ՀՀ ղեկավարությունը թույլ է տվել, որ «ՀայՌուսգազարդը» պարտք կուտակի. սակագինն իրականում 100 դրամից բարձր չպիտի լիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի («Գազի հանձնաժողով») կողմից շրջանառության մեջ դրված եզրակացության նախագծում եւ կից փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջությամբ բացահայտում են, թե ինչու է հայ սպառողը հայտնվել նման «անտեր» վիճակում:

Ըստ այդմ, պաշտոնապես հաստատվում է՝ ՀՀ Կառավարության գիտությամբ Հայաստան ներկրվող գազի 1000 խ/մ-ի գինը ռուսական կողմը թանկացրել է դեռեւս 2011 թվականի հունիսի 1-ից` 180 դոլարից դարձնելով 210 դոլար, 2012 թվականի ապրիլի 1-ից` 240 դոլար, 2013 թվականի ապրիլի 1-ից` 270 դոլար: Այս փաստն ուշագրավ է, որովհետեւ այդ ընթացքում մամուլում բազմիցս գրվել է, որ ռուսական կողմը գազի գինը թանկացրել է: Բազմիցս լրագրողները ՀՀ Կառավարության անդամներին խնդրել են պարզաբանել գազի թանկացման մասին լուրերը, բայց ամեն անգամ Հայաստանի պաշտոնյաները հերքում էին գազի գնի բարձրացման մասին լուրերը: Այժմ կարող ենք ասել, որ պետական պաշտոնյաները, այդ թվում նաեւ՝ անձամբ Սերժ Սարգսյանը, տարիներ շարունակ հրապարակավ խաբել են ՀՀ քաղաքացուն:

Արդյունքում, 2011-2013 թվականներին, չնայած ռուսական կողմը գազի գինը թանկացրած է եղել, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն (ներկայիս «Գազպրոմ-Արմենիան») մատակարարված գազի դիմաց վճարել է 180 դոլար եւ ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ կուտակել պարտքը, որը 2013-ի տարեվերջին կազմել է 329.2 մլն դոլար:

«Գազի հանձնաժողովի» եզրակացությունից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է նաեւ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. մայիսի 14-ին գրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին եւ «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահ Վարդան Հարությունյանին առաջարկել է ՀՀ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման ժամանակ պայմանագրով նախատեսված հազար խ/մ-ը 270 դոլարը նվազեցնել 30 տոկոսով եւ հաշվարկնել 189 դոլար: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է նաեւ, որ «Տարբերությունը կփոխհատուցվի ՀՀ Կառավարության կողմից, որի մեխանիզմները քննարկվում են ՌԴ Կառավարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ»: ՀՀ Կառավարությունը հենց այդ ժամանակ է պարտավորվել վաճառել Հայաստանին պատկանող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը եւ գործարքից ստացած միջոցների հաշվին փոխհատուցել 2012-ի հունվարի 1-ից մինչեւ 2013 թ.-ը կուտակված պարտքը: Այսինքն՝ ՀՀ ղեկավարությունը քաղաքացիներից թաքուն նախ թույլ է տվել, որ «ՀայՌուսգազարդը» առեւտրային պարտք կուտակի, այնուհետեւ խոստացել է դրա դիմաց վճարել, ասել է թե՝ ՀՀ քաղաքացուն պատկանող գույքով` բաժնետոմսերով:

«Գազի հանձնաժողովի» եզրակացության համաձայն՝ 2010-2012 թթ.-ին «ՀայՌուսգազարդը» գազամատակարարման համակարգի տեխնոլոգիական կորուստների կրճատելու նպատակով ներդրումներ չի կատարել: Այնուհետեւ եզրակացությունում կարդում ենք. «ՀՀ գազամատակարարման փոխադրման եւ բաշխման համակարգերում փաստացի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները փոքր չեն»: Կորուստները ըստ տարիների՝

2009 թ. 7.5%-140 մլն 170.929 հազ. խ/մ,
2010 թ. 8.6%-127 մլն 563.311 հազ. խ/մ,
2011 թ. 7.9%-122 մլն 6.296 հազ. խ/մ,
2012 թ. 6.8%-127 մլն 437.82 հազ. խ/մ,
2013 թ. 6.9%-134 մլն 114.998 հազ. խ/մ:

Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ կորուստները 5.37%-ից բարձր չպիտի լինեն:
2009-2013 թթ.-ին ՀՀ գյուղական համայնքների գազաֆիկացման նպատակով ներդրվել է 7 մլրդ 469 մլն 479,1 հազ. դրամ, որից «ՀայՌուսգազարդի» մասը 130 մլն 200 հազ. դրամն է կամ 1.7 տոկոսը: 2010-2012 թթ.-ին ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից հաստատված ծրագրով «ՀայՌուսգազարդի» ներդրումները պետք է կազմեին 21 տրիլիոն 255 մլրդ 600 մլն դրամ, այդ գումարը ներառվել է գազի սակագնում: Սակայն «ՀայՌուսգազարդի» ընդհանուր ներդրումները կազմել են 17 տրիլիոն 330 մլրդ. 800 մլն դրամ: Այսինքն՝ 3 տրիլիոն 924 մլրդ 800 մլն դրամի ներդրումը չի իրականացվել: Ստացվում է, որ սպառողներից նշված թվի չափով չհիմնավորված գումար է գանձվել:

Աշխատավարձ, շահույթ, անգամ ծաղիկները՝ սպառողի հաշվին

«Գազի հանձնաժողովն» արձանագրել է, որ սպառողին մատակարարվող բնական գազի գործող սակագնում մատակարարի տարեկան շահույթը հաշվարկված է 10 տոկոս` 13 մլրդ 860.19 մլն. դրամ: Իսկ ինչու 10 տոկոս եւ ոչ թե 5, այս հարցի պատասխանը չկա եզրակացությունում:

Նշենք, որ գազի գործող 156 դրամ 1խ/մ սակագնում հաշվարկվել եւ որպես ամորտիզացիոն ծախս ներառվել են «ՀայՌուսգազարդի» կողմից գնված «նկարներ (տարբեր չափերի), թաղային եւ սենյակային բույսեր, բազմամյա տնկիներ, ավտոմեքենաներ» եւ այսպես շարունակ: Այսինքն՝ սպառողներս վճարում ենք նաեւ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների սենյակներում դրված, բակում տնկած ծաղիկների, նրանց գեղագիտական ճաշակին համահունչ նկարների, կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ նրանց «կայֆերի» համար:

Մինչ գործող սակագնի կիրառումը (2013-ի հուլիսի 7), «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների աշխատավարձը սակագնում հաշվարկվել է 6 մլրդ 842.98 մլն դրամ, որը 1 խ/մ գազի սակագնում կազմել է 4,4 դրամ: Այսինքն՝ նախկին 132 դրամի 4,4 դրամը սպառողը վճարել է, որպեսզի «ՀայՌուսգազարդի» աշխատակիցը աշխատավարձ ստանա (գլխավոր տնօրենի աշխատավարձը, ըստ լուրերի, ամսական 40 հազար դոլար է): Գազի գործող 1 խ/մ 156 դրամ սակագնի հաշվարկներում աշխատավարձի մասով ավելացվել է եւս 8 մլրդ 909.91 մլն. դրամ: Արդյունքում՝ 1 խ/մ գազի դիմաց գանձվող 156 դրամից 9,2-ը վճարում ենք «ՀայՌուսգազարդի» աշխատակցի աշխատավարձի համար: Միջինացված նրանց աշխատավարձը ստացվում է ամսական 227 հազար դրամ` 5 հազ. 783 աշխատակիցների համար: Իրականում այդ գումարի մոտ 30 տոկոսն է ծախսվում հիմնական, այսպես կոչված, ոչ ղեկավար կազմի աշխատավարձերի վրա: Իսկ գումարի առյուծի բաժինը բաշխվում է նախկին «ՀայՌուսգազարդի», իսկ այժմ արդեն «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար կազմի մի քանի տասնյակ պաշտոնյաների միջեւ:

«Գազի հանձնաժողովը» նաեւ արձանագրել է, որ գազի հաշվիչների ստուգաչափման եւ նորոգման աշխատանքների կատարողը եւ մատակարարը, տվյալ դեպքում՝ «Գազպրոմ-Արմենիան», իրար հետ չպետք է կապ ունենան: Բանն այն է, որ վերը նշված ծառայությունը հիմնականում մատուցում է «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս սեփականատերը նույն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է: Այսինքն՝ ոչ մի երաշխիք չկա, որ «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ենթարկված գազի հաշվիչները հավելագրումով չեն աշխատում` հօգուտ ընկերության սեփականատիրոջ` «Գազպրոմ Արմենիայի»:

Մի խոսքով, չնայած «Գազի հանձնաժողովն» իր ուսումնասիրությունների արդյունքում օրենքի խախտումներ չի արձանագրել, սակայն այս կառույցի կողմից հավաքագրված թվերն ու փաստերը վկայում են, որ եթե ՀՀ իշխանությունները մի փոքր անգամ ՀՀ քաղաքացիների շահերի մասին մտածեին, ապա բնական գազի 1 խ/մ-ի գործող 156 դրամ սակագինն իրականում 100 դրամից բարձր չպիտի լիներ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս