Հայաստանում բազմաթիվ գերատեսչություններ եւ պետական այլ մարմիններ կան, որոնց պարտականությունների մեջ է մտնում երկրում տնտեսական ազատ մրցակցության ապահովումը: Իսկ որքանո՞վ է դա հաջողվում:
Նշենք, որ, օրինակ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գոյության միակ իմաստն ու նպատակը Հայաստանում տնտեսական ազատ մրցակցություն ապահովելն է: ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՏՄՊ հանձնաժողովն անկախ մարմին է, վերջինիս անդամները եւ նախագահը նշանակվում են հանրապետության նախագահի կողմից, նրանք կարող են պաշտոնանկ արվել միայն դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու կամ վեց ամիս շարունակ աշխատանքի չներկայանալու դեպքում: Ասել է թե՝ ՏՄՊ հանձնաժողովի անդամներին պաշտոնանկ անելու լծակը, որպես այդպիսին, գոյություն չունի: Ավելին՝ ՀՀ օրենսդրության տեսանկյունից բոլոր պայմանները ստեղծված են այս մարմնի արդյունավետ գործունեության համար: Բայց թե ինչպես է այն գործում իր ստեղծման օրից` 2000 թվականից, թերեւս բոլորին է հայտնի:
ՏՄՊ հանձնաժողովն արդեն երկու օր է՝ ՀՀ ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել 2015 թվականին իր գործունեության ծրագիրը: Այդ ծրագրի առաջին գլխում ներկայացված է Հայաստանում տնտեսական մրցակցության վիճակը, որտեղ որոշակի անդրադարձ կա նաեւ այս կառույցի կողմից անցած տարի կատարված աշխատանքներին: Ըստ այդմ, կարդում ենք. «Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից հնարավոր չարաշահումների գծով առկա ուսումնասիրությունները թույլ են տալիս առանձնացնել նաեւ չհիմնավորված գնային փոփոխություններին վերաբերող խնդիրը, որի առնչությամբ Հանձնաժողովը կատարել է մի շարք ուսումնասիրություններ: Այսպես՝ դիտարկվել են գնային փոփոխություններ ծխախոտի, կոնյակի, հանքային ջրերի, գարեջրի եւ գազավորված ըմպելիքների շրջանառության բնագավառներում»: Պատկերացնո՞ւմ եք՝ մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից չարաշահումների խնդիրը ուսումնասիրելու համար ՏՄՊՀ-ն դիտարկումներ է կատարել հատկապես այն շուկաներում, որտեղ, բոլորին է հայտնի, որ լիարժեք մրցակցություն կա: Օրինակ՝ գարեջրի շուկան. այստեղ ունենք երեք հայկական ընկերություններ, որոնք տարիներ շարունակ իրար հետ մրցում են, դրանից բացի՝ մոտ մեկ տասնյակ ընկերություններ Հայաստան են ներկրում չեխական, գերմանական, ավստրիական եւ ռուսական գարեջրեր ու այսպես շարունակ: Այսինքն՝ ինչ-ինչ, բայց այդ շուկան մրցակցության խնդիր չունի:
Իրականությունից կտրված ՏՄՊՊՀ-ն դիտարկումներ է իրականացրել հանքային ջրերի կամ գազավորված ըմպելիքների շուկայում: Անհասկանալի տրամաբանությամբ այդ շուկայում եւս հնձնաժողովը գերիշխող դիրք ունեցողների է փնտրել ու այդպես էլ չի գտել: Բանն այն է, որ Հայաստանում մի քանի ոլորտներ կան, որտեղ դեռեւս իսկապես մրցակցություն կա: Ու այդ ոլորտների վրա ժամանակ եւ ֆինանսներ ծախսելու անհրաժեշտություն ամենեւին էլ չկա: Փոխարենը ՏՄՊՀ-ն պետք է համարձակություն ունենա մտնելու, օրինակ, այնպիսի շուկաներ, ինչպիսիք են առաջին անհրաժեշտության սննդամթերքները, վառելիքի ու բջջային հեռախոսների ներկրման եւ մնացած մենաշնորհային շուկաները: Բայց այստեղ էլ Շաբոյանի համարձակությունը չի բավարարում: Ու արդյունքում ստացվում է, որ այս հանձնաժողովն ուսումնասիրում է բացառապես այն շուկաները, որտեղ մրցակցություն կա, եւ արձանագրում է, թե ինչ օրինապահ երկրում ենք ապրում:
ՏՄՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի շաքարավազի շուկայում մենաշնորհ գոյություն ունի, բայց քանի որ շաքարավազը տեղում է արտադրվում, ուստի, եթե որեւէ մեկը ցանկանում է այդ շուկա մտնել, պետք է ինքն էլ շաքարավազի արտադրություն հիմնի: Նման դեպքերի համար են ասել՝ «խելքիդ ձյուն գա»: Փաստորեն կարող ենք ասել, որ Արտակ Շաբոյանը գաղափար անգամ չունի, թե շաքարավազի շուկայում ինչ է կատարվում: Նա տեղյակ չէ, որ վերջին երկու տարիներին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին պատկանող, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող շաքարի գործարանը (իրավաբանական անունը «Լուսաստղ շուգար») գրեթե չի գործել: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013-ին Հայաստան է ներկրվել շուրջ 80 հազար, իսկ 2014-ին ավելի քան 100 հազար տոննա շաքարավազ: Այդ ներկրումների 99 տոկոսն իրականացրել է նույն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը: Ու Շաբոյանն այնքան է վախենում այս շուկային մոտենալ, որ խորհրդարան գնալուց առաջ անգամ չի համարձակվել ճշտել, թե շաքարավազն, ի վերջո, ներկրվո՞ւմ է, թե՞ հումքն է բերվում եւ Հայաստանում վերամշակվում:
Կամ պատկերացնո՞ւմ եք, թե Շաբոյանի հետ ինչ տեղի կունենար, եթե նա փորձեր պարզել, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները արտերկրից հետները մեկից ավել բջջային հեռախոս չեն կարող բերել, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ բջջային կապի երեք օպերատորներից բացի՝ Հայաստան բջջային հեռախոսներ ներկրում են միայն նախկին նախագահներից մեկի որդիների ընկերությունները: Մենաշնորհների թվարկումը կարելի շարունակել, որովհետեւ դրանց մասին Շաբոյանը բոլորից լավ գիտի, դրա համար էլ նրա ղեկավարած հանձնաժողովը «ուսումնասիրում» է միայն այն շուկաները, որտեղ դեռեւս մենաշնորհ չկա:
Տեղեկացնենք, որ ՏՄՊՀ-ն գործում է արդեն մոտ 15 տարի, բայց կասկած չկա, որ եթե հենց վաղն այս մարմինը դադարի գործել, ապա Հայաստանի տնտեսությունում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա: Բոլորին հայտնի է, որ նախագահականում են սահմանում Հայաստանի տնտեսական դաշտում խաղի կանոնները, ինչպես նաեւ այնտեղից են բաշխվում տնտեսության առավել «յուղալի կտորների» քվոտաները: ՏՄՊՀ-ի չլինելու միակ հետեւանքը կլինի այն, որ ՀՀ պետբյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ կտնտեսվի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԵԼՈՆ
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, շատ վրդովված էր ու բոլոր լրագրողներին կոպտում էր, երբ նրանից փորձում էին պարզել, թե, ի վերջո, ինչո՞ւ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին, հետո փոշմանեց: Նա պատգամավորին ոչ հարիր փողոցային բառապաշարով փորձում էր ինքնապաշտպանվել, բայց չէր ստացվում:
-Պարո՛ն Մանուկյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ այսուհետ ընդդիմադիր է լինելու խորհրդարանում, Դուք ե՞ւս ընդդիմություն եք ներկայանելու ԱԺ-ում:
-Ես ԲՀԿ անդամ եմ ու ֆրակցիայից դուրս չեմ եկել, ֆրակցիան ոնց կորոշի, իմ դիրքորոշումը այդպես կլինի:
-Այդ դեպքում ինչո՞ւ էիք որոշել հրաժարվել Ձեր պատգամավորական մանդատից:
-Բայց էտի իմ անձնական, իմ որոշման հարցն է, քեզ ի՞նչ: Ասում եմ՝ դա իմ անձնական որոշելիքն էր ու ես որոշել եմ ըտենց: Հիմար տեղեկություններ եք տարածում: Հո դու քննիչ չե՞ս, դա ինչ արել եմ, իմ անձնական մտածելակերպն ա, ու ես իրավունք ունեմ պաշտպանելու իմ մտածելակերպը:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը գործարար- ընդդիմադիր կարգավիճակում:
-Ես գործարար չեմ, ես պատգամավոր եմ, ես որեւէ խնդիր չունեմ կամ երբ եմ ունեցել, որ հիմա ունենամ: Ես չեմ կարծում, որ գործարարները որեւէ անգամ խնդիր են ունեցել: Ես վերջացրեցի:
ՍՏԵՂԾԵՑԻՆ
Երեկ ԱԺ-ն բուռն եւ թեժ քննարկումներից հետո ընդունեց օրենքի այն նախագիծը, որով նախատեսվում է ԱԺ-ում փորձագետների աշխատանքային խումբ ստեղծել՝ բյուջետային գրասենյակ: ԱԺ ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունները դեմ քվեարկեցին: Իսկ ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունները կողմ էին նախագծին: Արդյունքում նախագիծն ընդունվեց 88 կողմ, 20 դեմ եւ 4 ձեռնպահ քվեարկությամբ:
ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ՝ ԱՆՈՐՈՇ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից վերադարձել է, սակայն այդպես էլ հստակ չի պարզաբանել, թե իրենց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին ով է լիազորել գնալ նախագահական եւ կուսակցության անունից հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: «Մարտիրոսյանը եւ Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, ես ինքս չէի գնա, բայց նաեւ տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ կայացել է», – իրեն հատուկ անհասկանալի ձեւակերպումներով ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, թե հարցին կանդրադառնա կուսակցության՝ ապրիլի 5-ին կայանալիք ժողովի ընթացքում: Մինչ այդ կարեւոր գործերով Ֆրանսիա կմեկնի:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը բարձրացվել է նաեւ ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժայի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին երեկ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` չնշելով, սակայն, թե Բորդյուժայի կողմից ինչ պատասխան է ստացվել:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ
Հայաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտներում, նշված է Եվրամիության` երեկ հրապարակած զեկույցում:
Հայաստանում Եվրամիության հարեւանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ փաստաթղթում առկա են բազմաթիվ քննադատական հայտարարություններ: Մասնավորապես ամրագրված է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակության եւ ընդդիմադիր կուսակցությունների շրջանում լայն փոխհամաձայնություն չկա:
«Շոշափելի զարգացումներ չեն գրանցվել նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրության իրականացման եւ կիրառման հարցում: Որոշ բարեփոխումներ մնացել են մշակման փուլում»,- ասված է զեկույցում:
ԵՐԱԽՏԱԳԻՏԱԲԱՐ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսուհետ իր գործունեությունը շարունակելու է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: «Առաջիկայում տեղի կունենա Եվրոպական Ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հրաժարվելու եմ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնի համար առաջարկելու եմ իմ գործընկեր Վահան Բաբայանի թեկնածությունը»,- համացանցում գրել է Էնֆիաջյանը:
ՉԻ ՎՃԱՐԵԼ
Լրագրողների հետ ճեպազրույցում երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել է Ավան 3 թաղամասում իր նոր բնակարանին եւ հերքել, թե սոցիալական ծրագրից օգտվելով է այն ձեռք բերել: «Ես իրավունք եմ ունեցել որպես գիտաշխատող: Օրենքի սահմաններում ես սոցիալական ծրագրից չեմ օգտվել, թեեւ կարող էի օգտվել, քանի որ ես գիտնական եմ, տնտեսագիտության թեկնածու եմ 2000 թվից», – նշել է Ա. Շաբոյանը: Ի դեպ, նրա բնակարանը գտնվում է երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների եւ մարզիկների համար կառուցված բազմաբնակարան շենքային համալիրում եւ նշվում է, որ Շաբոյանը չի վճարել սեփականատերերի համատիրության մի քանի ամսվա փայավճարները` 18.500 դրամ: