ՄԻԱՅՆԱԿ ՄՈՐԸ ԿՏՐԵԼ ԵՆ ՆՊԱՍՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած 46-ամյա Սանդուխտ Մանուկյանը, իր իսկ խոսքով, հայտնվել է երկու քարի արանքում: Նա միայնակ մայր է, դժվարություններով մեծացրել է միակ դստերը եւ արդյունքում կորցրել առողջությունը: Սանդուխտի հավաստմամբ՝ իրեն օրենքով թոշակ է հասնում, սակայն չեն տալիս: «Ինձ անարդարացի կերպով զրկել են թոշակից, չեմ կարողանում գոյությունս պաշտպանել, մի՞թե այսպես են մեր երկրում օգնում միայնակ մայրերին»,-դժգոհելով ասաց նա:
1986թ. ծնվում է Սանդուխտի միակ դուստրը` Լուսինեն, սակայն երկու տարի հետո ամուսինը լքում է նրանց` կնոջը եւ դստերը թողնելով բախտի քմահաճույքին: «Շատ դժվար օրեր եմ ապրել, ցուրտ, մութ, անքուն գիշերների գնով մեծացրի դստերս: Ամուսնուցս 1988թ. մինչ օրս ոչ մի լուր չունեմ: Նա անգամ իր դստերը մի օր չի հիշել, ուր մնաց թե ինչ-որ բանով օգնի»,-պատմեց նա: Սանդուխտն իր փոքրիկ ընտանիքը պահելու համար ողջ կյանքը հավաքարար է աշխատել: «Երկար տարիներ հացի փռում եմ հավաքարար եղել, իսկ արդեն 7-րդ տարին է՝ աշխատում եմ 8-րդ պոլիկլինիկայում, էլի հավաքարարի գործն եմ անում: Արդեն 15-20 տարի է՝ տառապում եմ խրոնիկ բրոնխիտ ասթմա հիվանդությամբ: Վիճակս վատացավ, ինձ տեղափոխեցին հիվանդանոց: 6-րդ հիվանդանոցում բժշկի տված եզրակացության հիման վրա կարող եմ թոշակ ստանալ հիվանդությանս համար: Ստացա, բայց իմ եւ դստերս փոքրիկ ուրախությունը կարճ տեւեց»:
Մեր զրուցակցի պատմելով՝ նա «Արտմեդ»-ի բժշկական  հանձնաժողովի  փորձաքննական եզրակացության հիման վրա կարողացել է 20.000 դրամ թոշակ ստանալ, սակայն, ըստ օրենքի, ամեն տարի պետք է նորից բուժզննում անցներ. «Համապատասխան բուժզննումն անցա, ինձ կամիսիայում հարցրին, թե աշխատում եմ, ես էլ պատասխանեցի, որ ճիշտ է, առողջությունս չի ներում, բայց թոշակի 20.000 դրամով չեմ կարող ապրել, դրա համար էլ ստիպված հավաքարարություն եմ անում, որ երեխաս սովից չմեռնի»: Ըստ Սանդուխտի՝ իր այդ պատասխանից հետո նրան այլեւս թոշակ չեն տալիս՝ պատճառաբանելով, թե կարողանում է ֆիզիկական աշխատանք կատարել:
«Ընկել եմ դռնեդուռ, դիմել եմ, ասել եմ, որ 20.000 դրամով չեմ կարող ապրել, ինձ կամիսիայի աշխատակցուհին պատասխանել է, թե պետք է ընտրես կա՛մ աշխատանքդ, կա՛մ թոշակը: Հավաքարարի իմ աշխատավարձը կազմում է 35.000 դրամ, իսկ թոշակը` 20.000 դրամ: Ի՞նչ անեմ, որն ավելի շատ է, դա ընտրեցի»,-հուսահատ նշեց Սանդուխտը: Նրա պատմելով՝ այսօր աշխատավարձի մեծ մասն ինքը տալիս է դեղերին, իսկ գոյությունը մայր ու աղջիկ մի կերպ են պահպանում: Աղջիկը չի կարողանում աշխատանք գտնել, իսկ ինքն էլ հոգնել է անընդհատ բողոքելուց ու լաց լինելուց: «Տեսնես կգա՞ այն օրը, որ մեր երկրում կարիքավորներին օգնեն, իսկապես ծանր կացության մեջ հայտնվածներին աջակցեն: Չի կարելի այսքան անարդար ու դաժան վարվել ինձ հետ, քանի որ կյանքն ինձ իր դաժան դասերը վաղուց է տվել»,-ասաց նա՝ հուսալով, որ այս հրապարակումից հետո գոնե ինչ-որ մեկը բարեգութ կգտնվի եւ այս հարցին արդարացի լուծում կտա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս