ ժողովուրդը գտնվում է անելանելի վիճակի մեջ. այդպիսին չէ մեր ժողովուրդը: Վերջում պետք է պատերը շրջվեին, փուլ գային, այնինչ՝ երգիչները մնացին «դատապարտված»` այդ վիճակի մեջ. ի՞նչ է` մենք ուժ չունե՞նք ապրելու»,-նկատեց նա:

Կոմպոզիտորն անդրադարձավ նաեւ արտիստիզմի խնդրին. «Մասնավորապես Ինգա Արշակյանի մասով պետք է նշեմ, որ լավ կլիներ` նրա հետ ռեժիսորական աշխատանք տարվեր` վարքին նպատակային, կերպարային արտահայտություն հաղորդելու համար»:

Այնուամենայնիվ, Ռոբերտ Ամիրխանյանը նշեց` լավ է, որ աշխարհին տվել ենք քննարկելու նյութ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս