Ռուս պատգամավորը բարեկամական ժեստ է համարում Պերմյակովի գործի քննությունը հայերին հանձնելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ խորհրդարանում ընթանում է ՌԴ պետական դումայի` ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի և հայ պատգամավորների համատեղ նիստը:

Նիստում հայ պատգամավորները բարձրացրին ինչպես Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցեր, այնպես էլ Գյումրիում 7 մարդու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործի քննության հարցը:

«Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր խոսքում նշեց, որ միշտ ողջունել են Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունը: Պատգամավորը ընդգծեց, թե կցանկանար, որ Ռուսաստանն իրականացներ Պերմյակովի գործի հետ կապված իր գործառույթները, և հայտարարեց, որ նրան պետք է հանձնեն Հայաստանի դատին:

Արզումանյանն ընդգծեց, որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի, այլ ոչ թե ռազմաբազայի տարածում, հետևաբար, նրան պետք է հանձնեն մեր դատին:

Ռուսաստանի ներկայացուցիչ, պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդևն ի պատասխան նշեց, որ իրենք ամեն ինչ արել են, որ գործի քննությունն ընթանա Հայաստանի Հանրապետությունում, և դա համարեց հայ և ռուս ազգերի եղբայրական կապերի վառ ապացույց և բարեկամական ժեստ: Նա նշել էր, թե հանցագործությունը կատարվել է ՀՀ-ում և այդ պատճառով էլ նրա դատավարությունը կկայանա այստեղ:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ իրենք ցանկանում են տեղեկանալ հանցագործության մոտիվացիայի մասին: Իսկ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ  կոչ արեց առաջին հերթին քննակել այն հարցը, թե ինչու ռուս սահմանապահները, երբ բռնել են Պերմյակովին սահմանը հատելիս, վերջինիս պահել են իրենց մոտ, այլ ոչ թե տվել հայկական կողմին:

Նշենք, որ պատվիրակության անդամները վաղը մեկնելու են Գյումրի:




Լրահոս