Իրականում, մեզ չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ Ադրբեջանը սպառազինվում է, և դա անկախ այն հանգամանքից, թե որ երկիրն է սպառազինում Ադրբեջանին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Եվ ՀՀ նախագահի մտահոգությունը կայանում է նրանում, որ մեր զինվորի մոտ այն զգացողությունն է, որ Հայաստանին կրակում են ռուսական զենքով: Մենք շատ բարձր մակարդակի ռազմատեխնիկական համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ և, բնականաբար, նույնպես ձեռք ենք բերում ՌԴ-ից սպառազինություն: Մեզ համար զենքը պաշտպանական նշանակություն ունի, Ադրբեջանի համար` հարձակողական», – ընդգծեց նա:
Այս հարցին անդրադարձավ նաև ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Նախ նա նշեց, որ Ռուսաստանի համար և’ Հայաստանը, և’ Ադրբեջանը հանդիսանում են գործընկերներ, և իրենք չեն կարող դադարեցնել նրանցից որևէ մեկի հետ համագործակցությունը: Նրա խոսքով` միակ տարբերակը Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումն է, որի համար էլ կան Մադրիդյան սկզբունքները:
Սլուցկին ընդգծեց, որ Ադրբեջանը Ռուսաստանին մեծ գումարներ է վճարում սպառազինության համար, իսկ Հայաստանը զենք է ստանում լրիվ այլ պայմաններով: