ԹԱԼԱՆՎԱԾ ԵՐԿԱԹԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրի ղեկավարները, տնտեսական ոլորտի պատասխանատուները Հայաստանում տնտեսական աճի ցածր նիշերի մասին խոսելիս, ի թիվս այլ պատճառների, նշում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակումը: Այն խանգարում է Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանմանը, թանկ են նստում հանրապետություն ներկրվող ապրանքները: Սակայն անգամ Հայաստանի ներսում տրանսպորտային բոլոր կապուղիներն արդյունավետ չեն օգտագործվում: Խորհրդային տարիներին կառուցվեց Իջեւան-Հրազդան երկաթգիծը: Իջեւանից երկաթգիծը միանում էր ադրբեջանական երկաթուղուն: Այդ երկաթգիծն արդեն 20 տարի անգործության է մատնված: Տարիների ընթացքում այն թալանվել է, գողացել են երկաթգծի էլեկտրական լարերը, հիմա էլ թալանը շարունակվում է: Մինչդեռ երկաթգիծը վերականգնելու եւ գործարկելու դեպքում դա կկանխվեր:
Ներկայում Իջեւանի տարածաշրջանից արտերկիր արտադրանք արտահանող ընկերությունները՝ «Քարարտ»-ը, «Բենտոնիտ»-ը, մեծ դժվարություններ են կրում: Ստիպված ավտոմեքենաներով իրենց ապրանքը տեղափոխում են երկաթուղային Այրում կայարան, այնտեղից՝ Վրաստան եւ ապա տարբեր ուղիներով՝ արտերկիր: Մինչդեռ Իջեւան-Հրազդան երկաթուղին վերագործարկելու դեպքում ինչպես նշված, այնպես էլ Տավուշի մարզի այլ ընկերությունների (օրինակ՝ Դիլիջանի հանքային ջրերի գործարանի) արտադրանքն Այրում կայարան կհասցվեր երկաթգծով, որն ամենաէժան տրանսպորտային միջոցն է: Իջեւան-Հրազդան երկաթգծի մի հատված Հաղարծին գյուղի տարածքում սողանքից քանդված է: Սակայն այն կարելի է վերականգնել: Իջեւան-Հրազդան երկաթգծի վերականգնումից հետո դրանից կօգտվեն նաեւ Տավուշի մարզի բնակիչները, կլինի որոշակի ուղեւորահոսք:




Լրահոս