ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից

Երեկ ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով քաղաքական մեծ գործչի հիշատակին: Ներկաներից շատերը կիսվել են լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, ազգային նվիրյալ գործչի եւ կուսակցական սիրելի առաջնորդի մասին ունեցած հիշողություններով, ընդգծել են, որ անգնահատելի էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի վաստակը ՀՀ կայացման, շենացման ու ազգային ավանդույթների պահպանման գործում:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ունեմ 6 ամսական երեխա: Այժմ նրան կրկին բուժզննում է անհրաժեշտ, սակայն բնակվում եմ վարձով եւ հաշվառված չեմ տվյալ բնակավայրում: Կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք տվյալ տարածքի պոլիկլինիկան կարող է երեխայիս անվճար բուժզննում տրամադրել եւ եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթերի առկայության դեպքում:

Աննա Ադամյան (28 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր բնակիչ, անկախ ՀՀ-ում իր պաշտոնական հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում, իսկ Երեւան քաղաքի դեպքում՝ քաղաքի վարչական սահմաններում գործող ցանկացած առողջության պահպանման (այսուհետ՝ ԱԱՊ) հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ: Ուստի երեխայի զննումը կազմակերպելու համար անհրաժեշտ է գրանցվել Ձեր փաստացի բնակության վայրի ԱԱՊ կազմակերպությունում: ԱԱՊ բժշկի մոտ երեխային գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ծնունդը փաստող բժշկական հետեւյալ փաստաթղթերը՝ ծննդի մասին բժշկական վկայականը, նորածնի փոխանակման քարտը, այլ բժշկական կազմակերպությունից ստացված էպիկրիզը կամ երեխայի բժշկական հսկողության քարտը, ինչպես նաեւ՝ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը՝ դիմումի ներկայացմամբ: Եթե երեխան նախկինում գրանցված էր այլ ԱԱՊ բժշկական հաստատությունում, ապա նոր ԱԱՊ բժշկի ընտրությունը եւ այդ ընտրության փոփոխությունը վավերացնող գրանցման ընթացակարգը կիրականացվի ԱԱՊ բժշկական կազմակերպություն դիմելու դեպքում: ԱԱՊ հաստատությունը փոխելու եւ նոր ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու դեպքում բնակիչը նոր ԱԱՊ հաստատությունում գործող ԱԱՊ բժշկի մոտ է տեղափոխում նաեւ երեխայի նախկին ԱԱՊ հաստատությունում առկա իր բժշկական հսկողության քարտը:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ նման թղթաբանական քաշքշուկից հետո մեզ դիմած ծնողն, ի վերջո, կկարողանա հասնել իր փոքրիկի համար անվճար բժշկական զննման, եւ տեղում նոր, օրենքով չսահմանված խոչընդոտներ առաջ չեն քաշվի, այնպիսի խոչընդոտներ, որոնք լուծվում են բացառապես «գումարային» եղանակով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Երեխաս հաճախում է մանկապարտեզ: Սակայն վերջերս տարբեր հիվանդությունների հետ կապված՝ նրա բացակաների թիվը շատացել է, իսկ մանկապարտեզներում շատ բացականեր ունենալու դեպքում հեռացնում են երեխային, չհաշված այն, որ ամիսներով մանկապարտեզները հերթագրում են երեխաներին: Մենք հիմա կանգնած ենք նման բարդ իրավիճակի առաջ: Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել համապատասխան պոլիկլինիկաներից կամ, ընդհանրապես, որ այսպիսի դեպքերում բացակաները հարգելի համարվեն: Եթե երեխան հիվանդ է, այդ դեպքում նրանք իրավունք ունե՞ն բացակաների պատճառով հեռացնելու: Ինչպես նաեւ՝ առավելագույնը որքա՞ն բացակա ունենալու դեպքում կհեռացվի երեխան:

Նարինե Պետրոսյան (29 տարեկան, պարարվեստի

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն հաստատության եւ ծնողի միջեւ կնքվող պայմանագրի 2.9 կետի՝ պահպանվում է երեխայի տեղը նրա հիվանդության (տեղամասային մանկաբույժի կողմից տրված երեխայի ամբուլատոր քարտից քաղվածքի առկայության դեպքում), բուժման, արգելափուլի (կարանտինի), ծնողի հիվանդության, գործուղման արձակուրդի, ինչպես նաեւ ամռան շրջանում՝ ոչ ավել, քան 75 օր՝ անկախ ծնողի արձակուրդի տեւողությունից:
Միաժամանակ տեղեկացվում է, որ մանկապարտեզը՝ որպես ուսումնական հաստատություն, ունի ուսումնական պլան, ըստ որի՝ երեխան ստանում է կրթություն, ուստի երեխայի անհարգելի բացակայությունը ցանկալի չէ:

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմնական թերությունները, որոնց ծնողներն այսօր բախվում են գրեթե բոլոր մանկապարտեզներում, վերաբերում են մանկապարտեզ ընդունվելու հսկայական հերթացուցակներին եւ դրամահավաքությանը: Չնայած այն բանին, որ այսօր համայնքային մանկապարտեզները բոլորովին անվճար են, ծնողները բողոքում են, որ դրանց մեծ մասում փող են հավաքում հազար ու մի բանի համար: Հիմա էլ պարզվում է, որ այս ամենից բացի՝ մանկապարտեզներում բացակաները պատճառ են հանդիսանում՝ երեխաներին հեռացնելու համար, ինչի արդյունքում ծնողները հայտնվում են ծանր իրավիճակում:




Լրահոս